ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔՍ ԻՆՔՆ ԻՐԵՆՈՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔՍ ԻՆՔՆ ԻՐԵՆՈՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է

1539

«Զրույց առաջին կուրսեցու հետ» շարքը պատմում է ԵՊՀ-ի նորեկ ուսանողների մասին, ներկայացնում, թե ինչպիսին էր նրանց կյանքն ու առօրյան համալսարան ընդունվելուց առաջ և ինչպիսին է հիմա։

Մեր հերթական զրուցակիցն է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Նարե Օհանյանը։ Նա պատմել է իր նախասիրությունների, հետաքրքրությունների, ինչպես նաև  ձեռքբերումների մասին։

-Ե՞րբ եք կողնորոշվել մասնագիտության հարցում:

-Մասնագիտություն ընտրելիս բավականին ուշ եմ կողմնորոշվել՝ վերջին դասարանում էի, սեպտեմբերն էր։

-Որո՞նք էին դպրոցական տարիքի ձեր նախասիրությունները:

-Դպրոցական տարիներին նախասիրություններս տարբեր էին. մի պահ քանոն նվագել էի սովորում, կիսատ թողեցի։ Սիրում էի ընթերցել, ասմունքել։ Առհասարակ, ինչը կապված էր խոսելու հետ, սիրում էի։ Հիմա էլ է այդպես։

-Ինչու՞ լրագրող,  երբևէ տատանվել  ե՞ք ընտրության հարցում:

-Ընտրության հարցում տատանվել եմ։  Շա՜տ-շա՜տ էի ուզում իրավաբան դառնալ, հետո հասկացա, որ ինձ գերակտիվ ու գերաշխույժ, բազմաբնույթ ու լայնաոլորտ մասնագիտություն է պետք, որի միջոցով կկարողանամ ամբողջովին դրսևորվել։ Այսպիսով՝ լրագրությունը հաղթեց։ (ժպտում է)

-Երբ մտաք համալսարան, ի՞նչն առաջինը գրավեց ձեզ, արդյո՞ք դա ձեր երազանքի համալսարանն էր:

-Համալսարանն ինքը գրավեց ինձ, հետո գրավեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի՝ միայն իրեն հատուկ ջերմությունը։ Երազանքի համալսարան ասելը, կարծում եմ, տեղին չէ, բայց այո, այն գրեթե համապատասխանում էր իմ պատկերացրած համալսարանին։ Փոխել միշտ արժե։ Կուզեի մասնաշենքը նախատեսված լիներ միայն Ժուռֆակի ուսանողների համար։

-Այս ընթացքում արդյոք ավելացե՞լ է ձեր հետաքրքրությունների շրջանակը:

-Հետաքրքրություններիս շրջանանակը միանշանակ ավելացել է։ Ուսանողական կյանքս ինքն իրենով ձեռքբերում է։ Ինձ համար ուշագրավ են Ժուռֆակում հայտնի, փորձառու լրագրողների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումները, ձեռքբերում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորելը, այնտեղ ստացած գիտելիքները, մասնագիտական բացահայտումները, ուսանողական խորհրդում լինելը։

-Հիմա ի՞նչը կամ ո՞վ է ձեր մոտիվացիայի աղբյուրը։

-Ինձ մոտիվացնողն էներգիան է։ Երբ զգում եմ, որ իմ էներգիան պակասում է, մոտիվացիաս նույնպես նվազում է։ Մոտիվացիաս պահելու համար հնարավորինս ձգտում եմ էներգաշատ մնալ։

-Ի՞նչ խորհուրդ կտաք դիմորդներին:

-Ոչ միայն դիմորդներին, այլև յուրաքանչյուրին խորհուրդ եմ տալիս ընտրել մասնագիտություն՝ սեփական խառնվածքին, ունակություններին, ուղղվածություններին համապատասխան։ Ընտրել այնպիսի մասնագիտություն, ինչի մասնագետը դառնալիս չեն փոշմանի։

-Ի՞նչ սկզբունքով էր առաջնորդվում աշակերտուհի Նարեն, և ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում ուսանողուհի Նարեն:

-Աշակերտուհի Նարեն զգացմունքային էր, ուսանողուհի Նարեն՝ անհամեմատելի իրատես։

-Աշակերտուհի Նարեի ամենասիրելի գիրքը, և ուսանողուհի Նարեի ամենասիրելի գիրքը:

-Ամենասիրելի գիրք դեռ չունեմ։ Դպրոցական տարիներին ավելի շատ Քարնեգիի ստեղծագործություններն  էի կարդում, Հյուգոյի, Բարսթոուի, հիմա կարդում եմ Մարկես, Դոստոևսկի, Տոլստոյ, և անվերջ քչփորում եմ լրագրողների կենսագրություններ։ Առհասարակ, ինձ շատ դուր են գալիս ինքնակենսագրական ստեղծագործությունները։

-Ի՞նչ գույնով էր նայում աշխարհին աշակերտուհի  Նարեն,  ուսանողուհի Նարեն լավատեսորե՞ն է մոտենում ամեն հարցի:

-Նարեն աշակերտական նստարանից մինչև ուսանողական լսարան աշխարհը բազմագույն է տեսնում և ընկալում. այսինքն՝ միշտ անկայուն, չափից դուրս տարբեր, մի քիչ էլ՝ ծայրահեղական։

Հավանաբար բարդ իրականությանը մոտենում եմ լավատեսորեն։

-Ինչո՞վ է լրացնում իր ազատ ժամանակը Նարեն:

-Դպրոցական տարիներին ազատ ժամանակս բաժանված էր. մի մասը հատկացնում էի հաջողակ մարդկանց անցած ճանապարհն ուսումնասիրելուն, հետո մարկեթինգային հնարքներ էի ուսումնասիրում և այլն։

Հիմա անվերջ գրում եմ՝ գրական ստեղծագործությունից մինչև լրագրողական նյութեր։

 Քնարիկ Վարդանյան
1-ին կուրս

Կիսվել