Փոքրիկ Անահիտը ունքերը կիտում է, երբ ակնարկ է լսում մանկապարտեզ գնալու մասին ու ասում ՝ չի ուզում գնալ, իսկ այն հարցին, թե ինչո՞ւ, մեծ աչքերով նայում է վրադ ու զարմացած հայացք ընդունում ՝ կարծելով, թե ամեն բան, առանց այդ էլ, պարզ է, մի փոքր մտածում ու վստահ ձայնով պատասխանում է՝ որովհետև չգիտի, ուղղակի չի ուզում։
Ծնողները՝ կարգվելով իրենց երեխաների պաշտպաններ, հաճախ մոռանում են, որ երեխաները մեծանալու և դառնալու են գիտակից անհատներ, հասարակության լիարժեք անդամներ, ինչը հաճախ չի լինում ծնողների չափից դուրս հոգատարության պատճառով: Վերջիններս երեխաներին փորձում են հեռու պահել ամեն տեսակ վտանգներից, կատարում են նրանց բոլոր ցանկությունները՝ նույնիսկ կամակորություններին ընդառաջ գնալով, որոնցից է, օրինակ, մանկապարտեզ չգնալը։
«Երեխայիս մանկապարտեզ չեմ տարել, որովհետև չէր ուզում, բացի այդ վախենում էի իրեն վստահել մարդկանց, որոնց չեմ ճանաչում։ Շրջապատումս մայրիկներ կան, որ տանում էին, ու միշտ իրենց երեխաները հիվանդանում էին. խեղճ երեխեքը մանկապարտեզից վերցնում ամեն տեսակ հիվանդություն: Ինչու՞ տանեմ, եթե կարող եմ նստել տանը ու իմ երեխային պահել»,- ասում է ծնող Սվետա Մարտիրոսյանը:
Ի հակադրություն այս ծնողի համոզմանը, թե երեխաների մանկապարտեզ հաճախելը լավ չէ, Հասմիկ Օհանյանը , ով երկու որդի է մեծացրել, վստահորեն ասում է.
«Իմ երկու տղաներն էլ գնացել են մանկապարտեզ։ Երկրորդ տղաս կամակորություն էր անում, չէր ուզում գնալ, նույնիսկ ամուսինս, տեսնելով նրա պահվածքը, ասում էր՝ չտանեմ, բայց ես շարունակում էի տանել, որ շփվի այլ երեխաների հետ, փակ երեխա չմեծանա, ի վերջո զարգանա»:
Մանկական կամակորությունների առաջին հարվածը կրում են ոչ միայն ծնողները, այլ նաև մանկապարտեզի աշխատակիցները ՝ դայակներն ու դաստիարակները։
«Երեխաները պնդում են իրենցը, եթե չեն ուզում մնալ, սկսում են լացել առանց դադարի: Այս ժամանակ շատ կարևոր է սիրով վերաբերվել, ինչ-որ խաղով նրանց շեղել: Առաջին մի քանի րոպեն է դժվար, դրանից հետո երեխան ընկնում է խաղով ու մոռանում տուն գնալու մասին: Հիմնականում չեն ուզում գան, քանի որ մայրիկից չեն ուզում հեռանան, իրենց թվում է, եթե բերեցին այստեղ,այլևս չեն գա տանելու: Կարծում եմ՝ ծնողը պետք է պատրաստի երեխային մակապարտեզ գալուն, քանի որ այստեղ երեխան կայանում է որպես անհատ, զարգանում թե՛ գիտելիքներով, թե՛ շփման մեջ », – ասում է դայակ Աննա Վարդանյանը։
Մանկապարտեզների, նախակրթարանների, զարգացման կենտրոնների դերը մարդու հասարակության մեջ ինտեգրվելու համար շատ կարևոր է, նույնիսկ անփոխարինելի։ Այս կառույցները կրթում և դաստիարակում են ապագա աշակերտների:
Ըստ հոգեբան Էլիանորա Ծատրյանի՝ մանկապարտեզ հաճախած երեխաները մեծամասամբ տարբերվում են իրենց հմտություններով . «Մարդը սոցիալական էակ է. Այսպես, թե այնպես գալիս է մի տարիք, երբ նա անհրաժեշտություն է ունենում մտնելու հասարակության մեջ ու նրա մի մասնիկը կազմելու. ինչքան շուտ է կատարվում դա, այդքան լավ երեխայի համար: Այն երեխաները, ովքեր հաճախել են մանկապարտեզ ենթադրենք երեք տարեկանից, շփման մեջ ավելի շուտ են առիթ ունենում հմտություններ ձեռք բերելու: Նախակրթարան գնացած երեխաները դպրոցում ինչ-որ չափով պատրաստ են լինում միջավայր մտնել ավելի հանդարտ ու հանգիստ ,իսկ նրանք, ովքեր տանն են եղել, չեն շփվել տարեկիցների հետ, դժվարություններ են ունենում փոխհարաբերությունների մեջ»:
Ուսուցչուհի Լիլիթ Բախշյանը նշում է, որ տարբերությունը հիմնականում հստակ զգում է՝ իր աշակերտներից ո՞վ է գնացել մանկապարտեզ, իսկ ով՝ ոչ. «Նրանք՝ ովքեր մանկապարտեզ են գնացել, սոցիալական շփման մեջ ավելի ակտիվ են, ավելի ինքնավստահ, զարգացած, ինֆորմացված և ավելի շատ ունեն բազային հիմնական գիտելիքներ»:
Հիանալի է ունենալ զարգացած, շփման մեջ ակտիվ երեխա, սակայն բավականին դժվար է կամակոր երեխային համոզել գնալ մանկապարտեզ: Այս դժվարությունը հաղթահարելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս.
«Ինչու՞ են երեխաները բացասական արձագանքում հասարակության մեջ մտնելուն։ Յուրաքանչյուր փոփոխություն դժվարություն է ստեղծում մարդու օրգանիզմի, հոգեբանության համար: Ծնողի, խնամակալի, դերը շատ կարևոր է։ Մենք չենք կարող որևէ փոփոխություն անել առանց գոնե թեթևակի դժվարության, բայց մեր դերն է օգնել, որ հասարակության մեջ ինտեգրվելու պրոցեսը հարթ լինի: Պետք է նախապես երեխային պատրաստել մանկապարտեզ գնալու և մնալու մտքին՝ շեշտելով, որ օրվա վերջում կգան ու կտանեն տուն: Ծնողները կարող են խաղերի, հեքիաթ պատմությունների միջոցով խոսել մանկապարտեզ գնալու կարևորության մասին»:
Մանկապարտեզ չտանել երեխային՝ փորձելով խուսափել անխուսափելիից, թե մաս կազմել երեխայի զարգացման գործընթացին: Կրթվելու և զարգանալու, հասարակության մաս կազմելու մեջ մարդիկ իրենց քայլերը այսպես, թե այնպես կատարում են, հարցը միայն այն է, թե ո՞ր տարիքից սկսած՝ երեք, թե՞ տասներեք, մանկապարտեզում թե՞ դպրոցում:
Թեհմինե Առաքելյան
4-րդ կուրս