ԿՈՐԵԵՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ՝ ՔԵՅ-ՓՈՓԻ ԵՎ ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

ԿՈՐԵԵՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ՝ ՔԵՅ-ՓՈՓԻ ԵՎ ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

2099

 «Journalist.am»-ի զրուցակիցն է Հասմիկ Ճաղարյանը, ով կորեերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում։

 – Այդքան լեզուներից ինչո՞ւ ընտրեցիք կորեերենը։

-Իրականում ես կորեերենը չեմ ընտրել: Չէի պատկերացնում, որ այդ լեզուն կսովորեմ։ Լսարան բերեցին թերթիկներ, որտեղ կային տարբեր լեզուներ, օրինակ`ճապոներեն, չինարեն։ Մեր խմբի ավագը վերցրեց պատասխանատվությունը. քաշեց թերթիկը ու ընկավ կորեերենը։ Այդ ժամանակ ոչ ոք տեղեկացված չէր Կորեայի մասին: Չգիտեինք` ինչ է իրենից ներկայացնելու Կորեան։ Մտածում էինք` շատ դժվար է: Անգամ որոշել էինք փոխել, բայց հենց սկսեցինք սովորել, հենց առաջին դասից լեզուն այնքան հետաքրքրեց, որ սկսեցինք դորամաներ դիտել, լսել կորեական երաժշտություն: Եվ այդպես՝ Կորեան գրավեց ինձ։ Սկսեցի ավելի խորը ուսումնասիրել Կորեան և կորեական մշակույթը։

Գիտեմ, որ բազմիցս ելույթ եք ունեցել մեծ լսարանների առջև։ Ի՞նչ եք այդ պահին մտածել, հուզվե՞լ եք. ամեն դեպքում օտար լեզու է, և սխալվելու հավանականությունը մեծ է եղել։

 -Այո, ելույթ ունեցել եմ մեծ լսարանների առջև որպես թարգմանիչ կամ հաղորդավար: Այդպիսիք են օրինակ` կորեական մշակույթի օրերը Հայաստանում։ Վերջերս եմ այստեղ ելույթ ունեցել և չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մարդկանց թիվը հասնում էր մինչև 400-ի։ Մարդիկ շատ են հետաքրքրվում ազգային մշակույթով, ազգային երաժտությամբ` Քեյ-փոփով։ Իսկ հուզմունք միշտ կա, բայց փորձում եմ այնքան էլ ուշադրություն  չդարձնել։

 -Ե՞րբ իմացաք Քեյ-փոփի մասին (K Pop, երաժշտական ուղղություն, որը ծագել է Հարավային Կորեայում): Կորեայո՞ւմ, թե՞ մինչ Կորեա գնալը արդեն տեղյակ էիք դրա մասի։

 -Մինչ Կորեա գնալը` 2010-11թթ., արդեն տեղյակ էի Քեյ-փոփի մասին։ Հենց սկսեցի կորեերեն ուսումնասիրել, առաջին դասից արդեն կորեական երաժշտությանը ծանոթացա։ Քեյ-փոփը հիմա ամբողջ աշխարհում մեծ տարածում է գտել: Հատկապես վերջին շրջանում պետք է առանձնացնել BTS (ԲԹՍ) խմբին, որի շնորհիվ ավելի մեծացավ հետաքրքրությունը թե՛ կորեական մշակութի նկատմամբ, և թե՛ կորեերենի նկատմամբ: Եվ մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեին, թե որտեղ է գտնվում Կորեան, ԲԹՍ-ի շնորհիվ սկսեցին հետաքրքրվել Կորեայով։

 – Քեյ-փոփ ո՞ր խմբին կառանձնացնեք։

– Բիգ Բենգ խմբին եմ շատ սիրում: Կորեայում եղած ժամանակ փորձել եմ մասնակցել իրենց համերգին, բայց հնարավորություն ունեցա գնալու Բիգ Բենգից Ջիդիի համերգին։ ԲԹՍ-ին էլ եմ սիրում: Շատ են խմբերը: Կարծում եմ, եթե առանձնացնեմ մեկին, կլինի Բինգ Բենգը, որը, ցավոք սրտի, հիմա չի գործում։

– Ես տեղյակ եմ, որ Դուք սովորել եք Կորեայում։ Կթվարկե՞ք մի քանի կորեական կազմակերպություններ, որոնց շնորհիվ տարեց տարի մեծ հայտնիություն է ձեռք բերում և՛ Կորեան, և՛ այդոլները (այդոլ են կոչվում այն արտիստները, որոնք միաժամանակ և՛ պարում են, և՛ երգում, նաև զբաղվում են դերասանությամբ)։

 – Այո՛, Կորեայում եմ սովորել, և այնտեղ կան շատ լավ կազմակերպություններ: Դրանք հիմնականում entertainment-ներ են կոչվում: Երևի հարկ է նշել JYP, SM,YJ Big Hit կազմակերպությունները: Շատ կան այդպիսի կազմակերպություններ․ իրենք այդոլներին հիմնականում փոքր տարիքից են ընդունում դպրոց և կրթում են հատուկ կրթությամբ. դրա համար էլ այդոլները միշտ էլ տարբերվում են։ Բոլորին թվում է, թե նրանք կատարյալ են, բայց պատճառն այն է, որ իրենք իսկապես շատ են աշխատում։ Իրենց մանկությունը նման չէ սովորական մարդկանց մանկությանը. նրանք, իրոք, շատ են չարչարվում, շատ աշխատանք են ներդնում. դրա համար էլ այսօր հասել են մեծ բեմերի։

 – Ըստ Ձեզ` Քեյ-փոփը հայտնի՞ է Հայաստանում։

– Այո ՛, Քեյ-փոփը մեծ հայտնիություն է ձեռք բերել Հայաստանում: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ներկա պահին գնալով էլ ավելի մեծ հայտնիություն է ձեռք բերում։

Անուշ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել