Ներառական կրթությունը ընդհանուր կրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության հասանելիություն բոլորի համար: Կրթության հնարավորությունների ծրագրում տարբեր կարիքներ ունեցող երեխանե-րի ներգրավում, ինչը ապահովում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության հասանելիությունը:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների ուսուցման խնդիրների մասին զրուցեցինք Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի ուսուցչի օգնական Գոհար Թովմասյանի հետ։
– Տիկին Թովմասյան, ե՞րբ է ձեր դպրոցը անցել ներառական կրթության իրականացմանը։
– Դպրոցը ներառական կրթության իրականացմանն անցել է 2019թ. սեպտեմբերից։
–Ինչպե՞ս են դասընկերները վերաբերվում հաշվանդամություն ունեցող իրենց ընկերներին։
-Սկզբնական շրջանում կար անհարմարության, երբեմն զննողական, նույնիսկ զգուշության վերաբերմունք, որն աստիճանաբար փոխվեց ոչ միայն հարմարվելու, այլև ավելի սերտ շփվելու, ցանկացած դժվարություն իրենց օգնությամբ հաղթահարելու ցանկության։
– ԿԱՊԿՈՒ երեխաները կոմպլեքսավորվա՞ծ են դասապրոցեսում։
-Նմանատիպ երեխաների հետ աշխատելիս միշտ հարգվում է նրանց անձնական արժանապատվության զգացումը, ոգևորում նրանց փոքր հաջողությունների համար՝ հասակակիցների մոտ ևս ձևավորելով այդ մշակույթը։
– Ասացե՛ք, խնդրեմ, ուսուցչի օգնականները ինչպիսի՞ աշխատանք են կատարում ԿԱՊԿՈՒ երեխաների հետ:
-Դասապրոցեսում ուսուցչի օգնականների կողմից կիրառվում են այնպիսի մոտեցումներ, որոնք հիմնված են երեխայի մտավոր և ֆիզիկական առանձնահատկությունների վրա, հնարավորության դեպքում կիրառվում են այնպիսի պարագաներ, որոնք անհրաժեշտ են նրանց առավելագույն հաջողությունների հասնելու համար։
– Իսկ ի՞նչ դեր ունեն ծնողները, նրանք որևէ մասնակցություն ունե՞ն ԿԱՊԿՈՒ երեխաների ուսուցման իրականացման աշխատանքներին։
– ԿԱՊԿՈՒ երեխայի ծնողը կարևոր դերակատարություն ունի դպրոցում՝ սովորած գիտելիքների և հմտությունների գործնական կիրառման, ամրապնդման, ընդհանրացման և պահպանման հարցում՝ շարունակելով այդ աշխատանքը նաև տանը։
– Դպրոցում կա՞ն հարմարեցված պայմաններ ԿԱՊԿՈՒ երեխաների համար։
– Ցավոք, դպրոցը չունի հարմարեցված պայմաններ։
– Ինչպե՞ս է արտակարգ դրության պայմաններում կազմակերպվում ԿԱՊԿՈՒ երեխաների հեռավար ուսուցումը։
– Հեռավար ուսուցումը կազմակերպվում է, հիմնականում, viberi-ի միջոցով։
Սաթենիկ Խեբոյան
5-րդ կուրս