ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՕՐԵՐԻՆ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽ ՀՈԳԵԲԱՆ ԵՆ, ԱՊԱ՝ ԲԺԻՇԿ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՕՐԵՐԻՆ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽ ՀՈԳԵԲԱՆ ԵՆ, ԱՊԱ՝ ԲԺԻՇԿ

1189

Նունե Մկրտչյան-Սահակյանը բժիշկ է, էնդոկրինոլոգ, տասը տարվա աշխատանքային փորձ ունի, աշխատում է Դիլիջանի բժշկական մասնավոր կենտրոններից մեկում եւ շտապ օգնության ծառայությունում: Մեր խնդրանքով նա պատմել է կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին բժիշկների աշխատանքի մասին:

Նրա խոսքով՝ բժիշկներն այս օրերին առաջին հերթին փորձում են հոգեբան լինել, եւ որ հոգեբանական աջակցությունը երբեմն ավելի արդյունավետ է, քան դեղորայքը:

«Արտակարգ իրավիճակ սահմանելու առաջին օրերին շատ էին այնպիսի ախտաբանական վիճակները, որոնք զարգացել էին վախի, տագնապի, ներշնչանքի ֆոնին: Խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ ախտանիշները խորանում են, և դա երբեմն դիագնոստիկ դժվարություններ է առաջ բերում՝ դա իրենց հիմնակա՞ն հիվանդությունն է, թե՞ առաջ է եկել վախից»,- ասում է տիկին Սահակյանը:

Կորոնավիրուսի պատճառով բժիշկները առանձնահատուկ դժվարությունների են բախվում աշխատանքի ընթացքում։

«Հատկապես հիմա խիստ կարևորվում է անհատական մոտեցումը, որովհետև մենք գործ ենք ունենում ծայրահեղ տարբեր էմոցիոնալ վիճակ, ինտելեկտ և դաստիարակություն ունեցող անձանց հետ, որոնք այս ամենը ընկալում են յուրովի: Որպես էնդոկրինոլոգ աշխատում եմ հիվանդներին օգնել «հեռավար», ինչքան հնարավոր է, թեեւ դա դժվար է պատկերացնել բժշկության մեջ: Դիաբետիկները համարվում են խոցելի խումբ, և այցերը պետք է լինեն խիստ անհրաժեշտ դեպքերում: Որպես առանձնահատկություն՝ կնշեի մեր արտահագուստի հաճախակի ախտահանումները, որոնք երբեմն առաջացնում են դիսկոմֆորտ, ժամանակի կորուստ»,- նշում է բժշկուհին:

Ամեն դեպքում, նա վստահ է, որ պատվով են դուրս գալու այս իրավիճակից: 

«Ինչ խոսք, վտանգն առկա է: Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները: Կորոնավիրուսով վարակվածների զգալի մասը բուժաշխատողներ են: Սակայն սա մեզանում պետք է ոչ թե ավելորդ տագնապ հարուցի, այլ սթափեցնի՝ առավել հետևողական ու կազմակերպված աշխատելու»:

Անի Վաթինյան
3-րդ կուրս

Կիսվել