«ԱԿՆՈՑԸ ՀԱՐՄԱՐ Է, ԻՍԿ ԼԻՆԶԱՅՈՎ ԱՐՏԱՔԻՆՍ ԱՎԵԼԻ ԵՄ ՀԱՎԱՆՈՒՄ»

«ԱԿՆՈՑԸ ՀԱՐՄԱՐ Է, ԻՍԿ ԼԻՆԶԱՅՈՎ ԱՐՏԱՔԻՆՍ ԱՎԵԼԻ ԵՄ ՀԱՎԱՆՈՒՄ»

1056

«Հոգնել էի ակնոցից, բացի այդ՝ լինզայով արտաքինս ավելի եմ հավանում, չնայած որ  ակնոցը հարմար է»,-ասում է Վիկտորյա Մկրտչյանը, ով գրեթե տասը տարի կրում է ակնոց և հավելում ՝ տանը ակնոցներով է, իսկ դրում լինզաներով:

Ասում են՝ աչքերը հոգու հայելին են, բայց ինչպես տեսնել այն, եթե ապակու շերտը պատնեշ է հանդիսանում: Ներկայումս բժշկության զարգացվածության աստիճանը առաջ է բերում միջոցներ, որոնք թույլ են տալիս տեսնել աշխարհը պարզ ու իրական,  ինչպես սեփական աչքերով :

«Լինզաներ կրելու ցանկությունը լիարժեք տեսողություն ունենալու ձգտումն է: Ի տարբերություն լինզաների՝ ակնոցները ապահովում են 100 տոկոսանոց տեսողություն, չեն աղավաղում առարկայի չափերը, օգտագործելի են այն դեպքում, երբ ակնոցներ կրել հնարավոր չէ»,- ասում է ակնաբույժ Ալինա Տերտերյանը և նշում, որ պետք է զգույշ ու հետևողական լինել, քանի որ սխալ համարի լինզա կրելը, հատկապես դեռահաս տարիքում, կարող է հանգեցնել լրջագույն խնդիրների:

Ակնոցին փոխարինողները, վերջին շրջանում, հասարակության մեջ լայն տարածում ունեն, չնայած որ պահանջում են ավելի մեծ ուշադրություն և խնամք:

Նինա Բաղոյանը և իր քույրը՝ Աննան,  կրում են լինզաներ: Ըստ նրանց, լինզաներն ու ակնոցները ունեն իրենց դրական ու բացասական կողմերը, բայց իրենք նախընտրություն են տալիս առաջինին. «Լինզայով ավելի հարմար է, հանգիստ, ասես սեփական աչքերով նայես աշխարհին, խանգարող ապակի չկա, դե էլ չասեմ, թե անձրևի ժամանակ ինչքան լավ է. մոռանում ես թրջված ակնոցների մասին» :

Նորաձև լինելու, նորաձևության թելադրանքներին հետևելու միտքը հաճախ արտահայտվում է աչքերի գույնը փոփոխելու ցանկությամբ, որը հիմնականում վառ արտահայտված է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում: 
Աննա Կոստանդյանը, ով գրեթե 1-2 տարի կրել է գունավոր լինզաներ ասում է. «Ինձ դուր էր գալիս աչքերի բաց գույնը, այդ իսկ պատճառով կրում էի լինզաներ: Օրվա ընթացքում 2-3 ժամից ավել կրելու դեպքում սկսում էր ցավեցնել ու հոգնում էի,  դրա համար հիմա, առհասարակ, չեմ օգտագործում»: Աննան անկեղծանում է, որ բժշկի հետ չէր խորհրդակցել, իսկ գունավոր լինզաներ ձեռք էր բերում խանութից,  որտեղ վստահեցնում էին, որ դրանք բարձր որակի են։

 «Այսօր մենք բազմաթիվ քայլերի ենք դիմում գեղեցիկ երևալու համար: Այդ քայլերից մեկը գունավոր լինզաներ կրելն է, իհարկե, ինչու՞ ոչ, բայց պետք է գրագետ լինել, հետևել կանոններին,  իմանալ՝ ինչպես կրել դրանք, պահել հիգիենայի կանոնները: Ցանկացած դեպքում լինզաների կիրառումը պետք է լինի բժշկի նշանակումով, նրա հսկողությամբ»,- ասում է ակնաբուժը։

Տեսողական խնդիրներ ունեցող ու միևնույն ժամանակ որևէ սպորտաձևով զբաղվող մարզիկների համար լինզաները նորաձևություն ու շքեղություն չեն համարվում:

Հրաձիգ Մարիամ Միքայելյանն ասում է, որ ինքը կրակում է հրաձգության համար նախատեսված հատուկ ակնոցներով․  «Իմ տեսողությունը -2.5 է, առանց ակնոցի պատկերը լղոզված է, մեկի փոխարեն երեք թիրախ եմ տեսնում։ Լինզայով փորձեցի մեկ ամիս կրակել, բայց չստացվեց. շատ դժգոհ եմ, չգիտեմ ինչու կրակելուց աչքերս չորանում էին,  անընդհատ թարթում էի, արցունք էր լցվում, չնայած որ լավ որակի լինզաներ էին»։ Այնուհետև  հավելում է, որ այլ մարզիկի էլ է ճանաչում, ով մեկ ամսից քիչ է կրել կոնտակտային լինզա և հրաժարվել է նույն պատճառաբանությամբ:

Ե՛վ ակնոցները, և՛ լինզաները թույլ չեն տալիս մոռանալ իրենց ներկայության մասին՝ պահանջելով հետևողականություն, զգոնություն, ուշադրություն: Ըստ լինզաներ վաճառող մի քանի խանութների տվյալների՝  գունավոր լինզաների գներն տատանվում են 7000-15000, իսկ օպտիկական լինզաներինը՝ 13000-25000 դրամի սահմաններում:

Թեհմինե Առաքելյան
4-րդ կուրս

Կիսվել