STREET PHOTOGRAPHY-Ն`ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

STREET PHOTOGRAPHY-Ն`ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

791

«Երբ փակվեցինք տանը, կրկին ցանկանում էի լսել, թե ինչպես է չխկում ֆոտոխցիկը»

Հայաստանում` նոր կորոնավիրուսով պայմանավորված, շատերս ստիպված ենք  մնալ տանը, կտրվել աշխատանքից, կամ կրել տնից աշխատելու բարդությունները։

23-ամյա Նարեկ Մանուկյանը մասնագիտությամբ ծրագրավորող է, աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում։ Մանկուց լուսանկարչությունն ընտրել է որպես նախասիրություն։ Լինելով հայտնի որպես «իրական Երևանի լուսանկարիչ»՝ մեկուսացման պայմաններում նա լուսանկարչությամբ է զբաղվում տնից։ «Տան պայմաններում սկսեցի նկարել, երբ մեկուսացման որոշումը հաստատվեց։ Երբ դուրս գալը չէր խրախուսվում, ֆոտոխցիկի ձայնը որոշեցի լսել տան պայմաններում ու բավարարվել դրանով։ Երբ այս ամենը ավարտվի, կլրացնեմ կուտակված բացը։ Հիմա խաղաղ եմ, որովհետև նա, ով ջրհեղեղ է տեսել, չի անհանգստանա անձրևից»,- ասում է Նարեկը։

Հարցին, թե ինչպես է տնից Street photography-ով զբաղվում, պատասխանում է՝ յուրաքանյուր բացասական երևույթ ունի իր դրական կողմը, եթե դրսում մնում է միայն սեղմել ֆոտոխցիկի մեկ կոճակ, ապա չորս պատ ունենալու պարագայում հնարավորությունները կրկնակի սահմանափակվում են։ «Կարծում եմ՝ սա իսկական փորձություն է յուրաքանչյուր լուսանկարչի համար, երբ սկսում ես յուրաքանչյուր երևույթի այլ տեսանկյունից նայել, երբ անգամ լույսը հարմար ֆիքսելու խնդիր ունես ու  չկան շքեղ մարդիկ, շքեղ պայմաններով»։

Այնուամենայնիվ անկեղծանում է՝ իր աշխատանքից գոհ է։ Առհասարակ, իր կյանքում լուսանկարչությունն այն քիչ երևույթներից է, որից հաճույք է ստանում։ Զգում է՝ ներկայիս պայմաններում իր լսարանի պահանջները ևս փոխվել են։ Եթե նախկինում լուսանկարներով հնարավոր էր փոխանցել կրքոտություն, ապա այսօր լուսանկարներում տանը լինելու ջերմությունն է։

Լուսանկարչի օրը սկսվում է «Game of Thrones»-ի Light of the seven երգով։ Միակ «զարթուցիչը», որ զարմանալիորեն չի նյարդայնացնում ։

«Կախված հանգամանքից՝ ինչպես ես լուսանկարում, ամենասովորական իրն անգամ կարող է առօրյայում հետաքրքրություն ունենալ»,- ասում է Նարեկը։

Մեկուսացման պայմաններում մնալով ինքն իր հետ՝ նկատել է, որ մանուկ հասակում երևակայությունն այնքան շատ էր, որ իրական կյանքում գոյություն չունեցող երևույթներին էր ձգտում։ «12 տարեկան էի, երբ ինձ հետաքրքրում էր՝ ինչպես իրականություն դարձնել երևակայությունս։ Իմ ուղին մեկն էր․ անել հնարավորը՝ հայտնվելու Ռոլս Ռոյսի կողքին»,- ասում է նա։ Այժմ ամենասովորական առարկային կարողանում է հաղորդել յուրահատուկ պատմություն՝ ներկայացնելով որևէ մանրուք։

 Մեկուսացման մեջ ձանձրանալու պատճառ չունի, չնայած տան պայմաններում «հերոսներն» անհամեմատ քիչ են։

«Առօրյաս փոխվել է, որովհետև կյանքումս հայտնվել է նոր սերիալ, հետաքրքիր կերպարներով։ Կարոտում եմ մանկությունս ու բանակի հիշողություններս։ Մեկուսացման հաղթահարումը դժվար չէ, քանի որ ժամանակս անցկացնում եմ ինքս ինձ հետ»,- ասում է Նարեկը։

Կարծում է, որ ճանաչման և ինքնաճանաչման այս փուլերով շատերն են անցնում։ Կարևորը՝ չձանձրանալ սեփական ես-ի հետ միայնակ մնալով և շարունակել զբաղվել որևէ աշխատանքով։


Շուշանիկ Փափազյան
3-րդ կուրս

Կիսվել