«ԱՅՍ ԾՐԱԳՐԻ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ԴԱՅԱԿՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ ՆԵՐՔԱՇԵԼՆ Է». ՍՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«ԱՅՍ ԾՐԱԳՐԻ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ԴԱՅԱԿՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ ՆԵՐՔԱՇԵԼՆ Է». ՍՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

828

ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 6-ին հաստատված «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` աշխատանք փնտրող անձանց` մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագիրը հակասությունների առիթ է դարձել:

«Ծրագրին դիմելուց առաջ ես շատ ոգևորվեցի, որ Կառավարությունը նման նախաձեռնությամբ է հանդես եկել, սակայն հենց դիմեցի, հասկացա, որ ոչինչ չի փոխվել մեր երկրում, որովհետև սա ուղղակի ինքնանպատակ մի նոր ծրագիր է, որի միակ նպատակն է դայակներին հարկային դաշտ ներքաշելը»,- պնդում է ծրագրին դիմած Սոնա Հակոբյանը:

Նրա խոսքով ծրագիրն ունի որոշ թերի կողմեր, որոնք այն դարձնում են իմաստազուրկ: Նախ՝ մայրերը զրկվում են սեփական երեխայի հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունից ու նպաստից, որը կազմում է 18 հազար դրամ։ Առաջնահերթությունը տրվում է քիչ աշխատավարձ ստացող մայրերին, ինչի դեպքում նրանք ոչ մի օգուտ չեն ստանում այս ծրագրից։

«Կատարենք պարզ հաշվարկ. ենթադրենք՝ ես ստանում եմ 130 հազար դրամ, դայակները աշխատում են ժամը 500 դրամ սկզբունքով, ես աշխատում եմ ժամը 1000-ից մինչև 1700-ը, ստացվում է 7 ժամ, 7*5=3500, գալիս է ամսեկան մոտ 110 հազար դրամ, եթե ես ստանում եմ 130 հազար դրամ, ինչքան էլ պետությունը կեսը փոխհատուցում է, միևնույն է, ամենաշատը 40 հազար դրամի համար չարժե դիմել: Դա՝ բարձր աշխատավարձ ստացողների մասին: Շատերը, որոնք ստանում են 80-90 հազար դրամ, ընդհանրապես այս ծրագրից չեն օգտվի, որովհետև այն իրենց ոչնչով չի օգնի:

Ծրագրի ու առաջացած խնդիրների վերբերյալ զրուցել ենք ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի վարչության պետ Ժորա Սարգսյանի և ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոնի մասնագետներ Մարգարիտ Ասոյանի և Հասմիկ Բաղդասարյանի հետ:

Ժորա Սարգսյանը նշում է, որ 2018 թվականին եղել են դժգոհություններ այն անձանցից, որոնք հանդիսացել են  ծրագրի շահառուներ, ու խնդիրներ են ունեցել ընթացակարգի հետ կապված.

«2018 թվականին, երբ  պիլոտային մեկնարկեց ծրագիրը, այո՛, կային խնդիրներ, որովհետև մեզ համար էլ էր ծրագիրը նոր, և շահառուների հետ աշխատելու ընթացքում պայմանագրային հարաբերություններից բխող, փաստաթղթերի ու փոխանցումների հետ կապված խնդիրներ էին առաջանում, իսկ հիմա այդ խնդիրները գրեթե վերացել են»:

Ժորա Սարգսյանի խոսքով՝ բողոքում են նրանք, ովքեր  դիմել են ծրագրին, բայց շահառու չեն դարձել.

«Եթե մենք պետք է ընտրենք մարդկանց միջև ու տրամաբանական է, որ պետք է ընտրենք, որովհետև մենք չենք կարող բոլորի համար իրականացնել այս ծրագիրը մի պարզ պատճառով` սա անսահմանափակ ծրագիր չէ, սրա հիմքում ընկած է փողը, մենք ինչքան էլ ուզենք, չենք կարողանա բոլորին աջակցել»:

Մարգարիտ Ասոյանը նշում է, որ այժմ դիմորդները շատ են, բայց տեղերի սահմանափակության (7 տեղ) և ֆինանսական խնդիրների պատճառով նրանք չեն կարող աջակցել շատերին:

«Օրինակ` մինչև 2018 թվականի սեպտեմբերը ոչինչ չէինք արել, բայց քանի որ գումար ունեինք, սեպտեմբերից հետո ով դիմեց, նրանց տրվեց աջակցություն»,- նշում է տիկին Ասոյանը:

Հասմիկ Բաղդասարյանն էլ շեշտեց․ «Ցանկանում ենք, որ ծնողը հասկանա`այո, կա խնդիր, որովհետև աջակցությունը այնպես չէ, որ ամբողջովին է փոխհատուցում, և, այո՛, ցածր աշխատավարձի դեպքում՝ այն ձեռնտու չէ»:

Այդ ժամանակ միասին փորձեցինք հասկանալ ծրագրի իմաստը, և տիկին Բաղդասարյանը հավելեց.

«Սա փորձնական ծրագիր է, և կարող է նույնիսկ շարունակություն չունենալ: Սա միտված չէ աջակցելու բոլոր աշխատող մայրերին, պարզապես մեր բյուջեի հնարավորության սահմանում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտցրել է այսպիսի մի ծրագիր»:

Ծրագրի նպատակների մասին խոսելիս` Ժորա Սարգսյանը հավելեց, որ ծրագրի նպատակն է աջակցել այն մարդկանց, որոնք ավելի շատ ունեն դրա կարիքը, և դրա համար սահմանել են որոշ տրամաբանական առաջնահերթություններ.

«Նայում ենք  գումարին, աշխատավարձին, նպաստառու լինելուն և երեխաների քանակին»:

Պարոն Սարգսյանը նշեց  2018 և 2019 թվականների վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ 2018 թվականին 200 ծրագրի փոխարեն իրականացրել են 474-ը, իսկ  2019 թվականին ծրագրին դիմել է ավելի քան 1000 դիմորդ, որոնցից ավելի քան 350-ին տրվել է ծրագրին մասնակցելու հնարավորություն։

«Տեսնու՞մ եք, ռեալ պահանջարկ կա, պարզ է  չէ՞, որ ամեն երկրորդը մերժվելու է, իսկ, եթե  Երևանում էլ  բաշխվածությունն անենք, (այստեղ դիմորդներն ավելի շատ են), այդ դեպքում ոչ թե ամեն երկրորդը, այլ` երրորդը, հնարավոր է անգամ չորրորդը` մերժվի»:

Վերջում Ժորա Սարգսյանը նշեց` քանի որ ծրագիրն ունի մեծ պահանջարկ, այն կլինի շարունակական, իսկ այժմ քննարկում են ապագայում գումարի չափը բարձրացնելու հարցը:

Անի Սուքիասյան
4-րդ կուրս

Կիսվել