ԽՈՍՔԵՐՆ ԱՆԶՈՐ ԵՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԵՍ ՊԱՏՄԻ․․․

ԽՈՍՔԵՐՆ ԱՆԶՈՐ ԵՆ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԵՍ ՊԱՏՄԻ․․․

1563

-Բոլորս էլ սիրում ենք կյանքը։ 28, 30 տարի առաջ էլ էինք սիրում։ Ու հենց ապրելու համար որոշեցինք մեռնել, բալե՛ս։
– Պապ, իսկ չէի՞ք վախենում ավելի վատ բանից, բա որ․․․
– Բա որ, ի՞նչ, պարտվեի՞նք, չգիտեմ, չգիտեմ, միգուցե ջահել էինք՝ չէինք հասկանում, բայց էդ ուժն ու ոգին, որ մեզնից յուրաքանչյուրի մեջ կար, նույնիսկ մահից հետո կկռվեր, հանգիստ չէր տա։

Մայիսի 9-ի առավոտյան՝ սուրճի սեղանի մոտ շնորհավորեցի հայրիկիս  Շուշիի ազատագրման օրվա, հաղթանակի կապակցությամբ, և ակամայից սկսեցինք խոսել Ազատամարտի տարիներից։ Ազատամարտի թեմայով խոսելը նրա համար շատ բարդ էր, երբ խնդրեցի մի փոքր պատմել այդ տարիներից, իր անցած ճանապարհից, ասաց, որ դժվար է այդ մասին խոսելը։ Բայց մի քանի րոպե անց՝ սկսեց խոսել։ Հայրս՝ կյանքը սիրող ու դեռ կյանքի համը չառած Հայկ Բարսեղյանը, ծառայությունը վերջացնելուց մեկ տարի հետո պետք է գնար հայրենի հողը պաշտպանելու: Նա չի սիրում այս ամենի մասին շատ խոսել, ասում է՝ որ լեզվով էլ փորձես, ի՜նչ բառեր էլ ընտրես, մեկ է, մարտի դաշտը չես նկարագրի։

Հայրս դժվարությամբ, բայց որոշ հիշողություններ ինձ պատմեց. «Անորոշ իրավիճակ, կյանք ու մահ, արցունք ու ծիծաղ, երգ ու հրետանի. այս ամենը նույնիսկ պատկերացնելն է դժվար, իսկ տղաներն ապրում էին այսպես։ Քաղց, հոգնածություն, ծարավ. արդեն այս ամենը յուրաքանչյուրիս հոգում էր, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ։ Մեր միակ վախը դարձել էր շրջվելը, այսինքն՝ վախենում էինք մեր՝ դեպի Շուշի հառած կռվող աչքերը, հանկարծ նույն հայացքով հետ նայեն։ Պարտություն բառը ջնջված էր մեր հոգուց, մենք կռվում էինք հազարավոր հայերի՝ տուն տալու համար, մենք պայքարում էինք մեր տան, մեր կյանքի ու մեր իրավունքների համար, մենք չէինք գավթում, կամ նվաճում, մենք վերադարձնում էինք մեզնից խլածը։
Սարսափելի տեսարանները մինչ օրս էլ ինձ հանգիստ չեն տալիս, տագնապային իրավիճակը Արցախից ինձ հետ եմ բերել»։

Մենք՝ բոլորս, մեր տան անդամներով զգում ու տեսնում ենք այն, ինչ պատմում է հայրս: Մայրս՝ Քրիստինե Թունյանը պատմում է. «Ասում են՝ մեկ անգամ զինվոր՝ զինվոր միշտ։ Իրոք, նա մինչև հիմա բանակայինի նման գիշերային ժամերին մի թեթև թրխկոցից արթնանում է, նստում, կարծես հարձակման է սպասում, միայն թե հիմա արդեն տանն է արթնանում»:

Եղբայրս՝ Անդրանիկը, հաճախ է հորս հետ ճանապարհ ընկնում տարբեր ուղղություններով: Նա հիշեց մի զրույց Արցախից Երևան վերադառնալու ճանապարհին. «Մի անգամ, երբ Արցախից հետ էինք գալիս, կյանքում առաջին, և երևի թե վերջին անգամ, հայրս ինձ պատմեց Արցախից Երևան բերող այդ ճանապարհի մասին։ Ըստ իր խոսքերի՝ ամեն ինչ սկսվեց հենց այդ ճանապարհից, իսկ ավելի կոնկրետ այն միակ բեռնատարից, որ Երևանից Արցախ գնալիս լցված էր տարբեր տեսակի զենքերով ու փամփուշտներով, իսկ Արցախից Երևան վերադառնալիս․․․ չգիտեմ էլ ինչպես բնութագրեմ հորս դեմքը այդ դրվագը պատկերացնելիս. ցավ, սարսափ, բարկություն, ամեն տեսակի զգացմունք կար աչքերում։ Ու մի փոքր դադարից հետո ավելացրեց․ «Է՜, երանի չբացեի կուզովը»։

Այս բեռնատարի պատմությունը, և մեր հայրիկի զգացմունքային հոգոցը մութ էին մնացել եղբորս՝ Անդրանիկի համար, մինչև տատիկս պատմեց իր ավագ որդու՝ մեր հայրիկի սարսափի մասին։ Տատիկս սարսափով ու թախիծով հիշեց. «Հայկս մի տարի էր երևի, որ Չելյաբինսկից հետ էր եկել, ծառայությունը վերջացրել էր, եկել ու արդեն աշխատում էր։ Գիտեինք, որ պատերազմ էր, իր մեջ կայծ կար, որ գնա, բայց քրոջ ամուսնությունը ինչ-որ տեղ հետ պահեց էդ մտքից։ Հետո աշխատանքի տեղից ասացին, որ պետք է գնա Արցախ՝ որպես վարորդ, ինչ-որ բան պետք է տեղափոխեր։ Դա իրականությունն էր. մենք չգիտեինք, թե ինչ պետք է տեղափոխեր, կասկածում էինք, որ զենք, նույնիսկ՝ ուտելիք։ Հետո՝ արդեն պատերազմի ավարտից հետո, պարզեցինք, որ իրոք զենքեր էր տեղափոխել։ Բայց վատն այն էր, որ հետ գալու ճանապարհին մի արցախցի պապիկ կանգնեցրել  ու ասել էր, թե մեքենայի տակից հեղուկ է թափվում, զգույշ եղի′ր, հանկարծ բենզին կամ սալյարկա չլինի, էս ռմբակոծության տակ վտանգավոր է։ Հայկս ասել է, թե ճանապարհ դուրս գալուց առաջ ամեն ինչ ստուգել է, ու մեքենան սարքին էր, ինչ հեղուկ, ու իջել է, որ նայի, նայելուց հետո չի հասկացել՝ էդ ինչ հեղուկ է, ամեն ինչ նորմալ է, բենզինի հոտ չկա, ու մտածել է մեքենայի կուզովը բացել, ստուգել՝ հո բան չի՞ եղել, բացել է ու սառել, գրեթե խելագարվել։ Ամբողջ բեռնատարը լցված է եղել դիակներով։ Հետո է հասկացել է, որ այդ հեղուկը ոչ այլ ինչ է, քան այդ զինվորների արյունը։ Ասում էր, թե տարբերակ չի եղել․ զոհերին հո չէի՞ն թողնի մարտի դաշտում, պետք էր մի կերպ հասցնել ընտանիքներին, եթե ստացվեր»։

Դեպքից մի քանի շաբաթ հետո հայրս թողնում է ամեն ինչ ու մեկնում ռազմաճակատ, մասնակցում ռազմական գործողություններին, Շուշիի ազատագրմանը։ Իսկ միակ բանը, որ այսքան ժամանակ բոլորի մոտ պատմել է, դա իրենց Ճուտոյի պատմությունն էր. «Խորհրդային բանակից միանգամից ռազմաճակատ եկած 20-ամյա Ճուտոն (անուն ազգանունը անհայտ է) իր 442 համարի տանկով բացեց Շուշիի դարպասները ու տրաքեց։ Մեր Ճուտոն՝ տենց էլ մնաց ընտանիքին կարոտ»:

Հայրս մեր զրույցի ավարտին այս միտքն ասաց ու էլ ոչնչի մասին չխոսեց. «Մեր հաղթանակը մերը չէր, դա մեր զոհված զինակից ընկերների հաղթանակն էր, իրանց հոգով ու իրանց ուժով մենք ունեցանք էն հարսանիքը լեռներում»:

Մարիամ Բարսեղյան

2-րդ կուրս

Կիսվել