Լիլիթի հինգ տարեկան որդին վերջերս դարձել է շատ կամակոր. չի լսում ծնողներին և շրջապատից մեկուսացել է։ Լիլիթի խոսքով՝ ինչ ասում են, հակառակն է անում: Մեր այն հարցին՝ երեխան միշտ է նման վարքագիծ ունեցել, թե՞ ինչ-որ դեպքից հետո, Լիլիթը պատասխանեց, որ իր կարծիքով՝ նա ընդօրինակում է իրենց բակի մի երեխայի, որը հոգեկան խանգարում ունի։ «Երեխաս ամեն բառիցս ու նկատողությունիցս հետո թափահարում է ոտքերը, սկսում լաց լինել։ Իմ կարծիքով՝ նա սկել է նմանակել հարևանիս երեխային, ով խնդիրներ ունի։ Նրա նման է խոսում, շարժվում, ինչը հաճախ ինձ հունից հանում է»,- պատմեց Լիլիթը։
Արմինեն էլ իր ինը տարեկան աղջկա պահվածքով էր մտահոգ. «Խանութում, երբ աղջիկս ուզում էր՝ կոնֆետ գնեմ, ես ասացի՝ մի ուրիշ անգամ, նա էլ սկսեց բղավել: Այդ ժամանակ գրկումս էր, ձեռքով հարվածեց դեմքիս»։
Մեզ հետ զրույցում հոգեբան Էլոննա Ավետյանը նշեց, որ ծնողներին անհրաժեշտ է հասկանալ իրենց երեխայի անձի առանձնահատկությունները և շտկել սեփական վարքագիծը: Նրանց խնդիրն է հասկանալ սեփական երեխային և ներկայացնել հստակ հրահանգներ: Երեխաները միշտ ստուգում են այն սահմանների ուժը, որոնք դրել են ծնողները: Հարցը երեխայի խառնվածքի, անձնային հատկանիշների յուրահատկության մեջ է: Կամակոր երեխաները բնությունից օժտված են բարձր աստիճանի համառությամբ, ռեակտիվությամբ և անուշադրությամբ:
«Երբ ծնողը հստակ՝ առանց հույզերի և զգացմունքների խոսում է իր պահանջների մասին, այդ ժամանակ երեխան փորձում է լսել ծնողին: Երեխան ծնողի ձայնի մեջ չպետք է լսի ագրեսիա կամ պահանջկոտություն: Ինչպես նաև, երեխային պետք չէ կտրուկ մերժել՝ ասելով «ոչ»»,- մեկնաբանեց հոգեբանը: Ըստ նրա՝ երբ երեխան սկսում է խոսել բառակապակցություններով, այդ ժամանակվանից ծնողը պետք է բացատրելով խոսի երեխայի հետ: Ցանկալի է խոսել առանց «չի կարելի»-ների: Դրա փոխարեն կարելի է իրավիճակը բացատրելով ներկայացնել, պատմել՝ տվյալ գործընթացը ինչ վատ կամ լավ արդյունք կարող է ունենալ: Այս տարբերակի միջոցով երեխային հնարավոր է շեղել «չարաճճիությունից»:
Էլոննա Ավետյանը հավելեց, որ կամակոր երեխաներն ագրեսիվ են, կոնֆլիկտային, նեղացկոտ: Նրանց հարաբերությունները մարդկանց հետ լարված են: Միանշանակ, երբ երեխային մանկուց բացատրում են ցանկացած արարք, իրավիճակ, երեխան զերծ է մնում խիստ բացասական վարքագծից: Միայն սահմանային վիճակներում կարելի է կիրառել պատժամիջոցներ, օրինակ՝ զրկել երեխային իր համար ամենացանկալիից՝ խաղեր, ընկերներ հետ շփում, սիրված կերակուր և այլն:
Հոգեբանի դիտարկմամբ՝ կարևոր է նաև ընտանիքի մթնոլորտը։ Երբ ընտանեկան մթնոլորտը ներդաշնակ է, ծնողները փորձում են ցանկացած վարքագիծ և իրավիճակ առողջ քննարկել, այդ ժամանակ երեխայի հոգեկան աշխարհը զարգանում է առողջ և հանգիստ:
Մանկական հոգեբան Կարեն Վահրամյանի խոսքով էլ՝ ծնողը երեխայի համար օրինակ է։ Երեխայի վրա ազդում են ընտանիքում կատարվող նույնիսկ ամենափոքր գործողությունները։ Այսինքն՝ ինչ էլ ծնողները խրատեն, երեխան նմանակելու է նրանց վարքագիծը, խոսքը, վերաբերմունքն ուրիշների և հարազատների նկատմամբ: «Երեխաները շատ հաճախ կամակոր դառնում են սիրո պակասից, կամ էլ, երբ ընտանիքում երեխան դառնում է կռվախնձոր։ Մոր ասածին հակառակում է տատիկը, հայրն էլ բղավում է մոր վրա»,- շեշտեց հոգեբանը։
Մեր անանուն հերոսը պատմեց, որ սկեսրոջ գերակայությունը շատ վատ է անդրադարձել երեխայի վրա. «Սկեսուրս շատ է երես տալիս երեխայիս, կատարում է նրա բոլոր կամակորությունները։ Երեխաս ինձ չի լսում, նույնիսկ վիրավորում է։ Երբ ես բարկանում եմ երեխայիս վրա, կամ նկատողություն եմ անում, սկեսուրս պաշտպանում է։ Երեխաս մի անգամ ասաց, որ ես իրեն չեմ սիրում, իսկ տատիկը սիրում է»։
Հոգեբանի խոսքով՝ այս դեպքը, ցավոք, շատ հայ ընտանիքներում կա. տատիկն իր չափազանց սիրով երեխային կամակոր է դարձնում, կտրում մորից։ Սա, ըստ նրա, պետք է արմատապես հանել մեր ժողովրդի մտածելակերպից. որքան էլ տատիկ-պապիկները շատ սիրեն երեխային, ծնողներն են պատասխանատու երեխայի վարքագծի համար։
Հոգեբանները նշում են, որ կարևոր են ծնողի մոտեցումը և դաստիարակության մեթոդները։ Ծնողներն ուղղակի պիտի վերհիշեն իրենց մանկությունը. ինչ ցանկություններ, սպասումներ ունեին իրենց ծնողներից, ինչից էին սրտնեղում, վիրավորվում, ինչ պատճառներ էին դրդում դառնալ կամակոր, չլսող կամ հուսալքված, ցրված, անտարբեր ամեն ինչի նկատմամբ: Ընդամենը պետք է սիրել նրանց՝ առանց նախապայմանների և վերապահումների:
Շողեր Կակոյան
2-րդ կուրս