ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԾՐԱԳՐԵՐ ՉԵՂԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԾՐԱԳՐԵՐ ՉԵՂԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

1372

Ուսանողների համար լավագույն հնարավորություններից մեկը արտագնա ուսանողական ծրագրերն են, որոնք թույլ են տալիս հարստացնել ֆորմալ և ոչ ֆորմալ գիտելիքները, զարգացնել հմտությունները, ձեռք բերել նոր ընկերներ և ամենակարևորը՝ ճամփորդել:

Բազմաթիվ ուսանողներ ամիսներ առաջ դիմել են տարատեսակ արտագնա ծրագրերի, սեմինարների, դասընթացների, որոնք կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով չեղարկվել են կամ երկարաձգվել:

 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Խաչիկ Աբաջյանը դեռ փետրվարին դիմել էր «Էրազմուս պլյուս» Եվրամիության կրթական երկու ծրագրի և անցել մասնակցության բոլոր փուլերը:

«Առաջինը պետք է լիներ ապրիլի սկզբին  Լեհաստանում՝ մեկշաբաթյա դասընթաց,   մյուսը՝ մայիսի կամ հունիսի սկիզբ Իտալիայում՝ կրկին մեկշաբաթյա դասընթաց»,- պատմում է Խաչիկ Աբաջյանը:

Երկու ծրագրերի կազմակերպիչներն էլ մասնակիցներին տեղեկացրել են հետաձգման մասին:

«Երկու ծրագրերի հետաձգման մասին կազմակերպիչներից նամակ ենք ստացել, բայց չգիտենք՝ երբ կլինեն դասընթացները, քանի որ հետաձգվել են անորոշ ժամանակով»,- նշում է Խաչիկ Աբաջյանը:

«Էրազմուս պլյուս»-ի երկարաժամկետ ուսումնական ծրագրերը նույնպես հետաձգվել են անորոշ ժամանակով։ ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողուհի Ծովինար Սուքիասյանը նշում է, որ հենց ուսումնական կիսամյակի սկզբում պետք է մեկներ Գերմանիա, իսկ ծրագրին դիմել էր հոկտեմբեր ամսին:

«Էրազմուս+»-ով պետք է մեկ կիսամյակ Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանում սովորեի, և քանի որ իրենց ուսումնական տարին ապրիլից էր, ես սկսել էի մեկ ամիս առաջ նախապատրաստական աշխատանքներ։ Վիրուսի պատճառով իրենք հետաձգել են ուստարվա սկիզբը մինչև մայիս, իսկ օտարերկրյա ուսանողներին այս կիսամյակ չեն ընդունելու»,- հայտնում է Ծովինար Սուքիասյանը։

Ծրագրի մասնակից ուսանողներին հայտնել են՝ երբ իրավիճակը կարգավորվի, կարող են նույն կարգով դիմել, բայց ամեն բան կախված է իրավիճակից:

«Էրազմուսի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան չգիտի, թե քանի ուսանող է զրկվել իրենց ֆինանսավորմամբ կրթական ծրագրերին մասնակցությունից:

«Մենք տվյալներ չունենք՝ քանի ուսանող չի կարողացել մասնակցել ծրագրին, քանի որ ամեն տվյալ պետք է տվյալ համալսարանը ունենա, մենք ուսանողների հետ անմիջական կապ չունենք»,- նշում է նա:

Չնայած դրան՝ Լանա Կառլովան հավաստիացնում է, որ ճնշող մեծամասնությունը հեռավար կարողանում է մասնակցել ծրագրերին:

«Կան ուսանողներ, որոնք մնացել են այդ եվրոպական համալսարաններում և հեռավար մեթոդով սովորում են։ Կան նաև ուսանողներ, որոնք եկել են Հայաստան և այստեղից են մասնակցում դասընթացներին։ Կարելի է ասել՝ եվրոպական համալսարանների 95 տոկոսը շարունակում է դասերը հեռավար մեթոդով»,- հայտնեց Լանա Կառլովան:

Արտագնա որոշ ծրագրեր էլ հետաձգվել են, բայց ոչ անորոշ ժամանակով: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Նորայր Շողիկյանը հայտնում է, որ Սոչիում անցկացվելիք ծրագիրը, որին նա պետք է մասնակցեր, հետաձգվել է մինչև աշուն:

«Մարտի 31-ին պետք է ՌԴ-ի Սոչի քաղաքում տեղի ունենար երիտասարդ լրագրողների դասընթաց, մասնակիցները նախօրոք փետրվար ամսին դիմել էին ծրագրին մասնակցելու համար: Կազմակերպիչները արդեն կապ էին հաստատել մասնակիցների հետ, խնդրել էին համապատասխան փաստաթղթեր, բայց թռիչքից մի քանի օր առաջ տեղեկացրին՝ կորոնավիրուս հիվանդության տարածմամբ պայմանավորված՝ դասընթացը հետաձգվում է մինչև աշուն»,- ասում է Նորայր Շողիկյանը:

Կան ուսումնական ծրագրեր, որոնք առհասարակ չեղարկվել են: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Նորայր Գաբրիելյանը Պետերբուրգում պետք է մասնակցեր ճանաչողական դասընթացի, որը չեղարկվել է:

«Դիմել էի դեռ հունվարին, ծրագիրը ուներ ճանաչողական և պատմական բնույթ։ Ինչպես գիտենք, Պետերբուրգում է գտնվում աշխարհի եզակի թանգարաններից մեկը, բայց, ցավոք սրտի, ստեղծված իրավիճակի պատճառով ծրագիրը չեղարկվել է»,- հայտնում է Նորայր Գաբրիելյանը:

Թերեզա Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել