Էդգար Քոչարյանին ճանաչում են հեռուստասերիալներից, ֆիլմերից և գովազդային հոլովակներից: Նրա հետ տարբեր թեմաներ ենք քննարկել՝ թատրոնից մինչև արտակարգ դրություն:
-Ե՞րբ արթնացավ սեր թատրոնի հանդեպ, ե՞րբ արեցիք Ձեր առաջին քայլերը դեպի մեծ բեմ:
-Անհիշելի ժամանակներից, թեև ընտանիքում կամ շրջապատում արվեստագետներ չունեինք: Առաջին բանը, որ հիշում եմ հետաքրքրվածությանս մասին, քրոջս հետ զրույցն էր: Հիշում եմ՝ երբ հարցրի, թե ինչ են անում դերասան դառնալու համար, ասաց, որ պետք է քննություն հանձնեմ. օրինակ՝ ասեն լացիր՝ անմիջապես լացեմ, ծիծաղիր՝ ծիծաղեմ: Պետք է խոստովանեմ, որ ի սկզբանե սերս եղել է դեպի կինոաշխարհը, իսկ դեպի այնտեղ տանող ճանապարհը, գոնե այն ժամանակ, թատրոնն էր: Բայց այդ ընթացքում էլ մեծն Թատրոնը հասցրեց վարակել իրենով: 1992 թվականն էր, եթե չեմ սխալվում. «Կայծ» թերթում հայտարարություն տեսա թատերական խմբակի բացվելու մասին։ Գնացի, բայց ցավոք, միակ դիմորդն էի, և ասացին՝ խմբակը դեռ չի կարող գործել. եթե խումբ հավաքվի՝ կզանգեն։ Կապն այդ տարիներին շատ վատ էր, և այդպես էլ չիմացա խմբակի մասին։ Միայն մեկ տարի անց իմացա, որ արդեն ձևավորվել էր: Երկու քննություն տվեցի և միանգամից ընդունվեցի երկրորդ կուրս։ Ստուդիայի ավարտական հանդեսին արդեն առաջին բեմելս էր՝ Հովհաննես Թումանյանի «Բզեզի դպրոցը» գործով:
– Ի՞նչը մղեց բեմից նկարահանման հրապարակ անցնելու:
-Էկրանին հայտնվելն առաջին հերթին ճանաչում է բերում, որն էլ իր հետևից դերասանի համար օգտակար գործոնների շղթա է բերում: Եվ վերջիվերջո, թատրոն տանող ճանապարհս սկիզբ է առել ֆիլմերից:
-Թատրո՞ն, թե՞ կինո. այժմ ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ, և ո՞րն է դրանց տարբերությունը:
-Թատրոնում սիրտս է, կինոյում՝ միտքս: Այն մարդը, որը թեկուզ մեկ անգամ բարձրանում է բեմ՝ ինչ-որ կերպար մարմնավորելու, նա արդեն թատրոնի վարակակիր է և ուզում է անպայման վերադառնալ այնտեղ: Թատրոնն, անշուշտ, գերադասելի է իր պրոցեսի, հանդիսատեսի հետ կապի ու նրանցից էներգիա ստանալու տեսակետից, բայց, ցավոք, չի կարող տալ այն, ինչ տալիս է կինոն: Կինոն բերում է ճանաչում և վարկանիշ:
-Ի՞նչ եք կարծում, դերասան դառնո՞ւմ են, թե՞ ծնվում: Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական դերասանը:
-Նա երկու թև ունի, և ցավոք, մի թևի բացակայության հետևանով տուժում է արտիստը: Նա պետք է այդպիսին և՛ ծնվի, և՛ դառնա: Հաճախ ենք հանդիպում մարդկանց, որոնց մեջ տեսնում ենք բնատուր տաղանդ, բայց, ցավոք, նրանք չեն դարձել դերասան: Եվ հանդիպում ենք մարդկանց, որոնք շատ աշխատասեր են և լուրջ ջանքեր են գործադրում, բայց չկա նրանց մեջ դերասան ծնվածը: Այս դեպքում հիշում եմ Սողոմոն իմաստունի խոսքերը. երբ կացինը բութ է, կրկնակի ջանք է հարկավոր փայտը կոտրելու համար:
-Բացի թատրոնի բեմից, նկարահանման հրապարակներից, Ձեր դերասանական տաղանդը երևում է նաև ամենատարբեր միջոցառումների ժամանակ: Ի՞նչ հմտություններով պետք է օժտված լինի լավ հանդիսավարը:
– Պետք է խոստովանեմ, որ առաջին հայացքից պարզ աշխատանք է, բայց սա էլ պահանջում է լուրջ հմտությունների բազա, տարիների փորձ, և, որ կարևորն է, մարդկային տեսակ։ Ամեն առիթ ունի իր յուրահատուկ ձևաչափը։ Հանդիսավարի առաջին խնդիրն է իր համար պարզել այնտեղ գտնվող մարդկանց ճնշող մեծամասնության տեսակը, և այդպիսով հասկանալ իր այդ օրվա աշխատաոճը։
2008 թվականն էր: Ընկերս շատ էր ցանկանում, որ ես վարեմ իր հարսանիքը, բայց ամեն կերպ ընդդիմանում էի՝ պատճառաբանելով, որ ողջ կյանքս փախել եմ խնջույքներից, խմելուց ու խմող մարդկանցից, բայց, վերջիվերջո, նա հաղթեց, և ես վարեցի։ Հենց այդ հանդիսությունից երկու պատվեր ստացա, և սկսվեց նաև այդ ուղին։ Պետք է ասեմ, որ այն նույնպես դարձել է սիրելի, և նույն այդ «խմած» մասսայի հետ սիրով աշխատում եմ: Հետաքրքիր է նաև, որ շփվում ես բազմատեսակ և երջանիկ մարդկանց հետ:
-Հանրապետությունում այժմ արտակարգ դրություն է. մարդիկ չեն գնում թատրոն, բայց ներկայացումներին կարող են հետևել հեռավար տարբերակով: Ի՞նչ եք կարծում, թատրոնն այս տարբերակով կարո՞ղ է ներթափանցել հանդիսատեսի սրտի ու հոգու մեջ, չէ՞ որ թատրոնի ամենակարևոր խաղաքարտերից մեկը կենդանի շփումն է:
-Շատ ճիշտ նկատեցիք, այո՛, թատրոնի գլխավոր խաղաքարտը հանդիսատեսի հետ անմիջական շփումն է, և ոչ մի հեռուստատեսային տարբերակ չի՛ կարող փոխարինել կենդանի շփմանը, հատկապես, եթե ներկայացումը նկարահանված չէ հեռուստաթատրոնի պրոֆեսիոնալ տարբերակով: Բայց ամեն դեպքում ցանկալի է, որ այն մարդիկ, որոնք թատրոն չեն հաճախում, գոնե այդպես ծանոթանան մեծն Թատրոնի հետ։
-Խոսեցինք արտակարգ դրության մասին․ ինչպե՞ս եք պայքարում թագավարակի դեմ: Հետևո՞ւմ եք պարետատան ընդունած որոշումներին:
-Մինչև կարանտինը ես շատ ակտիվ կյանք եմ ունեցել, և 24 ժամ տանը նստելը կլիներ մեծագույն պատիժ ինձ համար։ Հիմնականում այո, բայց դասալքություն էլ եմ ունենում տնից։
-Մարդկանց մեծ մասը բողոքում է սահմանափակումներից․ ինչո՞վ եք Դուք զբաղվում ինքնամեկուսացման ժամանակ: Ըստ Ձեզ՝ կարանտինը դրական կողմեր ունի՞:
-Որքան էլ բողոքենք ինքնամեկուսացումից, մեկ բան հաստատ է. այն շատ դրական բաներ տվեց բոլորին՝ անկախ նրանից՝ գնահատում կամ գիտակցում են դա, թե ոչ։ Այն տվեց շատ արժեքներ վերանայելու ու կենսական արժեքների առաջնահերթությունը հստակացնելու հնարավորություն։ Այն մարդկանց տվեց նաև իրենց կարիերայից մի քիչ հայացքները կտրելու և հոգևոր արժեքների ուղղելու հնարավորություն։
– Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, որ կիրագործեք այս դժվարին օրերից հետո:
-Արտակարգ դրությունն իր բարի պտուղը տվեց նաև իմ կյանքում։ Երբ կտրվում ես քո ինքնամոռաց ընթացքից, մի պահ սկսում ես մտածել՝ ինչ նոր բան կարելի է անել։ Եվ օպերատոր ընկերներիցս մեկի հետ նոր նախագիծ սկսեցինք, որտեղ կարդում եմ մեր դասականների գործերից: Հետո գուցե նաև կանդրադառնանք արտասահմանյան գրողների։ Կան էլի նոր հեռուստատեսային գաղափարներ, բայց մի քիչ շուտ եմ համարում դրանց մասին խոսելը:
Հասմիկ Չոբանյան
2-րդ կուրս