Աշակերտները դպրոցն ավարտելիս կանգնում են ոչ միայն մասնագիտություն, բուհ ընտրելու դժվար փաստի, այլև բնակվելու համար վայր գտնելու խնդրի առաջ: Շատերը բնակվում են իրենց ընկերների, բարեկամների տանը: Սակայն մեծամասնություն են վարձով բնակվող ուսանողները: Բնակարան ընտրելիս ուսանողներից շատերը փորձում են տուն վարձել իրենց բուհին մոտ տարածքում:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Լիա Ավագյանի համար բնակարան ընտրելիս առաջնահերթություն է եղել դրա գտնվելու վայրի հարմարավետությունը: Նա պատմեց. «Այսինքն՝ մոտ լինի թե′ համալսարանին, թե′ մետրոյին, քանի որ հասարակական տրանսպորտից օգտվելիս գլխացավ եմ ունենում, նաև ժամանակս է կորչում խցանումների մեջ: Մասիսին նայող պատուհանը պարտադիր չէ, ոչ էլ եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգումը: Կարևորը բնակարանն ունենա կոմունալ հարմարություններ`տաք և սառը ջուր, ջեռուցման համակարգ, լվացքի մեքենա, գազօջախ, նորմալ սանհանգույց: Չեմ ուզում հստակ նշել, թե ինչքան վարձ եմ վճարում, սակայն միջին հաշվով ամսական վճարում եմ 60-70 հազար դրամ, գնի տատանումը կախված է այդ ամսվա կոմունալ վճարներից: Ասեմ, որ սա այն դեպքում, երբ տանը բնակվում եմ ընկերներիս հետ»:
Իսկ ուսանողուհի Լուսինե Հակոբյանը նշեց՝ իր համար կարևոր է այն, որ իր հետ բնակվողները լինեն ջերմ և ընկերասեր մարդիկ. «Ներկայումս բնակվում եմ քրոջս և նրա ընկերուհու հետ, սակայն քույրս շուտով ամուսնանալու է, չգիտեմ՝ կշարունակե՞մ ապրել այստեղ, թե՞ ոչ: Հետաքրքրվել եմ նաև ԵՊՀ հանրակացարանի պայմաններով, պայմանները շատ մատչելի են, հնարավոր է, որ մյուս ուսումնական տարվանից տեղափոխվեմ այնտեղ: Բնակարանի ընտրության ժամանակ ես ներկա չեմ եղել, քանի որ քույրս ինձնից շուտ է բնակվել այնտեղ, և ես տեղափոխվել եմ իր մոտ: Ինձ համար կարևոր է տան հարմարավետությունն ու կահավորվածությունը, քանի որ ուսանող եմ»:
Մեկ այլ ուսանողուհի՝ Շողիկ Կակոյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար այնքան էլ էական չէ, թե որ փողոցի վրա է գտնվում տունը, միայն լինի հանգիստ թաղամասում. «Երբ տեղափոխվում էի վարձով տանը բնակվելու, առաջնահերթ ուշադրություն եմ դարձրել տան տերերի՝ ով լինելուն, թե ինչպիսի մարդիկ են նրանք: Այժմ բնակվում եմ ընկերուհիներիս հետ, և մեզ համար կարևոր էր, որ տունը գոնե երկու սենյակ ունենա, որպեսզի դաս անելիս՝ մեկս մյուսին չխանգարենք: Ուսանողները Երևան տեղափոխվելիս կանգնում են շատ-շատ խնդիրների առջև: Ուսանողին հարկավոր չէ կապիտալ վերանորոգված բնակարան, կաևորը՝ լինեն ապրելու համար նախատեսված պայմաններ»:
ԵՊՀ ուսանողական հանրակացարանում բնակվող Լիլիթ Գրիգորյանն ասաց, որ սկզբում ընկերուհու հետ բնակարան են վարձել և համատեղ բնակվել: Բնակարան վարձելիս առաջին հերթին ուշադրություն են դարձրել կոմունալ և կենցաղային պայմանների առկայությանը: Սակայն, հետագում լսելով ԵՊՀ հանրակացարանի մասին՝ սկսել է հետաքրքրվել. «Հանրակցարան ասելիս պատկերացնում ենք մութ և խոնավ պայմաններ, ինչպես տեսել ենք ֆիլմերում, սակայն, երբ իմացա հանրակացարանի մասին, սկսեցի հետաքրքրվել. ընկերներիցս մեկն արդեն բնակվում էր այնտեղ: Մի քանի անգամ հյուրընկալվեցի իրեն, հետո հոլովակը տեսա, որտեղ ցույց էր տրվում հանրակացարանի ներքին առօրյան, հարաբերություններն այլ բնակիչների հետ: Ինձ շատ ուրախացրեց, որ այնտեղ՝ բացի հայերից, ապրում են նաև այլազգիներ, իսկ ինձ դուր է գալիս շփվել այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Սա էր հիմնական պատճառը, որ որոշեցի տեղափոխվել: Նույնիսկ հիմա, երբ արտակարգ դրություն է և բոլորը վերադարձել են իրենց երկրներ, համացանցով կապը պահում ենք: Հանրակացարանային կյանքը մեզ դարձրեց մի մեծ ու համերաշխ ընտանիք»:
Ուսանողների շրջանում փոքրիկ հարցախույզ կատարեցինք՝ փորձելով հասկանալ, թե հանրակացարան բառն իրենց մոտ ի՞նչ զգացողություններ է առաջացնում, քանի որ ընկալումը ոչ միանշանակ է: Ուսանողների գրեթե մեծամասնության պատրասխանն էր՝ փոքր, մութ, խոնավ, ցուրտ, չվերանորոգված և խուց հիշեցնող սենյակ, որտեղ բնակվելը կլիներ անհնար: Իսկ երբ ցույց տվեցինք Երևանում գործող նոր ուսանողական հանրակացարանների նկարները, նրանց կարծիքը փոխվեց:
Այս առիթով զրուցեցինք հոգեբան Լիանա Սարգսյանի հետ: Նա ասաց. «Կարծում եմ՝ որոշման վրա կարող է ազդել բառի հետ կապված՝ մարդկանց զուգորդությունները և պատկերացումները։ Մեր իրականության մեջ հանրակացարանները երկար ժամանակ ոչ այնքան բարվոք վիճակում են գտնվել և ուսանողներին այդքան էլ լավ կենսապայմաններ չեն առաջարկել: Այս հանգամանքը կարող է պատճառ լինել, որ ուսանողների մեծամասնությունը չընտրի հանրակացարաններում բնակվելու տարբերակը: Հանրակացարաններում բնակվելու միտքը մարդկանց մոտ կարող էր զուգակցվել մի շարք բացասական երևույթներով և խնդիրներով, ինչի պարագայում, բնական է, այլ ընտրություն ունենալու դեպքում, օրինակ՝ բնակարան վարձակալելը՝ թեկուզ ոչ այնքան շահավետ, սակայն ուսանողը խուսափում է հանրակացարանում բնակվելուց։ Սովորաբար այն ուսանողները, որոնք համալսարան են ընդունվում և ստիպված լինում այլ քաղաքում բնակություն հաստատել, բախվում են մի շարք անհարմարությունների ու դժվարությունների հետ: Այսինքն՝ հնարավոր դժվարություններն արդեն իսկ բավական են և, միգուցե, այդ պատճառով էլ ուսանողները չեն ցանկանում ավելի բարդացնել իրենց կենսագործունեությունը՝ կենցաղային «վատ» պայմաններով հանրակացարաններում բնակվելով, որովհետև համոզված են, որ կյանքի որակը հանրակացարաններում այդքան էլ բարձր չէ։ Միգուցե, դեռ պահպանվել են որոշ կարծրատիպային պատկերացումներ հանրակացարան երևույթի վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ խորհրդային միության ժամանակաշրջանում հանրակացարանները իրականում ավելի պատճաշ ու բարվոք պայմաններ են ունեցել, իսկ դրանից հետո երևի անտեսվել են։ Այնուամենայնիվ, մարդկանց մոտ՝ նույնիսկ երիտասարդների շրջանում, պահպանվել է այդ վատ վերաբերմունքը, որովհետև քիչ են տեսել կամ ընդհանրապես չեն տեսել հանրակացարանների այլ օրինակներ, որոնց միջոցով այլ պատկերացում ու վերաբերմունք կկազմեին դրանց վերաբերյալ։ Եվ իհարկե, երբ յուրաքանչյուրը գտնի իր համար վստահելի ապացույցներ՝ հակառակ կարծիքը կազմելու համար, և երբ համոզվի, որ հանրակացարանների վերաբերյալ պատկերացումները ոչ միշտ են ճշգրիտ և իրականությանը համապատասխան, շատ հավանական է, որ այդ նոր տեղեկության արդյունքում նոր ընտրություն կատարի, ու միգուցե փոխի իր նախնական որոշումը, քանի որ, երբ որևէ երևույթի մասին մեր պատկերացումները և գիտելիքները լրացվում են մեզ համար նոր տեղեկությամբ, մենք ունակ ենք փոխելու և վերակառուցելու այդ պատկերացումներն ու գիտելիքները»:
Մուշեղ Կուրեխյան
2-րդ կուրս
Լուսանկարները՝ ysu.am կայքի