ԳՆՈՒՄ ԵՆՔ «ԱՐՇԱՎԻ»

ԳՆՈՒՄ ԵՆՔ «ԱՐՇԱՎԻ»

1196

Այսօր լուսնի լուսավորությունը 0.2 % է: Իդեալական է: Կոորդինատները 40°,4889´´ հյուսիս և 44°,4352´´ արևելք, պատրաստվեք, գնում ենք Ապարանի ջրամբար: Հիմա կհարցնեք, բայց այս գիշերով ի՞նչ գործ ունենք այնտեղ: Ասեմ՝ այնտեղ հիմա հիանալի ժամանակ է`աստղալուսանկարչությամբ զբաղվելու համար: Այսօրվա մեր արշավը կառաջնորդի աստղալուսանկարիչ Ինգա Ավանեսովան, իսկ ես կլինեմ ձեր էքսկուրսավար-խոսնակը:

 Դե ինչ, վերցրեք շտատիվ, լապտեր, կողմնացույց, տաք հագուստ և իհարկե լայն լինզեր: Կարծում եմ այսքանը, բան չեմ մոռացել: Ես արդեն ուսումնասիրել եմ ճանապարհը, կես ժամից տեղում կլինենք: Մի րոպե, հիմա մտածում եք՝ այս ի՞նչ եմ խոսում, ի՞նչ աստղալուսանկարչություն, դա ի՞նչ է: Հիմա բացատրեմ:

Աստղալուսանկարչությունը տարածված նախասիրություն է լուսանկարիչների և աստղագիտությամբ հետաքրքրվողների շրջանում: Լուսանկարում են գիշերային երկինքը, աստղերը, տիեզերական մարմինները: Աստղալուսանկարչության մեջ կա երկու ուղղություն՝ Deep space, որը խորը աստղերի, հեռու օբյեկտների լուսանկարումն է, և Time lapse՝ դանդաղեցված կադրի մեթոդ, որի ժամանակ հնարավոր է կադր ստանալ 30 անգամ ավելի արագ: Այդ կերպ շարժվող տիեզերական օբյեկտները հնարվոր է արագ ֆիքսել և կայուն ու մաքուր ֆոտո ստանալ: Լուսանկարելու համար  բարենպաստ օր ընտրելու դեպքում կարևոր է այն պլանավորել ըստ լուսնային օրացույցի, երբ լուսնի լույսը խանգարող չի լինի՝ երկնային օբյեկտներն իրական գույներով և պարզ լուսանկարելու համար:

Հասանք, մենք արդեն պայմանավորված վայրում ենք: Հիմա պետք է ճիշտ դիրքավորվել: Այստեղ օգտագործում ենք կողմնացույց՝ պարզելու, թե որ կողմից է դուրս գալիս հյուսիսային աստղը: Տարածքի բարձրությունը լուսանկարելու համար կարևոր չէ, այստեղ էական է երկնքի լուսային աղտոտվածությունը՝ թե ինչքանով է լուսավորված երկինքը: Ահա, ըստ դրա էլ ընտրում ենք հարմար դիրք, տեղադրում շտատիվը և ամրացնում լայն լինզերը: Հիմա մի քանի փորձնական կադր անենք, դա շատ չի տևում՝ մոտ 20 րոպե: Ընդ որում՝ Ծիր Կաթինը նկարելու համար միջինում մոտ 1-2, իսկ Time lapse- ի համար 400-600  կադր է հարկավոր լինում անել՝ վերջնական լուսանկար ստանալու համար:

Ամբողջ գիշերը դեռ առջևում է, մենք կհասցնենք մեզ անհրաժեշտ կադրերը ստանալ: Սպասե՛ք, միայն երկինքը չֆիքսեք, տեղանքն էլ շատ գեղեցիկ է՝ լանդշաֆտային ֆոտո ստանալու համար: Ընտրեք ճիշտ դիրք և համադրեք լանդշաֆտի գեղեցկությունը երկնքի փայլի հետ: Ահա և ձեզ արվեստի գլուխգործոց:

Եղանակը մի քիչ ցրտեց, բայց՝ ոչինչ: Հիմա խարույկ կվառենք, կհագնենք տաք վերարկու և կշարունակենք խոսել աստղալուսանկարչություն կոչվող սիրուն ու հետաքրքիր արվեստի մասին:

Երկինքն ու աստղերը լուսանկարելու հետ կապված կարծես ամեն բան պարզ է, իսկ ինչպե՞ս նկարել ավելի խորը աստղեր, օրինակ՝ Օրիոնը կամ Նեպլանը: Դրանք ֆիքսելու համար մեզ պետք կգա sky watcher՝ հատուկ սարք, որն ամրացվում է ֆոտոխցիկին այնպես, որ դրա առանցքներից մեկը զուգահեռ լինի երկրի առանցքին և համապատասխանաբար՝ ուղղահայաց երկրի հասարակածին: Սա թույլ է տալիս խցիկը երկրի շարժի հետ միասին շրջել աստղերի կողմը: Աստղերը կարծես անշարժանում են և կադրում գծերի չեն վերածվում: Սարքը նաև ավելի շատ լույս է կլանում և հնարավոր է դառնում լուսանկարել ավելի խորը համաստեղություններ:

Դե կադրերն արդեն արեցինք, հիմա ժամանակն է վերջնական աստղալուսանկար ստանալու, այսինքն՝ դրանք մշակելու: Այստեղ օգնության է գալիս Photoshop գործիքը: Բայց նկատի առեք, որ ոչ բոլոր ֆոտոներն են ենթարկվում խորը մշակման, դրա անհրաժեշտությունն արդեն զգացվում է կադրից: Հնարավոր է լուսանկարը նաև ենթարկել բազմաշերտ մշակման, ավելացնել որոշակի տարրեր, գույներ: Սա արդեն թվայնացված արվեստ է:

Կարծում եմ՝ ձեզ շատ հետաքրքրեց: Թեև աստղալուսանկարչությունը մի փոքր ավելի ծանր ժանր է՝ համեմատած լուսանկարչության մյուս ուղղությունների հետ, բայց այստեղ կարևորը ցանկությունն է: Ուզում եմ անել, ուրեմն՝ կարող եմ: Աստղալուսանկարիչ լինելու համար հարկավոր լինել նաև աստղերի գիտակ, արշավական, հետաքրքրասեր և իհարկե տիրապետել ֆոտոխցիկին: Այսքանը, համապատասխան տրամադրության ու տրամադրվածության մասին խոսելն էլ արդեն ավելորդ է:

Լիլիթ Հովսեփյան
3-րդ կուրս

Կիսվել