Մայիսի 30-ին, ժամը 19։30 տեղի ունեցավ արձակագիր Սարգիս Գոքորյանի հինգերորդ՝ «Ի՞նչ անեմ քեզ համար» գրքի շնորհանդեսը։ Հաշվի առնելով պանդեմիայի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակը՝ հեղինակի այս գրքի շնորհանդեսն առցանց էր։
Սարգիս Գոքորյանը ստեղծագործում է դասական արձակի ժանրում։ Ընթերցողների հավաստմամբ՝ նրա բոլոր գրքերում մեծ նշանակություն է տրվում կնոջը, նրա ապրումներին, վախերին, վերելքներին ու թաքուն երազանքներին, բայց, չնայած դրան, ստեղծագործությունները պետք է կարդան նաև տղամարդիկ, որ գնահատեն ու պահեն իրենց կարևորագույն կեսին։ Հեղինակի խոսքով՝ այս անգամ գրքի գլխավոր հերոսը հոգեբան է, ով հոգնել է իր հաճախորդներից, ովքեր միշտ նեղանում են, երբ նա ասում է ճշմարտությունը, և նա ստիպված իր հերոսին փնտրում է մեկ այլ տեղ՝ հոգեբուժարանում։ Այնտեղ գտնում է մի հետաքրքիր կնոջ, ով 20 տարի՝ իր երիտասարդ տարիներից մինչև բոլորովին վերջերս, անց է կացնում հոգեբուժարանում։ Հենց այդ ծանոթությունն էլ դառնում է գրքի հիմնական նյութը։ Կա ևս մեկ հերոս՝ կնոջ ամուսինը, ում պատճառով կինը խելագարության է հասել։ Շատ հետաքրքիր բացահայտումներով, երկխոսություններով, իրադարձություններով պատմությունը հասնում է հանգուցալուծման, որն էլ պետք է հետաքրքրի ընթերցողներին։ Ըստ գրողի՝ այս ստեղծագործությունը նախորդ գրքերին որոշ չափով նման է. կա սեր, կիրք, Աստծո հետ երկխոսություն, մարդկային հարաբերություններ, որոշումներ, որոնք մենք հաճախ ստիպված ենք լինում կայացնել, իսկ թե ինչպես են մեր հերոսները դուրս գալիս բարդ իրավիճակներից ու ինչպես են արդարացնում այդ որոշումները, պարզ կդառնա գիրքն ընթերցելուց։
Սարգիսը խուսափում է պատասխանել՝ գիրքը իրական պատմության հիման վրա է գրվա՞ծ, թե՞ ոչ։ Բայց ասում է, որ ամեն բան շատ ավելի իրական է, քան կարծում ենք, գոնե այն իմաստով, որ, այո՛, այն հերոսները, որոնց մասին գրել է, բավականին շատ են մեր միջավայրում, շատ ավելի շատ են եղել արցախյան պատերազմի տարիներին, ու հենց այդ պատերազմի հետևանքներն արծարծված են գրքում։ Հեղինակը նշում է, որ մարդկային հարաբերություններում մենք հաճախ փնտրում ենք, թե ի՞նչ կանեն մեզ համար, այս անգամ գլխավոր հերոսը փնտրում է՝ ինչ անել ուրիշի համար․ հենց դա գրքի հիմնական մեսիջն է, որը նաև արտահայտված է վերնագրում։
Սարգսի գրքերի առաջին ընթերցողը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանն է, ում խոսքով, մեր ժամանակներում ընթերցողներն ավելի քիչ են, քան գրողները։ Գրողները շատացել են։ Եվ ահա, բազմանուն հեղինակների շարքում, 5-րդ անգամ նա հանդիպում է Սարգիս Գոքորյանի գրքին։ Նա, հատկապես երիտասարդներին, խորհուրդ է տալիս կարդալ գիրքը, քանի որ գրողը երիտասարդ է և ունի ժամանակակից ոճ։
Հեղինակի գրքերի լավագույն ընթերցող ճանաչվել է հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը։ Որոշման հիմքում ընկած է մի պատմություն. Սարգսի 4-րդ գրքի շնորհանդեսին, երբ հյուրերը խոսում էին, գինի խմում, շփվում հեղինակի հետ, Անահիտ Բախշյանը, չհամբերելով տուն հասնել, գիրքը կարդաց, վերջացրեց՝ մինչև շնորհանդեսի ավարտը։
Շապիկի հեղինակը պլաստիկ վիրաբույժ, նկարիչ Կարեն Բաղդասարյանն է, ով նաև Սարգսի ընկերն է։ Նկարը ստանալու համար պահանջվել է 8 ամիս։ Հեղինակի պատկերացմամբ՝ խորհրդանշում է իր տեղը, իր երջանկությունն աշխարհում փնտրող մարդու, ով դրա համար պատրաստ է անել ամեն ինչ, դա հուշում է նրա ջղաձգված, պատրաստակամ մարմինը։
Գրքի առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է հատուկ մշտական ընթերցողների համար ու հրատարակվել քիչ քանակով, այսինքն առաջնահերթությունը պետք է տրվի հենց հավատարիմ լսարանին,։ Քանի որ չկա հանդիպելու, ստորագրելու, նվիրելու հնարավորություն, գիրքը ստեղծվել է անվանական, ու հենց առաջին էջում կա մի նախադասություն. «Գրքի այս օրինակը պատկանում է ______________ ին ». այստեղ պետք է գրվի գրքի տիրոջ անուն֊ազգանունը։
Սարգսի համար կարևոր է ընթերցողների հետ շփումը, հետաքրքիր է նրանց կարծիքը։
Աննա Գրիգորյան
3-րդ կուրս