Հայաստանում հարյուրավոր բժիշկներ և կամավորներ պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Վիրուսի արագ տարածումը հանգեցրել է մի քանի տասնյակ զոհերի, բայց այդ ամենին զուգահեռ հորինվում և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից ակտիվորեն տարածվում են դավադրության տարբեր տեսություններ՝ 5G չիպավորումից մինչև վիրուսի գոյությունը կասկածի տակ դնող մտքեր։ Կարող ենք պնդել, որ այս ամենի հետևանքով հասարակության շրջանում թուլանում է զգոնությունը, և մարդկանց մոտ սոցիալական պատասխանատվության զգացումը զրոյանում է։
«Կորոնավիրուսի վերաբերյալ դավադրական տեսություններ և միֆեր տարածվում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Պատճառներն ու նպատակները կարող են տարբեր լինել: Որոշ դեպքերում դա կարող է մտադրված լինել՝ երկրների կառավարությունների գործողություններն արժեզրկելու, դրանց ազդեցությունը թուլացնելու նպատակով: Մյուս պատճառն էլ կարող է պարզապես մարդկանց չիմացությունը լինել, երբ հեշտությամբ են տրվում այլընտրանքային տեղեկատվությանը: Գուցե ոմանք չեն վստահում պաշտոնական տեղեկատվությանը, փորձում են փնտրել և հեշտորեն հավատում են գտածին: Իհարկե, իրավիճակը նոր է, և պետությունները չեն հասցրել բավարար իրազեկել հասարակություններին», – ասում է լրագրող, իրավապաշտպան Արման Ղարիբյանը։
Արման Ղարիբյանը կարծում է՝ դավադրության տեսությունների տարածումը կանխելու համար պետք է կառավարությունները ժամանակին և արդյունավետորեն տարածեին հանրամատչելի ու համապարփակ տեղեկատվություն՝ վիրուսի, դրա դեմ պայքարի արդյունավետության և հարակից այլ կարևոր հարցերի վերաբերյալ, որպեսզի տեղեկատվական դաշտում վակուում չստեղծվեր, և որևէ մեկը չօգտվեր այդ վիճակից։
Հարցին, թե ինչն է պատճառը, որ հայ հանրության լայն շրջանակները հեշտությամբ հավատում են դավադրության տեսություններին, և ինչպես հիմա կանխել դրանց տարածումը, Ղարիբյանն ասաց. «Պատճառները երկուսն են․ առաջին՝ տեղեկատվության պակասը, և երկրորդ՝ մեդիագրագիտության տարրական գիտելիքների բացակայությունը, համացանցից և տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու անփորձությունը»։
Արման Ղարիբյանը կարծում է, որ ներկայումս հնարավոր չէ ամբողջովին կանխել ապատեղեկատվության տարածումը, քանի որ, ինչպես ասում են, «գնացքն արդեն գնացել է», և համացանցում արդեն բազմաթիվ են այն աղբյուրները, որոնք կեղծ տեղեկություններ են տարածում կորոնավիրուսի վերաբերյալ։ «Դրան ուղղակի կարելի է հակազդել, այսինքն՝ տալ օպերատիվ, համակարգված, ճշգրիտ, հանրամատչելի տեղեկատվություն, մշտապես ապահովել այդ տեղեկատվությունը՝ հստակ դարձնելով, թե որոնք են դրա աղբյուրները, որպեսզի մարդիկ աստիճանաբար կեղծ լուրեր տարածող կայքերից տեղափոխվեն ավելի վստահելի տեղեկատվական աղբյուրներ», – նկատեց նա։
Գեղամ Ադյան,
2-րդ կուրս