«ԵՍ ԻՄ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԹՈՂԵԼ ԵՄ ԱՄԵՆԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՔԸ՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»․ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ Խ....

«ԵՍ ԻՄ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԹՈՂԵԼ ԵՄ ԱՄԵՆԿԱՐԵՎՈՐ ԱՐԺԵՔԸ՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»․ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ Խ. ՊԱՌԱՎՅԱՆ

1140

Արցախյան ազատամարտի մասին զրուցել ենք «Սասունցի Դավիթ» աշխարհազորային գնդի՝ Արթիկի ջոկատի հրամանատար Խաչատուր Պառավյանի  (Ճբոենց Խչոյիհետ։ «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատը կազմավորվել է 1990 թվականին Երևանում՝ մայրաքաղաքի տարբեր շրջանների և Դավթաշեն թաղամասի կամավորականներից։ Հետագայում ջոկատը համալրվել է Արթիկի, Ճամբարակի, Մեղրիի ազատամարտիկներով։  

1988-1989 թվականներին սկսվեցին Բաքվի և Սումգայիթի ջարդերը։ Արթիկում էլ սկսվեցին ցույցեր։ Այդ տարիներին շատերը գործարանում էին աշխատում: Մեր հերոսը բոլորին աշխատանքից հանեց ու տարավ Եղեռնի հուշարձանի մոտ, որը Նոր Կյանք գյուղում էր և դեռ չէր տեղափոխվել Արթիկի զբոսայգի։ Բոլորով գնացին, աղջիկներն էլ ոստանավորներ արտասանեցին հուշարձանի մոտ։

Այսօր էլ Խաչատուր Պառավյանը մեծ ոգևորությամբ է պատմում գլխով անցածը։ Մի դրվագ պատմեց, թե ինչպես էին  որոշել մոտ 100 հոգով Արթիկից ոտքով հասնել Երևան և մասնակցել ցույցերին։ Ի վերջո, նրանց վճռականության շնորհիվ նույնիսկ ոստիկանները չեն կարողացել կանգնեցնել նրանց. «Ոտով հասանք Մարալիկի խաչմերուկ: Միլպետ Չախոյան Ռոբերտը տեսավ, որ հետ չենք դառնա, ավտոբուս ղրկեց մեր ետևից։ Ավտոբուսներով գնացինք Երևան և մասնակցեցինք ցույցերին»։ 

Առաջին անգամ սահման գնալն ու առաջին երդումը յուրաքանչյուր կամավորի համար հիշարժան ու նշանակալից օր է։ «Գործարանից ժողովրդին վերցրի,  ընկերներիցս էլ երկու հոգի եկան, 8-9-ը հոգի եղանք։ Գնացինք Ոսկեպար, հետո Դողեղ։ 1991 թվականին զորամասի հարձակումը եղավ: Զոհեր տվինք հայերից և մեկ ռուս», – պատմեց մեր հերոսը ու մեկ առ մեկ հիշեց բոլոր ընկերներին, որոնք զոհվել ու վիրավորվել են հանուն իրենց հայրենիքի։ Պատմեց, թե ինչպես են մինչև Շուշիի ազատագրումը «Սասունցի Դավիթի» տղաներով գնացել Ղարաբաղ. «Միացանք իրար, գնացինք Ղարաբաղ՝ Ջանհասան-Քյոսալար, ընդեղ կռվանք, վիրավորներ տվինք ու զոհեր։ Երկու վիրավոր Արթիկից տվինք՝ Դավիթն ու Անդոն (Մումին), իսկ Մուրադը մահացավ»։

Նորից ու նորից հիշեց իր հետ կռված բոլոր տղերքին. Շիրվանը կանտուզիա ստացավ, Գյումրեցի կամավորից մեկն էլ վիրավորվեց։ «Էտ կռվին ըդպես պրծանք»,- մի պահ կարծես նորից վերապրեց եղածը ու շարունակեց. «Կարկուտի պես երկնքից թափիր գը սնարյադները։ Անդոն (Մումին) ու Դավիթը, Մուրադը մի դիրքում էին, որ վիրավորվան, հանեցի բերի շալկած, մինչև տղեքը հասան օգնության։ Տղաներն էլ օգնին, փրկինք»։  

Ճիշտ է, ռազմադաշտում շատ են եղել դժվար պահեր, բայց կան նաև այնպիսի դրվագներ, որոնք հիշատակելիս Խաչատուր Պառավյանն այսօր էլ ծիծաղը չի կարողանում զսպել. «Թուրքերը տանկով մի կողմից եկան, մենք էլ ավտոմատներով կանգնած էինք: Մե հատմ դեշեկա կար: Մեր հրամանատարը՝ Մաթևոսյան Սամվելը (Օսկոռը), վերցրավ դեշեկան։ Ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին ձիով կելնի փղին դեմ, ինքն էլ դեշեկայով ելավ տանկին դեմ։ Լավ ու հիշվող օր է դա»։

Հետո՝ նոր պատմություն… Մոտ 25 օր հիվանդանոցում պառկելուց հետո՝ իր ջոկատով մեկնեց  Լիսագոր։ Սարի գլխին թուրքի տանկ  նկատեցին, ու տանկը վերցրինք․ «Չեմ սե, թե հասանք, զարկինք, վերցրինք. տանկը արդեն շրջված էր։ Ձորից տանկը հանինք։ Իմ ջոկատում էր Հարութը Հարությունյան, Ղևոնդը Սուքիասյան, Ավետիսյան Սմբատը, Հարությունյան Ասոն, փարոսեցի Վանուշը, պեմզաշենցի Վաչիկը, պեմզաշենցի Ջագան․ 16 հոգի էինք։ Տղաների կեսը դիրքավորվան թուրթերի կողմը, մենք իջանք ձորի մեջ։ Տանկը հանեցինք ձորից»,- հիշեց մեր հերոսը։  Պատմեց, թե ինչպես ընկերներից մեկը՝ Վասիլը, ուրախությունից պարելու ընթացքում ընկավ ու  ոտքը կոտրեց։ Ինքն էլ ջղայնացավ ու արգելեց, որ մեկը գնա հիվանդանոց տեսակցության։

«Հետո տղեքից կեսին թողի Լիսագոր և մեր գլխավոր հրամանատարի՝ Սամվելի հետ գնացի Մարտակերտ։ Մարտակերտ նոր մտանք, ու 2-3 րոպե էլ չանցած՝ թուրքերը սամալյոտով ռմբակոծին։ Մեր Սուքիասյան Ղևոնդը կանտուզիա ստացավ, Արթիկից Լյովա ունեինք, վիրավորվավ: Երկուսին հանի, տարա գոսպիտալ։ Հետո Ղևոնդին բերեցի տուն՝ Արթիկ»,- հիշեց ընկերներին Խաչատուր Պառավյանն ու ամեն մեկին առանձնացրեց յուրովի։ Ընդգծեց, որ Արթիկի տղերքն իրենց տեսակով, ընկերասիրությամբ, մարտական գործողություններով իրենց լավ կողմերն ունեն։  

Յոթ երեխաների հայրը, հետո, մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն առողջական խնդիրների պատճառով վերադարձել է Հայաստան. երեք ինֆարկտ, մեկ ամիս անգիտակից…  Երևան ժամանած իրենց ջոկատի հրամանատարին դիմավորելու են եկել Արթիկի, Երևանի տղերքը։ Այսօր էլ Խաչատուր Պառավյանը հիշում է բոլորի անունները՝ մեկ առ մեկ և շնորհակալ է բոլորից իրենց սրտացավության ու կարեկցանքի համար։  Ասաց՝ հիմա արդեն  բավական լավ է, սկսել է շարժվել։ Հիշեց՝ ինչպես է մի անգամ իրենց հրամանատարը եկել ու տարել Երևան։ Ընկերներն օգնել են. կես ճանապարհը շալակած են տարել: Գնացել են Արամ Մանուկյանի շիրիմին. Մանուկյանի ծննդյան օրն էր։ Ամեն անգամ ընկերներին հանդիպելիս, կամ Երևան գնալուց հետո, իրեն շատ լավ է զգում…

Մեր այն հարցին, թե մեդալներից որն է իր համար ավելի կարևոր, մեր հերոսը պատասխանեց․ «Առաջինը՝ «Սասունցի Դավթի» մեդալը, երկրորդը՝ «Շուշիի» մեդալը, «Արիության մեդալը» և  «Գարեգին Նժդեհի» մեդալը։

Վերջում էլ ընդգծեց, որ եթե մեզնից յուրաքանչյուրը սիրի իր հայրենիքը, ապա Հայաստանը արագ կծաղկի ու կշենանա։ Իր զավակներին էլ հարստության փոխարեն ժառանգություն է  թողել ամենակարևոր ու մնայուն արժեքը՝ հայրենասիրությունը։

Շողիկ Կակոյան

2-րդ կուրս

Կիսվել