«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՐԴԵՆ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿՊԱԿԱՍԵՆ». ՏՆՏԵՍԱԳԵՏ ԷԴՈՒԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՐԴԵՆ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿՊԱԿԱՍԵՆ». ՏՆՏԵՍԱԳԵՏ ԷԴՈՒԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

1341

Երկրի տնտեսության զարգացման համար կենսական նշանակություն ունեն արտաքին և ներքին ներդրումները։ Ներդրումների աճը կամ նվազումը ցույց է տալիս, թե գործարար միջավայրի համար որքանով է բաց, ճկուն և կայուն տնտեսությունը։ Ըստ Էկոնոմիկայի  նախարարության տվյալների՝  մարտի 24-ի դրությամբ հասանելի են 2018 թվականի հունվար-դեկտեմբեր և 2019 թվականի հունվար-սեպտեմբեր (հունվար-դեկտեմբերը հասանելի կլինի ապրիլին) ամիսների վիճակագրությունը, մասնավորապես՝ 2018 թվականին հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 57.1 միլիոն ԱՄՆ դոլար (ուղղակի ներդրումների ծավալը` 231.6 միլիոն ԱՄՆ դոլար)։ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 267 միլիոն ԱՄՆ դոլար (ուղղակի ներդրումների ծավալը` 68 միլիոն ԱՄՆ դոլար)։

Ըստ տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանի՝ 2019 թվականի օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա բացասական հետևանք են թողել՝ ինչպես Ամուլսարի ներդրումային ծրագիրը, այնպես էլ կառավարության վարած տնտեսական քաղաքականությունն ու օրենսդրական նախաձեռնությունները։

   «Կցանկանայի առանձնացնել այդ նախաձեռնություններից հատկապես «բանկային գաղտնիքի» մասին օրենքի փոփոխությունը, որով նախաքննական մարմնին, առանց դատարանի որոշման, կարող են հասանելի դառնալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները»։ Մեզ հետ զրույցում նա նաև հավելեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագծի շրջանակում՝ օրենքով տրվող հնարավորությունը կարող է խնդիրներ ստեղծել սեփականության իրավունքի պաշտպանության հետ․ «Նույնիսկ բարեխիղճ գնորդների համար, և ընդհանրապես պետության առաջին դեմքերի շուրթերից  հնչող հայտարարությունները դատական համակարգի մասին, արդեն իսկ բավարար են, որ ներդրողների գերակշիռ մասը   չհետաքրքրվի մեր ներդրումային միջավայրով»։

   «Արտ լանչ» սննդի կետերի հիմնադիր Բակուր Մելքոնյանը մեզ հետ հարցազրույցում նշեց, որ հեղափոխությունից հետո 2018 թվականի օրենսդրական փոփոխությամբ հանվեց գոյություն ունեցող այն շեմը, որն անցնելուց հետո հանրային սնունդը ընկնում էր ավելացված արժեքի հարկի տակ։ Սակայն նա նաև ընդգծեց, որ բիզնեսի պաշպանվածության լուրջ խնդիր կա․ «Մենք օրենսդրական որոշակի փոփոխությունների կարիք ունենք։ Իմ բիզնես ոլորտում լուրջ խնդիր է լոգիստրիկ(միջնորդ) կենտրոնների հետ կապը, քանի որ գյուղացուն հարմար չէ անմիջապես վաճառք կատարել, իսկ  ողջ աշխարհում գյուղատնտեսությունը զարգանում է հենց այս կենտրոնների միջոցով»։ Ըստ Մելքոնյանի՝  Հայաստանում այն չի զարգանում, քանի որ  գյուղացու ապրանքը վաճառող միջնորդ կազմակերպությունը ընկնում է ավելացված արժեքի հարկի տակ։

    Ինչպես նաև խնդիր կա, որ մեծածախ և մանրածախ ապրանքները հարկվեն տարբեր հարկատեսակներով․ «Մեզ մոտ հիմա նույն հարկատեսակով է, որի պատճառով էլ  մանրածախ և մեծածախ գների տարբերությունը շատ փոքր է։ Սրանից ելնելով՝ նույն տարածքի, գործունեության և նույն քանակի մարդ սպասարկելու դեպքում, եկամուտներն անհամեմատ ավելի քիչ են, քան արգելքները»,-նշում է Բակուր Մելքոնյանը։

   Իսկ   «Earlyone»  ընկերության հիմնադիր Գևորգ Սաֆարյանը առաջարկում է ներդրումային հետևյալ փոփոխությունները.

  • Դիվիդենտների հարկադրույքի չեղարկում։
  • Հարկային օրենսդրության ստաբիլության ապահովում, որպեսզի ներդրողները կարողանան երկարաժամկետ գործողություններ պլանավորել։
  • Շահութահարկի նվազեցում, հատկապես ՏՏ ոլորտում։
  • Բարենսպաստ պայմանների ապահովում արտերկրից Հայաստան մասնագետներ ներգրավելու համար։
  • Խոշոր ներդրողներին որոշ ժամանակով հարկերից ազատում (այն ոլորտներում, որտեղ դեռ չկա հաստատված արտադրություն)։
  • Հատուկ մասնագիտացում ունեցող դատարանների առկայություն և դրանց աշխատանքի ապահովում։

  Տնտեսագետի դիտարկմամբ`  ներդրումները ակնհայտ նվազման միտում ունեն, և առհասարակ 2018 թվականից սկսած նվազում են։ «Այսօր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական անորոշ վիճակը լավատեսություն չի ներշնչում։ Կարծում եմ՝ նույնիսկ արդեն պլանավորված ներդրումները կպակասեն»,- ասում է պարոն Պետրոսյանը։

Անի Թամրազյան

2-րդ կուրս

Կիսվել