ԱԴԱԹՆԵՐԻ ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ

ԱԴԱԹՆԵՐԻ ՔԱՂԱՔ ԳՅՈՒՄՐԻ

2716
OLYMPUS DIGITAL CAMERA

Քաղաքը 1924թ-ից կոչվում էր Լենինական, բայց բարբառային արտասանությամբ բոլորն անվանում էին Լեննագան՝ շեշտադրելով լենությունը, միգուցե նկատի ունենալով հյուրասեր գյումրեցիների լայն սիրտը։

Ցանկացած օտարական, ով բացում է գյումրեցու տան դուռը, առանց սեղան նստելու չի կարող այնտեղից դուրս գալ (հեշտ չի պրծնի, էլի): Դե ծանոթների, հարազատների ու բարեկամների մասին խոսելն անգամ ավելորդ է…

Գյումրիում գլուխ գովելն էլ արդեն սովորույթ ու ադաթ է, դե ով ունենար գյումրեցու պես գլուխ ու չգովեր։ Գյումրեցին և’ լավի, և’ վատի շատն է սիրում. «մարդու հոգեառն էլ բդի մեծ էղնի» – հաճախ են կրկնում գյումրեցիները։

Մեր ավանդապաշտ քաղաքի որոշ ավանդույթներ ներկայումս չեն օգտագործվում, մնացել են որպես քաղցր հիշողություններ։ Գյումրեցի տղամարդու գլխարկը՝ «շափխան», իր պատիվն էր։ Հարբած կամ բարկացած ժամանակ տան տղամարդը տուն գնալիս երկու ֆայտոն էր կանգնեցնում. առաջինով պատիվը՝ գլխարկն էր ճանապարհում տուն, երկրորդով ինքն էր գնում։ Գյումրիում բաղնիք գնալը յուրահատուկ ծես էր: Ընդ որում, կանանց և տղամարդկանց համար բաղնիք գնալու առանձին օրեր, ժամեր և տարբեր գներ էին սահմանված: Տղամարդիկ սովորաբար բաղնիք գնացել են սննդով, խմիչքով՝ ընկերներով հավաքվելու, ուտել-խմելու համար, իսկ կանայք ոչ միայն զրուցելու, այլև նորահարսներին մանրամասն տնտղելու նպատակով: Երբ տղան որևէ աղջկա էր հավանում, մինչև խնամախոս գնալը տղայի հարազատ կանայք բաղնիք էին գնում և ոտքից գլուխ ուսումնասիրում ապագա հարսնացուին՝ համոզվելու, որ աղջիկը որևէ այիբ (թերություն) չունի: Ասում են՝ տղամարդիկ նույնիսկ բաղնիքից տուն վերադառնալու համար 3 ֆայտոն են վարձել՝ մեկը իրենց, մյուսը՝ չաղլջոնց (այսպես գյումրեցիները կոչել են նվագողներին), վերջինն էլ իրենց գլխարկի համար: Ավելի հետաքրքիր են ամուսնության հետ կապված ավանդույթները։

Աղջկան տեսնելու էին գնում տղայի բոլոր բարեկամները՝  առանց որևէ բացառության, և ամեն մեկն իր հերթին չափում էր աղջկա խելքն ու տնտղում արտաքինը։ Տղայի հայրը ապագա հարսնացուից ջուր էր խնդրում, ասելով. «Աղջիկ ջան, տար էս կռուշկեն զարգե վեդռոյի գլխին, ջուրըմ բեր խմեմ»։ Դրանից հետո բոլորը սպասում էին, թե աղջիկն ինչ պետք է անի. բաժակով կհարվածի դույլին թե՞ ուղղակի դույլից ջուր կբերի։ Դա աղջկա կողմնորոշվելու ունակությունը ստուգելու համար էր արվում։ Ջուրը ապագա սկեսրայրին հասցնելը իսկական փորձություն էր, մի սխալ հայացք, ավելորդ քայլ, և ամեն ինչ ջուրը կընկներ։ Եթե փեսացուն հանում էր գրպանի շախմատաձև թաշկինակը և քիթը սրբում, դա հավանության նշան էր. այսինքն պետք էր հարսանիքի պատրաստություն տեսնել։

Հարսանիքից մեկ օր առաջ քավորը, ազապբաշին ու փեսայի ընկերները, դուդուկների նվագակցությամբ փեսային տանում են բաղնիք լողացնելու, որը կոչվում էր «փեսա-բաղնիս»: Նույն ձևով քավորկինն էր հարսին տանում բաղնիք լողացնելու: Այս անգամ թառի, քյամանչայի ու դաֆի նվագի տակ, որը կոչվում էր «հարսն-բաղնիս»:

Հարսանիքի տերն ու տիրակալը քավորն էր, ցանկացած կենաց միայն նրա թույլտվությամբ էին խմում։ Նա հարսանիքի մասնակիցների կենացները պետք է խմեր ճյուղ առ ճյուղ, թուփ առ թուփ, և բոլորն էլ պետք է արտահայտվեին, իրենց շնորհակալությունները հայտնեին: Հարսանիքը պարտադիր շարունակվում էր մինչև լույս, քանի որ մոմերով պար պետք է պարեին, որը կոչվում էր «Առավոտլուսուն»։ Այն պարում էին մոմերը ձեռքներին, բաց երկնքի տակ շրջան կազմած։ Իսկ վերջում հայտնի «Ճամփու-ղայդեն» երաժշտության տակ, քավորին ու խնամիներին տուն էին տանում: Երբ հարսանքավորները տուն էին վերադառնում, հարևան-բարեկամները հարցնում էին, թե վերջում կռիվ եղա՞վ: Եթե կռիվ է եղել, ուրեմն ղայդին, հետաքրքիր հարսանիք է եղել:

Հարսանիքի երկրորդ օրը, նորից մեծ ծախս էին անում, ավելի մտերիմ մարդկանցով «Ազաբ բաշու մայմեն» էին բացում ու նորից շարունակում քեֆ ուրախությունը: Հարսանիքից մի քանի օր հետո, աղջկա հարազատները հարսի օժիտը տանում էին տղայի տուն: Աղջկա ունևոր լինելը պարզվում էր նրանից, թե քանի ձեռք բրդից անկողին է տարել, քանի հատ բարձ, քանի դյուժին սրբիչ, քանի դյուժին ներքնաշոր: Քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք գյումրվա բարբառով կոչվում են «մուշուրբա»։ Մուշուրբան տարօրինակ ձևով կռված գավաթ է, որը յուրահատուկ է իր արձակած ձայնով: Երբ բաժակի մեջ ջուր են լցնում, այն հատուկ ձայն է արձակում: Ձայնը լսվում է շնորհիվ գավաթի յուրօրինակ ձևի: Ներքևի հատվածը մի փոքր ավելի լայն է, քան վերևի մասը: Իր կիսակլոր ձևի համար այն կոչվում է նաև կլկլան: Երբ ջուրը լցվում է բաժակի մեջ, պղպջակներ են ստեղծվում, և հենց պղպջակներն էլ արձակում են այդ անսովոր ձայնը: Մուշուրբայի կառուցվածը օգնում է, որ ներսում հեղուկի ջերմաստիճանը կայուն մնա:

Սովորույթները մեր երկրորդ բնավորությունն են, առանց դրանք պահպանելու մենք կորցնում ենք մեր քաղաքի իրական դեմքը, համն ու հոտը։ Գյումրին հարատև է իր ամենաառանձնահատուկ ու տարբերվող ավանդույթներով։

Վիոլետա Առաքելյան
4-րդ կուրս

Կիսվել