Լուսինե Հարությունյանը, ով դեռահասության շրջանում ագրեսիվ վարք դրսևորելու հետ կապված խնդիրների է բախվել, պատմում է, որ իր ագրեսիվ վարքագիծը նկատելի է եղել նաև դպրոցում․
«Դեռևս 14-15 տարեկան հասակում ուսուցիչներս հաճախ էին ծնողական ժողովների ժամանակ մայրիկիս կամ տատիկիս ասում, որ բավական ագրեսիվ եմ թե՛ դասընկերներիս, թե՛ ուսուցիչներիս հետ. բոլորի հետ խոսում եմ շատ ագրեսիվ տոնով, անգամ դասընկերներիս հետ հաճախ եմ վիճաբանում»:
Լուսինեն, բնականաբար, տվյալ ժամանակահատվածում չէր գիտակցում, որ դրսևորում է ագրեսիվ վարք, և առհասարակ, չէր հասկանում` ինչու են ուսուցիչներն անընդմեջ միևնույն բնութագիրը տալիս նրան (չնայած բազմիցս է ցանկացել դուրս գալ դպրոցից. շատ մեկուսացած է եղել).
«Ես իսկապես չէի հասկանում` ինչու են նման կերպ արտահայտվում իմ հասցեին: Մայրս, ամեն անգամ, երբ ծնողական ժողովից տուն էր վերադառնում, զայրանում էր ինձ վրա, անգամ զրկել էր ինձ սիրելի զբաղմունքներիցս, մեկ շաբաթ տանից թույլ չէր տալիս դուրս գալ»: Լուսինեն, իրենց դպրոցի հոգեբանի հետ խոսելուց հետո ի վերջո հասկացավ` ինչումն է իր խնդիրը․
«Հոգեբանը ինձ հարցրեց` արդյոք տանը կամ ընկերներիս հետ խնդիրներ ունեմ, ես էլ նրան պատասխանեցի, որ ծնողներս հաճախ են վիճում, երբեմն էլ մայրիկս ինձ վրա ձեռք է բարձրացնում: Հոգեբանն էլ արդեն հասկացավ, որ պատճառը ընտանիքում ծնողներիս վարքն ու բարքը վատ են անդրադարձել ինձ վրա:
Հաճախ և՛ դեռահասները, և՛ ծնողները չեն գիտակցում, որ դեռահասությունը բավականին լուրջ տարիքային փուլ է, որի ժամանակ բազմիցս տեղի ունեցող փոփոխությունները կարող են հանգեցնել մի շարք հոգեբանական խնդիրների:
Հոգեբան Անի Կարապետյանը «Journalist.am»-ի հետ զրույցում ներկայացրեց` որոնք են անցումային տարիքի բարդությունները: Նա նշեց, որ դեռահասության տարիքային խմբին բնորոշ ամենավառ արտահայտված բարդույթը` անձնային անկայությունն է, որը դրսևորվում է տրամադրության տատանումներով, հուզային բռնկումներով, որն էլ հիմնականում պայմանավորված է սեռական հասունացմամբ և օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխություններով. «Դեռահասության տարիքային խմբին բնորոշ է արտաքին ազդեցություններից կախվածությունը: Քանի որ դեռահասներն իրենց համար ռեֆերենտային խմբեր են փնտրում հասակակիցների շրջանում և մտերիմ ընկերների կարիք ունեն, հաճախ վերջիններիս կարծիքը որոշիչ է լինում»:
Հոգեբանը նշեց նաև, որ դեռահասներին հատուկ է անկայուն ինքնագնահատականը, որը ռեալ բարդույթ է և՛ այդ տարիքի համար, և՛ հետագա ամբողջ կյանքի համար.
«Դեռահասը ցանկանում է լինել բոլորի նման` միևնույն ժամանակ ամեն կերպ փորձելով առանձնանալ բոլորից: Նա պայքարում է հեղինակությունների դեմ, համընդհանուր նորմերի, կանոնների և իդեալների դեմ, բայց միևնույն ժամանակ ուզում է լինել մյուսների նման»:
Անի Կարապետյանը նշեց նաև, որ անկայունությամբ, ծայրահեղությունների մեջ ընկնելու հակումով, արտաքին ազդեցություններով են պայմանավորված այս տարիքում հաճախ հանդիպող սոցիալական խնդիրները, որոնք նաև անվանում են դեռահասության խնդիրներ` վաղ ալկոհոլամոլությունը, տոքսիկոմանիան, թմրամոլությունը, ինքնասպանությունները.
«Ներկայում կան շատ տարբեր խմբեր և դեռահասների շարժումներ` պանկերը, էմոները, ռոքերները, ռեպերները, ֆաշիստներն, սկինհեդները և այլն: Բոլոր դեռահասները, ովքեր ընդգրկվում են նման խմբերում և հոսանքներում, սոցիալապես հարմարված չեն, նույնիսկ, եթե ուղղակի ագրեսիա չեն դրսևորում:Առանձնահատուկ դժվար իրավիճակներում դեռահասները կարող են սուիցիդալ վարք դրսևորել, մահվան մասին մտքեր, սպառնալիքներ արտահայտել, ինքնասպանության փորձ կատարել։ Սակայն դեռահասների միայն 10%-ն է իսկապես ցանկանում մահանալ, մնացած 90%-ի սուիցիդալ վարքը միայն օգնության ճիչ է»:
Լուսինե Հարությունյանի մայրը միշտ սովորեցրել է, որ ամեն բանի պիտի հասնել ոչ թե ամբիցիաների, ուսման և աշխատասիրության շնորհիվ, այլ ագրեսիայով` վախեցնելով դիմացինին, պիտի միշտ իշխող դիրքում լինել. «Հոգեբանս ինձ շատ օգնեց, նա դարձավ ամենահարազատ մարդկանցից մեկն ինձ համար, ես մորս հետ կիսվելու փոխարեն նրա հետ էի կիսվում, և նա իսկապես ինձ օգնեց: Այժմ ես ունեմ այն, ինչ չեմ ունեցել դեռահասության շրջանում` լավ ընտանիք, հրաշալի երեխաներ, որոնց էլ սովորեցնում եմ ամեն բանի հասնել խաղաղ ճանապարհով և ամենակարևորը` աշխատասեր ու խելամիտ լինել: Թույլ չեմ տալիս դիտեն բռնություն պարունակող տեսանյութեր և մուլտֆիլմեր, որոնք էլ իրենց հերթին մեծ ազդեցություն ունեն երեխայի ագրեսիվ վարք դրևորելու վրա»:
Հոգեբանի կարծիքով՝ դեռահասության ընթացքում անձի տրամադրության և վարքագծի տատանումների համար մեղավորներ փնտրել հարկավոր չէ, դա շատ ժամանակավոր բնույթ է կրում․ «Ուղղակի ծնողները պետք է իմանան այդ տարիքային խմբի ճգնաժամերի՝ բարդույթների մասին, քանզի տվյալ անձի մոտ կայանում է սեռահասուն անհատականության բնորոշ գծեր, և այն առանց հակադրման չի կարող կայանալ»:
Հոգեբանը նշեց նաև, որ դեռահասը պետք է վստահ լինի, որ իր ծնողները շարունակում են իրեն սիրել և պատրաստ են ընդունել իր անհատականությունը և իրեն արդեն վերաբերվում են ինչպես մեծ, հասուն անհատականության, այլ ոչ թե դեռ փոքրիկի, որ ամեն ինչում պետք է լսի իր ծնողներին.
«Ծնողները չեն կարող լինել միակ մեղավորները, նրանք ընդամնեը կարող են իմանալ և գիտակցել այդ տարիքային խմբի խնդիրները և օգնել իրենց դեռահաս երեխային՝ դառնալով արդեն հասուն ընկերներ»:
Աննա Դանիելյանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ սկսել էր հաճախ ականատես լինել իր 15 ամյա որդու ագրեսիվ վարք դրևսորելուն: Տիկին Աննան կարծում է, որ համար մեկ մեղավորը համացանցն է և բռնություն պարոնակող խաղերը: Իրենց տանը բռնություն կամ կոնֆլիկտային իրավիճակներ չեն լինում, սակայն իր որդին ակտիվորեն ժամանակն անցկացնում է համացանցում, խաղում է բռնություն պարունակող խաղեր, դիտում նույնանման սերիալներ, ֆիլմեր. «Սկզբում ուշադրություն չէի դարձնում այդ խաղերին, ֆիլմերին. մտածում էի` երեխա է, չեմ կարող հետ պահել նրան այդ ամենից. չէ՞ որ իր բոլոր հասակակիցներն էլ խաղում են այդ խաղերը: Սակայն զգացի, որ տղաս սկում է մեզ հետ խոսել շատ ագրեսիվ, հաճախ է բղավում, դրսևորում է էնպիսի վարք, որը, իսկապես, իրենից սպասելի չէ»:
Տիկին Աննան որոշեց, որ միակ ելքը տվյալ խաղերը փոխարինելն է այնպիսի խաղերով, որոնք չեն պարունակում բռնություն. «Ամուսինս արգելափակեց այդ խաղերը` փոխարենը տղայիս երկար-բարակ համոզելուց հետո սկսեցին միասին խաղալ ինտելեկտուալ խաղեր, մեքենա վարելու խաղեր, ֆուտբոլ, այսպես ասած այդ կռիվ-կռիվ խաղերին փոխարինեցին ավելի սպորտային և ինտելեկտուալ խաղերը: Ես իսկապես զգացի, որ երեխայի հոգեբանությունը հիմնովին փոխվում է:
Մոր կարծիքով՝ երեխայի վրա բռնություն գործադրելը կամ որևէ բանից զրկելը լավագույն տարբերակը չէ, քանի որ դեռահասությունը, իսկապես, բարդ հոգեբանական տարիք է, և պիտի փորձել երեխայի համար դառնալ ընկեր, լինել հանդուրժող, տալ միայն դրականը:
Հոգեբան Անի Կարապետյանի խոսքով՝ «ագրեսիա» և «մեդիա» բառերը փոխկապակցված են, քանի որ մեդիան ծնում է ագրեսիա և ամեն օր ներարկում այդ ագրեսիան դեռահասի դեռևս չձևավորված բնավորության մեջ.
«Մեդիան որքան կրթադաստիարակչական է, նույնքան էլ ագրեսիայի համար մեկ խթանիչներից է: Ագերսիան ոչ միայն վարքային է լինում, այլ նաև խոսքային, իսկ խոսքային ագրեսիային նպաստում են ժարգոնային բառապաշարով գրառումները, մեկնաբանությունները, և նաև հայկական արտադրության սերիալները»:
Ի՞նչ անել ագրեսիայի զոհ չդառնալու համար, պատասխանում է հոգեբանը․ «Ագրեսիայի զոհ չդառնալու համար ընդամենը պետք է ձեռք բերել գիտելիք, հնարավորության սահմաներում թույլ տալ դեռահասին կայացնել ինքնուրույն որոշումներ և ուղղորդել, ոչ թե անընդհանտ միջամտել նրա վարքագծին, և ամենից կարևորը` հասկանալ և սիրել անձին այնպես, ինչպես ինքը կա` առանց նրան փոխելու ցանկություն։ Եվ հիշել, որ ինքը մեղավոր չէ իր մարմնում ընթացող ֆիզոլոգիական փոփոխություններին յուրօրինակ ճանապարով հարմարվելու համար»։
Ի դեպ, Միացյալ Նահագների դպրոցական հոգեբանների ազգային միության կողմից անցկացված հետազոտության համաձայն` ամեն օր ավելի քան 160.000 երեխա չի ներկայանում դասերին` վախենալով ագրեսիայի ենթարկվելուց: Սովորաբար, ագրեսիայի զոհ դարձած երեխաները դադարում են խոսել դպրոցի, տվյալ դասարանի, կամ դպրոցում ծավալվող գործունեության մասին: Նրանք ամեն օր ուշանում են դասերից, բաց են թողնում դրանք կամ էլ արդարացումներ են փնտրում` դպրոց չգնալու:
Մերի Ալոյան
2-րդ կուրս