ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՔԱՐԱԿԵՐՏԻ ԹԻՎ 2 ԴՊՐՈՑՈՒՄ

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՔԱՐԱԿԵՐՏԻ ԹԻՎ 2 ԴՊՐՈՑՈՒՄ

1784

Զինա Բաղդոյանը սովորում է Արմավիր մարզի գյուղ Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում: Առաջին հեռավար դասն անելուց հետո նրա տպավորությունները դրական չէին: Նա պատմեց, որ եթե անգամ ուսուցիչը սկսում է դասը պարբերություն առ պարբերություն բացատրել, միևնույն է, այն անհասկանալի է մնում. «Եթե դու դասի ժամանակ ուսուցչի հետ աչքերով կոնտակտի մեջ չես, դասը մինչև վերջ չես հասկանալու»,- ասաց Զինան:

Իր համար հատկապես դժվար է հանրահաշիվ, երկրաչափություն առարկաները: Նրա խոսքով՝ երբ դու գրատախտակին հստակ տեսնում ես թվերը, արագ պատկերացում ես կարողանում կազմել, իսկ հիմա, անկախ ամեն ինչից, դա այդքան էլ չի ստացվում. «Դասն էլ երկար անցկացնելու պատճառով սկսում ես ֆիզիկապես հոգնել: Իմ կարծիքով՝ դասերն անցկացնում ենք զուտ ծրագրից ետ չմնալու համար»,-ավելացրեց Զինան:

Նույն դպրոցի 12-րդ դասարանում սովորող Լիլիա Հեքիմյանի կարծիքով՝ այս ձևաչափն ավելի հեշտ է: Նախկինում էլ դպրոցում էին լսում, տնային հանձնարարություններ կատարում, իսկ հիմա տանն են, գրեթե չեն հոգնում .«Բացի այդ, ավելի անաղմուկ են անցնում դասերը, ինչը նույնպես կարևոր է շուտ չհոգնելու համար: Բայց, տեսակցությունը և օֆլայն շփումը շատ կարևոր է լիարժեք կրթություն ստանալու համար»,- ասաց Լիլիան:

Դպրոցում ֆիզիկա դասավանդող Զինա Մուխաելյանի խոսքով՝ դժվարություններ են ունեցել հանկարծակիության, ինչպես նաև հարմար գործիքակազմ  ընտրելու առումով. «Աշակերտներին դժվար է նույն պահին հավաքել, հետո տարբեր հարցեր են ունենում, ու ստիպված ամբողջ օրը կապի մեջ եմ մնում: Մի մասի հետ էլ ընդհանրապես կապ պահել չի լինում»,-պատմեց ֆիզիկայի ուսուցչուհին:

Տնից աշխատելը պակաս արդյունավետ է համարում, չնայած նրան, որ շատ երեխաներ ոգևորված աշխատում են. իհարկե նրանք, ովքեր դպրոցում էլ հետաքրքրված  սովորողներ էին. «Բայց ամեն դեպքում գերադասում եմ կենդանի շփումը, այդ պարագայում շատ հարցեր ավելի արագ են լուծվում: Ուսումնառության այս ձևը արտակարգ իրավիճակների համար է»,- ասաց  Զինա Մուխաելյանը:

Ծնողներից մեկը՝ Աիդա Ավագյանը, ում աղջիկը 7-րդ դասարանում է սովորում, նշեց, որ սկզբում իր երեխան մի փոքր սթրես է տարել, քանի որ դասերը դասացուցակով չէին անում, իսկ հետո, շատ դասեր էին կուտակվում: Նա կցանկանար, որ երեխան դպրոց գնար, որովհետև սովորել էին դպրոցի գրաֆիկին. «Գնում էր դպրոց, ընկալում դասերը, գալիս տուն, կատարում տնային հանձնարարությունները, անցնում հանգստի: Իսկ այս գրաֆիկով ազատ ժամանակ գրեթե չի ունենում»,-ասաց տիկին Աիդան:

Թիվ 2 դպրոցի 11-րդ դասարանում սովորող Հայարփի Ասատրյանն առաջին դասից հետո հասկացել է, որ ամեն դեպքում շատ հոգնեցուցիչ է, և այն դպրոցի ու դասարանում դաս անելու հետ չի փոխի. «Դպրոցը շատ ուղիղ ու անմիջական կապ ունի աշակերտների լավ պատրաստվածության հետ: Իհարկե, այն լիարժեք չի կարող փոխարինել մեր իրական դասերին, բայց որոշ չափով իրազեկ ենք լինում մեր դասերի թեմաներից»,-ասաց Հայարփին:

Նույն դպրոցի 12-րդ դասարանում սովորող Վահրամ Ենգոյանի խոսքով՝ օնլայն կրթություն ստանալը շատ հարմար է: Ճանապարհի վրա շատ ժամանակ չեն ծախսում, և հետո կրթական բացի լրացման համար արդյունավետ միջոց է. «Բայց շատերը չեն կարողանում լիարժեք օգտվել՝ կապված սմարթֆոնների ու ինտերնետի բացակայության հետ: Իսկ հոգնեցուցիչ կարող է լինել նաև դպրոցում կամ ցանկացած այլ կրթական հաստատությունում»,-ասաց Վահրամը:

Թիվ 2 միջնակարգ դպրոցի կազմակերպչական հարցերի պատասխանատու Աննա Ավագյանը նշում է, որ դպրոցի համար դժվար էր անցում կատարելն այս համակարգին, քանի որ  կային ուսուցիչներ, ովքեր տեխնիկապես չունեին համապատասխան գրագիտություն: «Dasaran.am»-ում իրենց լրացումներն անում են, և դրանից բացի ոչ մի ծրագրով չեն աշխատել. «Մենք ունեցել ենք ուսուցիչներ, ովքեր «messenger», «viber» չունեին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես էին այս ուսուցիչներն աշխատելու օնլայն: Իսկապես խնդիրներ առաջացան՝ կամ ուսուցիչը չէր կարողանում միանալ, կամ՝ աշակերտը, բայց այս պահին այդ խնդիրն արդեն լուծված է»,- ասաց Աննա Ավագյանը:

Ծնողներից մեկը՝ տիկին Արևիկը, ում երեխաները սովորում են 7-րդ և 9-րդ դասարաններում, կարծում է, որ ուսուցման այս ձևն արդյունավետ չէ, քանի որ աղմուկ է լինում, իրար հերթ չեն տալիս, եթե տեսազանգով չէ, ապա ուսուցիչը չի կարողանում վերահսկել, ով ինչ գիտի բղավում է և խանգարում. «Մի քիչ էլ պատասխանատվությունն ու զսպվածությունն է նվազում այս դեպքում. դե, վերջը, իր տունն է, իր պայմանները, երբ կուզի կանջատի, հետո նորից կմտնի, իսկ դպրոցում գոնե 45 րոպե կարողանում էին իրենց զսպել»,-ասաց տիկին Արևիկը:

11-րդ դասարանում սովորող Հայարփի Ասատրյանի խոսքով՝ չնայած նրան, որ ուսուցիչներն ամեն ինչ անում են, որպեսզի անդրադառնան բոլորի հարցերին, միևնույնն է՝ լավագույն դեպքում հաջողվում է միայն կեսի հարցերին պատասխանել. «Իսկ 24 հոգուն համախմբելը ու զանգ կատարելը այդքան էլ արագ ու հեշտ չի ստացվում: Շատերն էլ ձանձրանում և դուրս են գալիս հենց դասի ժամանակ»-, ասաց Հայարփին:

Թիվ 2 դպրոցի ուսուցիչները ևս ունեն իրենց խումբըը, այսպես ասած  «ուսուցչանոցը», և մեկը մյուսի հետ այդպես կապ են հաստատում: Քանի որ  «zoom»-ը բավականին խրթին է, և մի մասը չի տիրապետում ծրագին, դրա համար աշխատում են «viber»-ով, «messenger»-ով. «Եթե լինում են պատմողական դասեր, ծնողը տեսաձայնագրում է աշակերտին, տեղադրում համապատասխան խմբում, ուսուցիչը նայում է, և նա շատ լավ հասկանում է՝ երեխան պատմում է, թե՞ կարդում»,-նշեց Աննա Ավագյանը:

Ծնողներից մեկը, ով 2 երեխա ունի (նախընտրեց անանուն մնալ) մեզ պատմեց, որ բացասական կողմերից է նաև այն, որ որոշ ուսուցիչներ «ահ» են տալիս երեխաներին. «Ամենասարսափելի արտահայտություններից են՝ «2 կնշանակեմ», «բացակա կդնեմ», կամ՝ «եթե 7-ից ուշ ուղարկես՝ չեմ ստուգի». ի՞նչ է սա նշանակում, ենթադրենք երեխան հեռախոս չունի, և պետք է սպասի մինչև մայրը կամ հայրը տուն գան, որպեսզի կարողանա ուղարկի, ստացվում է, եթե ծնողը ուշ գա՝ երեխան չի կարող ուղարկել»,-ասաց ծնողը:

Թիվ 2 միջնակարգ դպրոցում անգլերենի ուսուցչուհի Անահիտ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստացվել է այնպիսի իրավիճակ, որ աշակերտներն ամբողջ օրը համակարգիչների և հեռախոսների «մեջ» են: Նրա խոսքով՝ խախտվում են նաև երեխաների խաղալու, հանգստանալու իրավունքները. « Կարելի էր այնպիսի մեթոդով անել  դասը, որ  ազատ ժամանակ էլ ունենային: Մենք երեխային ասում ենք, որ նա այս կամ այն պարտականնություններն ունի, բա ու՞ր մնացին նույն երեխայի իրավունքները»,-ասաց անգլերենի ուսուցչուհին:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ մենք պատրաստ չէինք այս համակարգին անցում կատարելուն, քանի որ չէինք կարող ենթադրել, որ դպրոցները երկար ժամանակով կփակվեն. «Պատրաստ չէինք, քանի որ ուսուցիչների մեծ մասը չէր ցանկանում մասնակցել վերապատրաստումներին»,-ասաց Սերոբ Խաչատրյանը:

Դպրոցի տնօրեն Վարդիթեր Մեսրոպյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  ուսուցիչներն ու աշակերտները, հիմնականում, դժվարություններն են ունեցել  տեխնիկայի հետ կապված: Ծնողներից շատերը բողոքել են ինտերնետային կապի համար վճարել չկարողանալու, ինչպես նաև տեխնիկայի բացակայությունից. մի կապի միջոց ու 3 աշակերտ. «Կա ուսուցիչ, որ չունի ոչ մի տեխնիկական միջոց հեռավարին մասնակցելու համար: Ուսուցիչների դժգոհությունը կապված է ժամանակի հետ. չափից շատ են աշխատում հեռավարում»,-ասաց տնօրենը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարևորում է ուսուցիչների վերապատրաստումը. «Պետք է անցկացվեն ուսուցիչների վերապատրաստումներ թվային գործիքների օգտագործման ուղղությամբ: Պետք է բոլորը համակարգիչներ և որակյալ ինտերնետ ունենան: Եթե այս երկուսը լինի, լավ կլինի»,-հավելեց փորձագետը:

Էլիզա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել