ՀԱՄԱՎԱՐԱԿՆ ԵԿԱՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՈՒ ՓՈԽԵՑ ԲՈԼՈՐ ՊԼԱՆՆԵՐԸ

ՀԱՄԱՎԱՐԱԿՆ ԵԿԱՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՈՒ ՓՈԽԵՑ ԲՈԼՈՐ ՊԼԱՆՆԵՐԸ

1671

Կորոնավիրուսը Հայաստանում հայտնվեց հանկարծակի, այն ժամանակ, երբ շատերն իրենց սովորական կյանքն էին ապրում, պլաններ կազմում, հանդիսություններ նախատեսում։ Թվում էր, թե Չինաստանը, Իտալիան, որտեղ ամեն օր հիվանդության և մահացության աճող թվեր էին արձանագրում, հեռու են, և վարակը չի հասնի մեզ ու չի խաթարի մեր բնականոն կյանքը։ Բայց այն եկավ ու գլխիվայր շրջեց ամեն ինչ։ Այս նյութի «հերոսները» ուսանողներ են, որոնց կրթության հետ կապված պլանները չեղարկվեցին վարակի պատճառովերիտասարդ զույգ, որի նշանադրությունը հետաձգվեց անորոշ ժամանակով, իրարից բաժանված ընտանիքի անդամներ, որոնց միավորումը հայտնի չէ, թե երբ տեղի կունենա։ Նրանք պատմում են, թե ինչ տեղի ունեցավ, երբ սահմանները երկրների միջեւ անսպասելի փակվեցին։

-Ես Անահիտ Անտոնյանն եմ, ապրում եմ Էջմիածին քաղաքում: Նշանադրությանս արարողությունը պետք է լիներ մարտի 16-ին։ Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր և մնում էր միայն սպասել օրվան, մարտի 12-ից բարեկամներս անհանգստացած զանգում էին և ասում, որ չեն կարող ներկա լինել։ Ես գիտակցում էի պահի լրջությունը, և առավոտյան ընտանիքիս հետ որոշեցինք հետաձգել նշանադրությունս անժամկետ: Այդ պահին, իրոք, զգացի, թե ինչի առաջ ենք կանգնել, սկզբում չէի հավատում, կամ չէի ուզում հավատալ, հաջորդ օրը վիճակն արդեն լրջանում էր, ամբողջ գիշեր մտածեցի, լաց եղա ու որոշեցի, որ ավելի լավ է լինի ուշ, բայց անվախ ու անկաշկանդ։ Ես ինքս եմ առաջինն ասել, որ պետք է հետաձգենք, իսկ առավոտյան իմացանք, որ կառավարությունն ամսի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանել: Խոսեցինք ռեստորանի տիրոջ հետ, մեզ հավաստիացնում էր, թե ամեն ինչ լավ է և պետք չէ հավատալ այս ամենին, սակայն մենք մնացինք մեր որոշմանը: Նշանադրությանս հետաձգումից հետո դեռ ռեստորաններն աշխատում էին, մի քանի անգամ, հիշում եմ, խիստ զգուշացրեցին, բայց, մեկ է, դեռ աշխատում էին, իմ շրջապատում կային մարդիկ, որ իրենց առիթները նույնպես հետաձգեցին: Այդ օրվան շատ էինք սպասում թե՛ ես, թե՛ ծնողներս և թե՛ բոլորը, բայց մի գրամ անգամ չեմ զղջում որոշմանս համար, քանի որ դա արել եմ բոլորիս առողջության համար, քանի որ հարազատներիս մեջ կային առողջական խնդիրներով մեծահասակ մարդիկ, և հերիք էր՝ մեկը մեր առիթին լիներ վարակակիր: Ես ինչպե՞ս կարող էի վտանգել նրանց կյանքը: Իսկ ես և ընկերս շատ ենք սիրում իրար, և եթե պետք լինի մի քանի տարի ևս կսպասենք, իհա՛րկե, հույս ունեմ, որ սա երկար չի տևի, բայց բոլորս պետք է զգոն լինենք, հետևենք այն կանոններին և օգնենք մեր կառավարությանը, որ այս ամենը շուտով ավարտվի:

-Ես Արփինեն եմ: Արդեն երեք տարի է՝ սովորում և աշխատում եմ Գերմանիայում, որն այս օրերին կորոնավիրուսային հիվանդության թեժ գոտի է համարվում՝ աշխարհում 4-րդը կորոնավիրուսով վարակվածների թվով: 

Մեր մարզը՝ Բադեն-Վյուրթեմբերգը, կորոնավիրուսով վարակվածության բարձր ցուցանիշ ունի: COVID-19-ը խափանեց 2020-ի հետ կապված իմ ծրագրերը: Մեմինգեն-Գյումրի ավիատոմսս գնել էի նոյեմբերին և անհամբերությամբ սպասում էի մարտի 26-ին, Գյումրիում մնալու էի մինչև ապրիլի երկուսը: Գալուս հաջորդ օրը ընկերուհուս հարսանիքն էր լինելու: Հենց այդ օրն էին ընտրել, որ ես էլ կարողանայի մասնակցել, բայց և՛ ես չկարողացա գալ, և՛ հարսանիքը չկայացավ: Ավիաընկերությանը հաղորդագրություն եմ գրել գումարս վերադարձնելու համար, բայց դեռ պատասխան չեմ ստացել:

Անհաջողությունը անհաջողության հետևից. սովորականի նման գնացի աշխատանքի, բայց դռնից էլ ներս չթողեցին, ուղարկեցին տուն: Աշխատավայրումս մեկը վարակվել էր կորոնավիրուսով, քանի որ նրա հետ աշխատանքի բերումով շփվել էի, 14 օր մեկուսացված էի: Աշխատելու հետ մեկտեղ նաև սովորում եմ: Ապրիլի 3-ին ավարտական գործնական քննություն ունեի, բայց չկարողացա մասնակցել: Կուրսընկերներիս համաձայնությամբ քննությունը անցկացվեց օնլայն, քանի որ շատերը եվրոպական այլ երկրներից էին և ուզում էին ժամանակավոր վերադառնալ իրենց երկրներ: Իսկ ես պետք է վեց ամիս սպասեմ, որպեսզի կարողանամ հանձնել:

Կարծում եմ՝ շատ քիչ են այն բախտավոր մարդիկ, որոնց կորոնավիրուսը վնասներ չի պատճառել: Հուսով եմ՝ ամեն բան շուտ կավարտվի և բոլորս կապրենք մեր բնականոն կյանքով»:

-Ես Վանուհի Խաչյանն եմ։ Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Մոսկվայում եմ ու տուն վերադառնալ չեմ կարող։ Կարծում եմ՝ մինչև մայիսի 1-ը ամուսնուս, երեխաներիս չեմ կարողանա տեսնել։

Իմ բոլոր հարազատներն ապրում են Մոսկվայում, ու տարին գոնե երկու անգամ կամ մենք ենք գնում, կամ իրենք են գալիս։ Մարտի 14-ին եղբորս 50-ամյակն էր ու ամուսնուս հետ որոշեցինք առանց որևէ մեկին ասելու գնալ ու անակնկալ մատուցել։ Իհարկե, գիտեինք տարածվող վարակի մասին, բայց, ինչպես բոլորը, մենք էլ շատ լրջությամբ չէինք վերաբերվում։ Բոլոր պաշտպանական միջոցները կիրառելով՝ հասել ենք Մոսկվա, բայց ուշացմամբ, ինքնաթիռը մի քանի ժամ ուշ թռիչքն իրականացրեց՝ եղանակով պայմանավորված։ Ամեն բան հրաշալի անցավ։ Ամուսինս մարտի 18-ին վերադարձավ, իսկ ես որոշեցի մի քիչ էլ մնալ։ Հետո արդեն իրավիճակը գնալով սրվեց։ Մոսկվայում տեղեկատվության առումով մարդկանց ինֆորմացիա հստակ չի հրապարակվում, իսկ Հայաստանից ամեն օր լուրեր էին հրապարակվում վարակվածների թվի մասին, սահմանների փակվելու և այլն։ Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, ուստի վերադառնալ չկարողացա։ Ամեն օր երեխաներիս հետ կապի մեջ եմ։ Երկու տղա ունեմ ու այս ընթացքում ամբողջ տան հոգսը հայրիկի ուսերին է։ Անհանգստությունս ու լարված իրավիճակն ամեն օր սրվում է։ Գիտեք՝ հարցը միայն տան հոգսը չէ՝ հաց պատրաստել, լվացք, արդուկ, տուն մաքրել, այլև նրանց առողջությունն ու անվտանգությունը։ Տղաներս տարիքով մեծ են ու փորձում են հայրիկի օգնությամբ կազմակերպել իրենց օրը։ Հայաստանում ապրող բարեկամներս նույնպես տան գործերում հաճախ օգնում են, բայց դա երկար տևել չի կարող, շատերն արդեն վախենում են տնից դուրս գալ։

Ամեն ժամ, րոպե ուղեղումս միայն նրանք են՝ ի՞նչ են անում, ինչպե՞ս են հարմարվում, ի՞նչ են կերել ու նման հարցեր։ Իհարկե, պիտի խոստովանեմ նաև, որ կարոտն ասում է իրենը՝ հանգիստ նստել, քնել, ուտել չի ստացվում։ Նստում ես ու երկար մտածում՝ այս կանեմ, այն կանեմ, հետո սթափվում ես ու հասկանում, որ ոչինչ էլ չես կարող անել՝ ձեռքերդ կապված են պարզապես։

Տոմսեր չկան։ Առաջին թռիչքը Մոսկվա-Երևան մայիսի 1-ին է։ Բայց դիմել եմ նաև դեսպանատուն, դիմում եմ գրել ու, եթե դիմումներ հավաքվեն, հնարավոր է, որ չվերթ բացվի։ Դեռ սպասում եմ, չգիտեմ։ Կարոտ, անհանգստություն ու վախ կա, որ իմ վերադարձը կարող է երկարաձգվել անորոշ ժամանակով։ Իրավիճակը ստիպում է երկար մտածել ու էլ ավելի արժևորել անցած օրերը, ապրած պահերը ու սիրելիներին, որոնց տեսնելը մեծ խնդիր է դարձել։ Այստեղ ամեն օր մի բանով զբաղվում ենք ցրվելու համար․ լուսանկարների հին ալբոմներն ենք թերթում, մայրիկը, հայրիկը պատմում են անցած օրերից, իրենց հիշողություններից։ Ու գիտեք, հետաքրքիր մի բան կա՝ չնայած նրանք վտանգավոր տարիքում են, բայց լավատես են, դրական հույզերով լցված, ինչը չեմ կարող ասել ավելի երիտասարդների մասին։ Բայց ես  վստահ եմ, որ շուտով նորից կլինեմ իմ տանը, ընտանիքիս կողքին, կգրկեմ նրանց, ու փողոցները նորից կլինեն մարդաշատ։ Վստահ եմ, որ Հայաստանը նորից կսկսի շնչել։

-Ես Քնարն եմ, 23 տարեկան: Արդեն 15 տարի Ռուսաստանում եմ բնակվում` Սուրգուտում: Ընտանիքով որոշել էինք Հայաստան մշտական բնակության վերադառնալ ապրիլի սկզբին, սակայն գործեր առաջացան: Ինքս վարսահարդար եմ, տնօրենս խնդրեց, որ 2 շաբաթ սպասեմ, որպեսզի իմ փոխարեն ուրիշին աշխատանքի ընդունի, համաձայնեցի: Այսպիսով, օնլայն ամրագրեցի 3 տոմս ապրիլի 23-ի համար` Սուրգուտ-Մոսկվա-Հայաստան:

Այն ժամանակ, երբ Հայաստանում կարանտին հայտարարվեց, մենք դեռ աշխատանքի էինք գնում այստեղ, վիճակը դեռ չէր սրվել:

Մարտի 28-ից Ռուսաստանում հայտարարվեց կարանտին: Չգիտեի, թե ի՞նչ է լինելու մեր տոմսերի հետ:

Միանգամից կապ հաստատեցի ավիաընկերության հետ, ինձ ասացին, որ մինչև կարանտինի ավարտը թռիչք չեն իրականացնելու, և մենք ստիպված ենք թռիչքի օր ընտրել մայիս ամսվա համար: Եթե մենք որոշենք օրը փոխել, ապա կարող ենք ընդամենը մեկ անգամ, իսկ եթե մեր նշած օրը կարանտինը դեռ ավարտված չլինի, մեր տոմսերը պարզապես կորելու են:

Ես արդեն այստեղ իմ աշխատանքին հրաժեշտ եմ տվել, Հայաստանում պայմանավորվել եմ Կապան քաղաքի գեղեցկության սրահներից մեկում, որ ժամանելուս պես գնալու եմ աշխատանքի: Գեղեցկության սրահի տնօրենը իր հերթին զգուշացրեց, որ եթե մինչև մայիսի սկիզբ չգամ, ինքը ստիպված է ուրիշ վարսահարդարի աշխատանքի ընդունել:

Մենք այստեղ վարձով ենք բնակվում, տանտիրոջը տեղեկացրել էինք, որ ապրիլի վերջին ազատում ենք տունը:

Այս ամենը չգիտեմ ինչպես է վերջանալու․ կորոնավիրուս կոչվածը խախտեց բոլոր պլաններս: Վերջապես որոշել էի մշտապես վերադառնալ Հայաստան, փաստորեն մնացի այստեղ, այն էլ՝ առանց աշխատանքի։

-Ես Ռիմա Գրիգորյանն եմ։ Ուսանող-լրագրողների համար Թբիլիսիում OC media-ի ծրագրին դիմելու վերջին օրն էր, բոլոր փաստաթղթերը հավաքել էի վաղուց, մնում էր մոտիվացիոն նամակ գրելը. ամեն օր հետաձգում էի։ 

Մի ժամանակ կար, երբ կարդում էի «Ինչու՞ եք ուզում դիմել այս ծրագրին» տողը, միանգամից փակում էի, ընկերներիցս մեկը մի անգամ լավ բան ասաց՝ ուզում եմ դիմել, որովհետև ուզում եմ, վերջ։ Բայց սա կատակ, նստեցի, գրեցի պահանջվող նամակը ու պատկերացրեք՝ վատ չստացվեց։ Մարտի 1-ից մեկ ժամ առաջ ուղարկեցի, ու դրանից հետո երեք համակուրսեցիներով ամեն օր մեր էլեկտրոնային փոստ էինք ստուգում։

Մի խոսքով, մարտի 9-ն է՝ պատասխանները հայտնելու վերջին օրը։ Ես ու Անին գնում ենք պոնչիկանոց, որ էնտեղ սպասենք նամակին։ Մեկ պոնչիկ, երկու պոնչիկ, երեք, նամակը չի գալիս ու չի գալիս։ Մեկ էլ հանկարծ հեռախոսը ծնգաց, ուր որ է հասնում ենք Թբիլիսի, պարզվեց՝ անիմաստ, կապ չունեցող հիշեցում է։ Վեր կացանք, հավաքվեցինք ու գնացինք, ես՝ Էջմիածին, ինքն՝ Աշտարակ։

Ամսի 11-ն է, արդեն մեզ համոզել ենք, որ ավելի լավ, կմնանք միջանկյալները նորմալ կհանձնեք, մեկ էլ Անին զանգում է, թե Ռիմա, շուտ մեյլդ ստուգիր: Ստուգում եմ ու, այո՛, ինձ հրավիրում են Թբիլիսի, ավելի ճիշտ՝ ինձ, Անիին և մի ուրիշ Անիի էլ։

Մենք սկսում ենք բանակցությունները ֆակուլտետի հետ՝ միջանկյալները ուշ կամ շուտ հանձնելու համար։ Լավ թե վատ, ամեն բան կազմակերպում ենք, կազմակերպիչներին շնորհակալական նամակ ենք գրում, ու ամեն մեկս մեր գործին՝ մինչև ապրիլի 5-ը։

Բայց անմիջապես հաջորդ օրը նամակ ենք ստանում այն մասին, որ կորոնավիրուսի ռիսկերով պայմանավորված՝ ծրագիրը հետաձգվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Երևի շատ ուրախացանք: Էս անգամ էլ է Անին զանգում, թե մեյլդ ստուգիր, բայց ես արդեն ստուգել էի։ 

Օգոստո՞ս, սեպտեմբե՞ր, վատ չի, մտածեցինք, ոչ մի խանգարող հանգամանք չենք ունենա, համ էլ տաք կլինի, կամ էլ հենց հիմա փորձում ենք մեզ համոզել, որ էս տհաճ բանը մեզ հետ չի կատարվում:

-Ես Անի Ավետիսյանն եմ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող։ Արդեն մի քանի նախագծեր կային, որոնց պետք է մասնակցեի՝ սկսած ապրիլից։  Մեկը Թբիլիսիում էր։ Մյուսը բիզնես դասընթացներ էին երիտասարդ կանանց համար՝ երկարաժամկետ ծրագրով։ Երրորդը կանանց զարգացման ծրագիր էր ու նախատեսում էր մեկ աշխատանքային օր իմ ընտրած ոլորտի լավագույն մասնագետի հետ՝ հարց ու պատասխանի ու փորձի ձեռքբերման համար։

Մարտի սկզբին արդեն հասկացա, որ Հայաստանից դուրս որևէ ծրագրի մասնակցել դժվար թե ստացվի ու հույս ունեի, որ Հայաստանում իրավիճակը չի վատանա (երևի բոլորս նույն հույսն ունեինք)։ Բայց, ստացվեց այնպես, որ ամբողջությամբ անցանք օնլայն ռեժիմի։ Վրաստանի ծրագիրը հետաձգվեց նվազագույնը մինչև օգոստոս, մյուս ծրագիրը դարձավ առցանց, իսկ նշածս՝ զբաղվածության վերաբերյալ ծրագիրը հետաձգվեց անորոշ ժամանակով։

Հետաձգումը նորմալ եմ ընդունում, անհանգստացնող է միայն այն, որ դա կարող է չեղարկում դառնալ, եթե վիրուսը մոտ ապագայում չսկսի նահանջել:  Մեծ հիթասփափություն կլինի, եթե մի օր տեղեկացնեն, որ չեղարկվել են ծրագրերը:

-Ես Աշոտ Գաբրիելյանն եմ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող։ Հիմա գտնվում եմ Պորտուգալիայում, «Էրազմուս+» ակադեմիական փոխանակման ծրագրով սովորում եմ Մինհոյի համալսարանում: Այստեղ եմ հունվարից և պետք է դեռ մնամ մինչև հունիսի վերջ, որպեսզի կարողանամ ամբողջությամբ ավարտել ծրագիրն ու ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը՝ ուսումս ԵՊՀ-ում շարունակելու համար:

Անկեղծ ասած՝ կորոնավիրուսը Պորտուգալիա հասավ մի քիչ «ուշացումով», եթե հաշվի առնենք այն փաստը, որ Պորտուգալիան գրեթե արևելյան ամբողջ տարածքով սահմանակից է Իսպանիային: Քանի որ «Էրազմուս» ծրագիրը ոչ միայն սովորելու, նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն է, այլ նաև ճանապարհորդնելու առիթ, որոշել էի մարտ ամիսը նվիրել հենց ճանապարհորդություններին: Երևի արկածախնդրությունս ինձ ստիպեց, որպեսզի կատարեմ առաջին այցս դեպի եվրոպական մայրաքաղաքներ. մարտի 11-ին արդեն Փարիզում էի, այնուհետև՝ Բրյուսել, իսկ հետո՝ Ամստերդամ: Ամստերդամում ամեն ինչ փոխվեց, քանի որ հենց մարտի 16-ին Նիդեռլանդներում հայտարարվեց արտակարգ դրություն, և ես որոշեցի անհապաղ վերադառնալ Պորտուգալիա: Այստեղ առաջին վարակման դեպքը գրանցվեց հենց մեր համալսարանում, մարտի 14-ին, այդ պատճառով համալսարանը փակ է մինչ այսօր: Ամստերդամից վերադառնալուց հետո փաստացի ինքնամեկուսացա․ 14 օր հետո, առաջին անգամ, գնացի խանութ: Քանի որ Պորտուգալիայում էլ է արտակարգ դրություն, տնից դուրս գալ չի թույլատրվում:

Քանի որ այս դրությունը բավականին ճնշող է, հասկանալի է, որ ինձ մոտ որոշակի հիասթափություն էլ կա, որովհետև Հայաստան վերադառնալու հնարավորություն չկա, «Էրազմուսն» այսպես ավարտելու ցանկություն չկա, բայց ամեն դեպքում փորձում ենք լավատես լինել: Բազմաթիվ պլաններ ունեի՝ թեկուզ հենց համալսարանի հետ կապված, ինչպես նաև ճանապարհորդությունների, ամեն դեպքում, դեռ հուսահատ չեմ, անպայման հույս ունեմ տեսնել Բարսելոնան և Կատալոնիայում Դալիի թատրոն-թանգարանը: Իրականում պետք է խոստովանեմ, որ այս վիճակին ավելի լուրջ սկսեցի վերաբերվել, երբ տարիների փայփայած երազանքս անկատար մնաց՝ Ամստերդամում Վան Գոգի տուն-թանգարանը միայ արտաքուստ տեսա: Հիմա նպատակադրվել եմ՝  Դալիի թատրոնը ներսից պիտի տեսնեմ:

Ասել, որ ազատ ժամանակ շատ եմ ունենում, այդքան էլ ճիշտ չի լինի, քանի որ մեր համալսարանը հենց առաջին օրվանից անցավ օնլայն տիրույթ, և մենք շարունակում ենք բնականոն կերպով դաս անել: Քանի որ կրթական համակարգը բավականին տարբեր է ԵՊՀ-ից, այստեղ օրվա մեծ  մասն անց եմ կացնում research paper-ներ գրելով, որտեղ բացառապես արտահայտվում է հեղինակի կարծիքը, առանց ավելորդ ինֆորմացիայի: Օրվա մնացած հատվածը անց եմ կացնում օնայն դասընթացների մասնակցելով և աշխատելով:

Եթե կորոնավիրուսը վերանար, առաջին հերթին մի մեծ խնջույք կկազմակերպեի այստեղի ընկերներիս հետ, քանի որ «Էրազմուսի» անբաժան մասն են փարթիները, դե իսկ Պորտուգալիան էլ հայտնի է իր հզո՜ր խնջույքներով․ կարոտել եմ դրանք… Եվ, իհարկե, կշարունակեմ բացահայտել Պորտուգալիան, քանի որ դեռևս չեմ հասցրել տեսնել երկրի մեծ մասը: Ամեն դեպքում, կորոնավիրուսը շատ պլաններ խափանեց, բայց ամենից շատ ափսոսում եմ, որ չեմ կարողանում այցելել այստեղի (Բրագայի) միակ հայ ընտանիքին՝ ժենգյալով հաց ուտելու:

Անի Տոնոյան, Սուսաննա Քթոյան, Էլենիտա Սարգսյան, Սառա Ցականյան, Սոնա Սողոմոնյան, Անի Վաթինյան
3-րդ կուրս

Կիսվել