ԱԶՆԱՎՈՒՐԻ «ՎԵՐՋԻՆ ԴՈՒՌԸ».ՌԵՊՈՐՏԱԺ ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻ ԱՌՋԵՎԻՑ

ԱԶՆԱՎՈՒՐԻ «ՎԵՐՋԻՆ ԴՈՒՌԸ».ՌԵՊՈՐՏԱԺ ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻ ԱՌՋԵՎԻՑ

1273

Մայիսի 22-ին լրացավ մեծ շանսոնիեի 96-ամյակը: Արմենիա Թիվիի «Բարի լույս» հաղորդման շրջանակներում ուղիղ եթերով տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գրքի շնորհանդեսը։  Քանի որ ձևաչափն անսովոր էր, մենք էլ որոշեցինք անսովոր ձևաչափով ռեպորտաժ պատրաստել՝ հեռուստաէկրանի առջև նստած:

«Վերջին դուռը» Շառլը գրել է 87 տարեկանում, երբ արդեն կյանքի մեծ փորձ էր ձեռք բերել, անցել էր ճակատագրի բոլոր վայրիվերումներով։ «Ինչո՞ւ է ժամանակակից արվեստը կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ տափակ, շոու բիզնեսը՝ գռեհիկ։ Ինչպե՞ս վերաբերվել ձեզ առնչվող ֆեյք նյուզերին ու դեղին մամուլի հրապարակումներին։ Եվ երբ ու որ տարիքում վերջ տալ վատ սովորություններին։ […] Արվեստ, ամերիկյան մշակույթի պատճենում և քաղաքականություն։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրությունների ժամանակ, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր կեղծ ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու դեսպան աշխատել։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք ավելի շատ ֆրանսիացի՞ եք, թե՞ հայ»»,- իր ֆեյսբուքյան էջում պատմել էր «Նյումեգ» հրատակչությունը՝ հանձն առելով մաեստրոյի ծննդյան օրը հանրությանը ներկայացնել նրա կենսագրական գիրքը։

Եվ ներկայացրեց ուղիղ եթերում:

Գրքի թարգմանիչ Համլետ Գասպարյանին բախտ էր վիճակվել 2004 թվականին «Անցած օրեր» հուշագրության թարգմանության շրջանակներում Ազնավուրի հետ աշխատել հայերեն տեքստի վրա, հասկանալ նրա տեսլականը։ Չնայած այս ամենին` նշեց, որ գրքի թարգմանության ընթացքում ունեցել է դժվարություններ. «Ցանկացած հեղինակի ոճն են երկիմաստությունը և բառախաղերը, հատկապես Ազնավուրի։ Իր ստեղծագործությունների մեջ շատ է դիմում այդ հնարքին, նաև կյանքում նա այդպիսին է` բառի նկատմամբ շատ զգայուն։ Շառլը խոստովանել է նաև, որ սիրում էր բառարաններ կարդալ»։

Թարգմանիչը պատմեց նաև, թե երբ է մուտք գործել ազնավուրյան աշխարհ և փոխել երաժշտության և երգի մասին իր պատկերացումները. «Առաջին անգամ 60-ական թվականներին ռադիոյով եմ լսել նրա ձայնը, հեռվից եկող այդ խզված ձայնը։ Այդ օրերին լսում էի նաև Էդիթ Պիաֆ և Ժակ Բրել։ Ազնավուրի խզված ձայնը, Պիաֆի աստվածային և Բրելի մետաղյա հնչողությամբ ձայները ցնցող ազդեցություն գործեցին ինձ վրա։ Հետագայում սկսեցինք նաև ձայնապնակներ փնտրել՝ շատ դժվարությամբ, անգամ գրի էի առնում երգերն իմ  նոթատետրում, որը հետագայում ցույց եմ տվել նաև նրան»։

Շնորհանդեսին ցուցադրվող հոլովակը պատմեց. «Գրքում շանսոնիեն խոսում է իր առաջ բացված և դեմքին փակված դռներից և նաև այն դռներից, որոնք ինքն է հրելով բացել կամ հարվածելով փակել։ Վերջին դուռը կիսաբաց պահելով՝ թույլ է տվել, որ ընթերցողը տեսնի, թե ինչ փոթորիկներ են հասցրել իրեն մինչև 2011 թվական. գիրքը հենց այդ ժամանակ է լույս տեսել»:

Գրքի խմբագիր Սամվել Գասպարյանը չի առանձնացնում Ազնավուրի որևէ գիրք. խորհուրդ տվեց կարդալ ցանկացած ինքնակենսագրական, քանի որ շանսոնիեն բոլոր գրքերում էլ մեկն է, և գրքերն էլ միևնույն ժամանակ իրարից տարբեր. «Բոլորում խոսվում է Ազնավուրի մասին: Գրքերում կան երիտասարդներին ուղղված, երգարվեստին նվիրված հատվածներ, գեղեցիկ մտքեր իր հարուստ կյանքի, իր շրջապատի մասին»:  

Շնորհանդեսին ներկա էր գրքի վերֆիկանտ, ֆրանկոֆոն լրագրող Հասմիկ Առաքելյանը, որի հետ խոսեցին արտիստի զուգերգերի մասին. «Ազնավուրն իր կարիերայի մեկնարկը տվել է Պիեռ Ռոշի հետ զուգերգեր երգելով, իր փառքի ճանապարհին երգել է Էդիթ Պիաֆի հետ: Երգել է ավելի քան 30 արտիստների հետ»:

Զուգերգերից հետո անցում կատարեցին գրքին և Ազնավուրի՝ իր ավագ դուստր Սեդայից վերցրած սովորությանը. «Իր բոլոր գրքերում միշտ անդրադարձ է կատարել իր ընտանիքին, իր սիրուն, հայրենիքին: Գրքի սկզբնամասում անդրադարձել է Սեդայի սովորությունը կրկնօրինակելուն` գրի առել հուշերը և շատ հաճախ նաև կորցրել դրանք»:

Ազավուրն այս գրքում վերջապես նշել է, որ հոգով հայ է, իսկ մնացած ամեն ինչով՝ ֆրանսիացի:

Վիկտորյա Հովեյան,

2-րդ կուրս

Կիսվել