ԿԱՐԱՆՏԻՆԸ՝ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԱՆՏԻՆԸ՝ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

1604

«Կորոնավիրուս», «վարակված», «մեկուսացում», «կարանտին», «արտակարգ դրություն»… այս բառերը վերջերս միավորել են ամբողջ աշխարհի մարդկությանը: Շատերը դեռ չեն հարմարվել ստեղծված վիճակին կամ հոգնել են ու շարունակում են բողոքել, ոմանք էլ հասցնում են բոլոր գործերն ու ժամանակն օգտագործում արդյունավետ՝ զարգանալով ու ինքնակրթվելով:

Անահիտ Բրուտյանը երկար ժամանակ է՝ մտածում էր երկրորդ մասնագիտության մասին: Մեծ քրոջ խորհրդով որոշեց դառնալ գրաֆիկ դիզայներ. «Դեռ փոքր տարիքից համակարգչով նոր ծրագրեր սովորելն ինձ համար ամենահետաքրքիր զբաղմունքն էր»։ Անահիտի որոշումը կար մինչև այս դրությունը, սակայն շատ կարևոր գործեր չէր հասցնում՝ ժամանակը սխալ կառավարելու հետևանքով։ «Այս օրերը միայն նպաստեցին պրոցեսի ավելի արագ իրականացմանը։ Սա էլ դարձավ ինձ համար վիրուսի տարածման դրական կողմը»,-նշում է նա: Այժմ քրոջ և «Youtube»-ի օգնությամբ սովորում է ֆոտոշոփ և իլյուստրացիա. «Միայն դասընթացը քիչ է սովորելու համար։ Շատ կարևոր է ցանկութունն ու աշխատասիրությունը։ Երբ սկսեցի սովորել, չէի նկատում՝ ինչպես էր անցնում ժամանակը, մի անգամ աշխատել եմ մինչև լուսաբաց, ու չնայած հոգնել էի, բայց գոհ էի ինձնից»։ Անահիտը պատրաստվում է խորացնել գիտելիքներն ու նոր մասնագիտության շնորհիվ գումար աշխատել:

Գոհար Մխիթարյանն էլ օգտագործում է ազատ ժամանակը՝ հունարեն սովորելու համար: Հունաստանի հանդեպ սերը նոր չէ։ Դպրոցական տարիներին համաշխարհային պատմություն անցնելիս նրան ամենից շատ գրավել էր Հին Հունաստանի պատմությունը: Ուսումնասիրել է նաև դիցաբանությունը, մշակույթը, երգեր է սովորել, հաջորդը լեզուն սովորելն էր.  «Հունարեն սովորում եմ ինքնուրույն՝ համացանցը փորփրելով, գրքերի, ֆիլմերի ու մուլտֆիլմերի միջոցով»:

Բացի 7-րդ լեզուն սովորելուց՝ Գոհարը ազատ ժամանակը լցնում է նաև ստեղծագործելով ու նկարելով. «Փոքրուց սիրել եմ նկարել, բայց չէր ստացվում. դրան միշտ մոտենում էի ստույգ, որպես կատարելություն, հիմա՝ դա էլ եմ փորձում»: Գոհարի խոսքով՝ նախկինում չէր հասցնում այս ամենը՝ հագեցած գրաֆիկի ու զբաղվածության պատճառով, իսկ այս ժամանակահատվածը հրաշալի հնարավորություն է  բոլոր գործերը հասցնելու և նորը սովորելու:

Եթե կարանտինի հետևանքով Գոհարը սկսել է նոր լեզու սովորել, ապա նրա անվանակիցը՝ Գոհար Հարությունյանը, վերադարձել է սիրելի զբաղմունքներին: Նա միշտ երազել է ունենալ ասեղնագործության իր բրենդը և սկսել է այդ գործով զբաղվել 15 տարեկանից: Ընդունելության քննություններին պատրաստվելիս (գրեթե երկու տարի), մոռացել էր բոլոր հոբբիները՝ հուսալով մի օր վերադառնալ դրանց. «Երբ լսեցի կարանտինի մասին, միանգամից հիշեցի իմ «լքված» հոբբիի մասին ու հասկացա, որ սա իդեալական շանս է՝ ամեն ինչ վերսկսելու»: Դասերից, ասեղնագործությունից ու ուլունքագործությունից բացի՝ Գոհարը ժամանակը լցնում է նաև կիթառ նվագելով. «Ազատ ժամանակն օգտագործում ու նոր նվագներ եմ սովորում համացանցից, ուսումնասիրում ակորդների տարբերակները, համեմատում իմ տարբերակի հետ եւ գտնում «ոսկե միջինը»»: Գոհարը բոլորին խորհուրդ է տալիս հաշվարկել ժամանակը ու արդյունավետ օգտագործել այն՝ իհարկե չմոռանալով ուշադրություն դարձնել հաճույք պատճառող մանրուքներին:

Արմինե Թովմասյանն էլ զարգացնում է խոհարարական հմտությունները,սովորում է բաղադրատոմսեր ուկիսվում դրանցով իր ինստագրամի նոր էջում, որը բացել է հատուկ այդ նպատակով: «Ունեի շատ ազատ ժամանակ, որոշեցի որևէ հետաքրքիր բանով զբաղվել, և հենց առաջինը՝ դա մտքիս եկավ: Փոքրուց երազել եմ նոր համ և հոտ ստեղծել: Չգիտեմ, ի դժբախտություն, թե՞ ուրախություն ինձ, բայց օծանելիքի հոտից ալերգիա ունեմ, մնում է նոր համ ստեղծելը, ինչը և փորձում եմ»,-նշում է Արմինեն ու հավելում, որ նախկինում ժամանակը չէր բավականացնում նույնիսկ հիմնական անելիքների համար, իսկ հիմա, երբ ամբողջ օրը տանն է, քրքրում է ինտերնետը, խոհարարների սոցիալական էջերը, խոհանոցին վերաբերող բոլոր հարթակները. «Կարծում եմ՝ ոմանց համար սա կարող է լինել ոգեշնչման աղբյուր, ինչպես ինձ համար ռուսական ”Кухня” ժամանցային սերիալն էր, որի շնորհիվ ավելի շատ սիրեցի խոհանոցը և սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել իմպրովիզներին»: Արմինեի համար այն, ինչ անում է, այս պահին հոբբի է, բայց կան հետագայում լրջացնելու նպատակներ:

Ի տարբերություն մյուս հերոսների՝ Անի Ղիմոյանի հետաքրքրությունները մի փոքր այլ են. ուսումնասիրում է «լյուսիդ դրիմինգ», ինչը վերաբերում է երազներին, հնարավորություն տալիս կառավարել երազներն ու հնարավորինս գիտակից մնալ քնած վիճակում և դերմատոգլիֆիկա, որը գիտություն է մարդու մաշկային պատկերների՝ մատնահետքերի առանձնահատկությունների մասին. «Ապագա մասնագիտությամբ պայմանավորված (իրավաբան)՝ մշտապես ցանկացել եմ ավելի շատ տեղեկություններ ունենալ այն մասին, թե ինչու են հիմնականում ուսումնասիրվում հենց մատնահետքերը՝ քրեական հանցագործներին բացահայտելու համար: Նյութ կարդալուց հետո հասկացա, որ մատնահետքերը մեզ շա՜տ տեղեկություն են տալիս մարդու բնավորության, նյարդային համակարգի առանձնահատկությունների ու անգամ հիվանդությունների մասին: Ինձ միշտ հետաքրքրել է մարդկային հոգեբանությունը, իսկ բացահայտել մարդուն նման յուրօրինակ ձևով՝ ավելի քան հաճելի է»: Մինչև այս դրությունը Անիի ազատ ժամանակն ավելի քիչ էր, դասերով պայմանավորված՝ հոգնածությունն ավելի շատ, նախընտրում էր ֆիլմեր դիտել կամ սոցիալական կայքերում անցկացնել ժամանակը. «Սկսեցի ուսումնասիրել հենց այս ժամանակահատվածում, որովհետև ամբողջ օրվա ընթացքում տանն եմ, ազատ ժամանակ շատ ունեմ և փորձում եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն: Հաճելի է նոր բաներ ուսումնասիրելը, հատկապես, երբ քո շրջապատում դրանք այդքան էլ մեծ տարածում չունեն, ու կարող ես օրինակ ծառայել: Բացի այդ՝ հաճելի կլինի բնականոն կյանք վերադառնալուց հետո հետ նայել ու տեսնել, որ իզուր չի անցել ժամանակդ, ու հիմա ավելի տեղեկացված ես, քան այս իրավիճակից առաջ էիր»:

Լիլիթ Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել