ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԶԵՆԻԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԶԵՆԻԻ ՀԵՏ

1807

Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճը անսովոր մարդաշատ էր: «Հաջողության նախագծի» շրջանակում կայացավ «Խոսքը՝ որպես հաջողության գրավական» խորագրով դասընթացների շարքի առաջին հանդիպումը, որը վարում էր դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Դասընթացը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Հենց առաջին րոպեներից Նազենին կատակների միջոցով ուրախ աշխուժությամբ էր լցրել դահլիճը՝ անմիջական մթնոլորտ ապահովելով: Նազենին նախ մասնակիցներին առաջարկեց ասել, թե ինչ է հաջողությունը իրենց համար, ապա ինքը տվեց հաջողության իր սահմանումը. «Հաջողությունը ինձ համար ավանդույթ է, միասին նախաճաշելուց՝ մինչև գիրք կարդալը: Հաջողակ լինելու համար, կարևոր է այսօրվա գործը՝ վաղվան չթողնելը, դիմացինին լսելը, չհոգնելը»,- զրույցի ընթացքում ընդգծեց նա:

Նազենին պարբերաբար կամավորներ էր հրավիրում բեմ և կոնկրետ օրինակներով բացատրում, թե ինչքան կարևոր է ճիշտ խոսելը. «Շատերը մտածում են, որ գեղեցիկ արտաքինն ու ներքինը բավական են հաջողության հասնելու համար, սակայն ճիշտ խոսքը ոչ պակաս կարևոր է: Խոսքն է մարդուն ներկայանալի դարձնում, ինձ համար հենց խոսքն է հաջողության գրավականը»,- ասաց Նազենին:

Երկու ժամ շարունակ մասնակիցները համակ ուշադրությամբ լսում էին Նազենիի խորհուրդները. «Դասընթացի ավարտից հետո սկսեցի խոսքիս հստակեցմանը ավելի շատ ուշադրություն դարձնել: Նազենին իր արտահայտած ամեն մի մտքի վառ օրինակն է»,- իր տպավորություններով կիսվեց մասնակիցներից Նարե Մնացականյանը: Իսկ Մարիամ Մկրտչյանը նշեց, որ միշտ հաճելի է լսել այնպիսի մարդկանց, ովքեր անցել են հաջողության հասնելու ճանապարհով. «Նազենին մոտիվացնելու մեծ ունակություն ունի և շատ անհրաժեշտ խորհորդներ տվեց»,- իր խոսքը եզրափակեց Մարիամը:

Հանդիպումն ավարտվեց խմբակային լուսանկարով․․․ դե սելֆի, էլի:

 

Մարիամ Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել