ՊԱՏՄԱԿԱՆ ԳՐՔԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ

ՊԱՏՄԱԿԱՆ ԳՐՔԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ

1832

«Զրույց առաջին կուրսեցու հետ» շարքը պատմում է ԵՊՀ-ի նորեկ ուսանողների մասին, ներկայացնում, թե ինչպիսին էր նրանց կյանքն ու առօրյան համալսարան ընդունվելուց առաջ և հիմա։

Մեր առաջին զրուցակիցն է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Եվա Սարիբեկյանը։ Նա պատմել է իր նախասիրությունների, մասնագիտության ընտրության, կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին և ոչ միայն։

-Ի՞նչ նախասիրություններ ունեիք դպրոցական տարիքում։

-Դպրոցական տարիքում նախասիրություններս ծագում և ժամանակի ընթացքում անհետանում էին։ Մի ժամանակ սիրում էի պարել, հետո՝ պատրաստել, իսկ վերջերս տարված էի պատմական գրքեր ընթերցելով։ Մասնագիտական ընտրությունս կապված էր դարի ամենապահանջված մասնագիտության հետ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ծրագրավորում։ Այս մասնագիտության հանդեպ հետաքրքրությունս մեծացավ 11-րդ դասարանում, և որոշեցի այն  ավելի խորությամբ ուսումնասիրել։

-Նշեցիք՝ ծրագրավորումը դարի պահանջված մասնագիտությունն է, դրա համար եք ընտրել, բայց  չե՞ք մտածել, որ պահանջված լինելը քիչ է, պետք է նաև սիրել այն:

-Բացի պահանջված լինելուց, ես դրա մեջ հետաքրքրություններ եմ տեսնում և որքան խորանում եմ, այնքան ավելի եմ սիրում։ Ինձ դուր է գալիս մասնագիտությունս, և փոշմանելու ոչ մի առիթ չեմ ունեցել։

Արդյո՞ք  ուսանողական  կյանքը փոխել  է  ձեր  սովորական  առօրյան: Այժմ  ինչպե՞ս  է ընթանում ձեր օրը:

-Այո՛, շատ բաներ են փոխվել․ մեծացել է ծանոթներիս, ընկերներիս շրջանակը։ Ակամայից շփվում ես տարբեր մարդկանց հետ և առերեսվում տարբեր երևույթների հետ։ Քանի որ դասերս սկսվում են 14։30, սովորաբար  վաղ չեմ արթնանում․ նախաճաշում եմ, պատրասվում, ու  քանի որ մարզից եմ և  խնդիրներ են լինում տրանսպորտի հետ կապված, ուստի տանից  բավականին  շուտ եմ դուրս գալիս։ Դասերս ավարտելուն պես տուն եմ գալիս, հանգստանում, դասերս պատրաստում  և միանգամից քնում․ օրս բավականին հոգնեցնող է։

Համալսարանը որևէ ազդեցություն  ունեցե՞լ է  Ձեր բնավորության կամ մտածելակերպի վրա։

– Ավելի շատ բնավորությանս մեջ եմ փոփոխություններ նկատում․ ավելի ինքնուրույն եմ դարձել, իսկ ընտանիքիս և մտերիմներիս հանդեպ՝ ավելի պարտավորված։  Սա կյանքի մի փուլ է, որտեղ հանդիպում, շփվում, հարմարվում ես  տարբեր մարդկանց հետ, սկսում ես տարբերել լավն ու վատը, ճիշտն ու սխալը, և քիչ-քիչ աշխարհայացքդ ընդլայնվում է։

-Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, կվերադառնայի՞ք նույն ֆակուլտետ, ի՞նչ կփոխեիք համալսարանում։

-Ֆակուլտետս շատ եմ սիրում ու չեմ կարծում՝ ինչ-որ բան կփոխեի։ Դժգոհելու առիթ չունեմ։

Ի՞նչ խորհուրդ կտայիք ապագա  դիմորդներին մասնագիտության ընտրության հետ կապված։

-Խորհուրդ կտամ ընտրել այնպիսի մասնագիտություն, որը և՛ հոգեհարազատ կլինի, և՛ պահանջված։ Բայց, իհարկե, առաջի հերթին,  պետք է սիրել  մասնագիտությունը։

 Ե′վա, ի՞նչ սկզբունքով էիք առաջնորդվում  երբ աշակերտ էիք, և ի՞նչ սկզբունքով եք  առաջնորդվում  հիմա,  որպես  ուսանող։

-Ձգտում եմ լինել լավ ընկեր, լավ մարդ, հետո նոր՝ լավ մասնագետ։

-Աշակերտուհի Եվայի ամենասիրելի գիրքը և ուսանողուհի  Եվայի ամենասիրելի գիրքը:

-Երբ դպրոցում էի, շատ էի սիրում Անուշավան Պողոսյանի` «Փոթորկից առաջ» գիրքը, հիմա ինձ դուր է գալիս Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ը։

Ի՞նչ գույնով էր նայում աշխարհին աշակերտ Եվան․ արդյո՞ք ուսանողուհի  Եվան լավատեսորե՞ն է մոտենում ամեն հարցի:

-Շատ բան չի փոխվել։ Ինձ ուրախ մարդ եմ համարում՝ փորձելով  ամեն ինչի մեջ նկատել լավը, բայց միևնույն ժամանակ ռեալ դատել։

-Ինչո՞վ եք լրացնում Ձեր  ազատ  ժամանակը։

-Սիրում եմ գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել և, իհարկե, ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ։

Քնարիկ Վարդանյան
1-ին կուրս

Կիսվել