Ամբողջ աշխարհում COVID-19 թագավարակի տարածման պատճառով հայտարարված է արտակարգ դրություն, դադարեցվել են բոլոր աշխատանքները: Այս ամենի արդյունքում բոլոր կրթական հաստատությունները անցել են օնլայն ռեժիմով դասապրոցեսի անցկացման:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ վերջին տարիներին քննարկվում էր համացանցի միջոցով ուսուցման անցկացումը՝ ներմուծելով ժամանակակից տեխնոլոգիաներ, սակայն, արտակարգ դրությունը խթանեց այս հարցի անմիջական կիրառմանը:
Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Անի Մինասյանը նշեց, որ ուսանողն ու դասախոսը շփվում են միմյանց հետ օգտագործելով էլեկտրոնային փոստը, աուդիո-վիդեո կոնֆերանսները, ինչպես նաև տարաբնույթ ծրագրային և մուլտիմեդիա կցումներ։ Ուսանողների կարծիքով՝ դասերի անցկացման այս տարբերակը ունի մի շարք առավելություններ, որոնցից են՝
- ուսանողն ինքը կարող է ընտրել իր համար կրթության վայրը և ժամանակը,
- կրթական հաստատությունից հեռու գտնվելու կամ հիվանդության պատճառով կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ մարդկանց կրթությունը այժմ նույնպես հասանելի է,
- անտեղի ժամանակի և գումարի վատնումը:
Սակայն, այս ամենով հանդերձ, հեռավար ուսուցումը ունի մի շարք թերություններ, որոնք ուսանողի վրա բացասաբար են ազդում։ ԵՊՀ ուսանողուհի Վերա Հայրյանը, օրինակ, նշում է, որ իր տեսողությունն ավելի է վատացել հեռավար դասերի պատճառով․ «Որոշ դասեր ստիպված բաց եմ թողնում, քանի որ աչքերս ցավում են: Դասերի ընթացքում անընդհատ համակարգչով աշխատելիս աչքերս մրմռում են լարվածությունից: Վստահ եմ, որ այս խնդիրը շատերի մոտ է առկա: Իսկ ովքեր էլ չունեն, հնարավոր է՝ ձեռք բերեն: Հուսով եմ՝ այս ամենը շուտ կավարտվի և բոլորս կվերադառնանք մեր նախկին առօրեային»,- ասում է Վերան:
Արթուր Դավթյանը սովորում է Արատատի տարածաշրջանային պետական քոլեջում: Նրա խոսքով՝ հեռավար ուսուցման բացասական կողմերից է այն, որ լիարժեքորեն չի վերահսկվում ուսանողների սովորելը, ռեալ գնահատում չի կարող լինել:
«Կան դասեր, որ պրակտիկորեն հնարավոր չէ իրականացնել հեռավար եղանակով: Կան գրքեր և նյութեր, որոնք չունեն ուսանողները, իսկ օնլայն հարթակում էլ չկան դրանք: Եվ որ ամենակարևորն է՝ պարտադիր օնլայն ուսուցումը կարող է ազդել մարդկանց առողջական վիճակի վրա»,- կարծում է Արթուրը:
Հոգեբան Քրիստինե Պետրոսյանը նշում է, որ այս եղանակը անմիջապես ազդում է մարդկանց կենտրոնական նյարդային համակարգի վրա: Ուսանողների մոտ առաջանում են գլխացավեր, գերծանրաբեռնվածություն: «Թվում է, թե այս եղանակով դասապրոցեսը պետք է շատ հեշտ կազմակերպվի, բայց հոգեբանական տեսանկյունից այն ծանր գործընթաց է: Առավել ևս, եթե դիտարկենք, որ տանը կարող են լինել մեկից ավելի սովորողներ կամ տանը կա ուսուցիչ: Սա արդեն հանգեցնում է գերհոգնածության»:
Ժասմին Հովհաննիսյանը, ով սովորում է 7-րդ դասարանում, նույնպես դժգոհում է ծանրաբեռնվածությունից: Դասերը անցկացվում են օնլայն ռեժիմով՝ zoօm ծրագրով: «Դժգոհ եմ այս վիճակից, քանի որ ուսուցիչներից շատերը շատ ուշ են նշանակում իրենց դասաժամերը: Եվ ստիպված ենք լինում մինչև կես գիշեր մնալ համակարգչի առջև: Երկար հեռախոսով դաս անելուց ինձ մոտ առաջանում են գլխացավեր, գլխապտույտ, ֆիզիկապես շատ եմ հոգնում: Հիմա մեծացել է տնային հանձնարարությունների ծավալները, դրա արդյունքում ժամերով գրում ենք տնայիններ»:
Ուսուցչուհի Սյուզաննա Նանյանն էլ նշում է, որ չնայած ծանրաբեռնվածությանը կարևորում են, որ պահպանվել է ուսուցման անընդհատությունը. «Երեխաները ակտիվություն են ցուցաբերում, ինչն էլ ոգևորում է մեզ՝ ուսուցիչներիս: Միաժամանակ շատ կարոտել ենք դպրոցին և անհամբեր սպասում ենք վերաբացվելուն»:
Հոգեբան Քրիստինե Պետրոսյանն ավելացնում է, որ կան ուսանողներ, ովքեր չեն կարողանում ամբողջությամբ ընդգրկվել այս պրոցեսի մեջ: «Եթե դասի ժամանակ կարող ես նայել ուսանողներիդ, աչքերով կոնտակտ հաստատել, ապա այժմ դա հնարավոր չէ: Կարևոր է հաշվի առնել տարիքային ճքնաժամը և տարիքային առանձնահատկությունները: Պետք է հաշվի առնել՝ ինչ առարկա ես դասավանդում և ինչքանով է այն մատչելի: Մյուս կողմից կան նաև անձնային առանձնահատկություններ․ ոչ բոլորն են այս հարթակում կարողանում իրենց ճիշտ դրսևորել»,- ամփոփում է հոգեբանը:
Սվետլանա Դավթյան
2-րդ կուրս