731 ՕՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ. ՏԱ ԹԵՎԵՐ

731 ՕՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ. ՏԱ ԹԵՎԵՐ

9249

22 տարեկան այս աղջիկը Տաթև Կոստանյանն է, ով ընթերցողին ներկայանում է Տա Թևեր գրական անվամբ։ Նրա անունը հայտնի դարձավ հատկապես առաջին՝ «731 օր քեզ համար» հեղինակային գրքի շնորհիվ։

-Դուք ընթերցողին ներկայանում եք Տա Թևեր գրական կեղծանվամբ։ Կպարզաբանեք՝ ինչու՞ Տա Թևեր։

  – Զինվորներին հասցեագրված նամակ էի գրել, որը լայն տարածում էր գտել համացանցում և անգամ տպագրվել էր Մարտակերտի «Ջրաբերդ» պաշտոնաթերթում,  հասել մինչև դիրքեր: Մի զինվոր ասաց, որ ես անվանս համապատասխան թև եմ տալիս իրենց, հետո ուղղեց խոսքը՝ ասելով, որ թև չէ, այլ թևեր: Այդտեղից էլ ծնվեց Տա Թևեր գրական կեղծանունս:

-Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք գրել։ Ի՞նչ նախապատմություն ունի գիրքը։

-Գրել սկսել եմ դեռ մանկուց, բայց գիրք գրելու գաղափարը ծնվեց երևի թե 2015 թվականին գրածս նամակից հետո: Տղերքի և անգամ սպայական անձնակազմի արձագանքն ինձ ստիպեց հասկանալ, որ ես կարող եմ թեկուզ գրչով լինել զինվորների կողքին: Բացի այդ, իմ մեջ միշտ կար պարտքի զգացում հայրենիքի հանդեպ։ Եղբայր չունեի, որ կծառայեր, ոչ էլ ես կարող էի ծառայել, ու ես որոշեցի թեկուզ գրելով, տղերքի համար գրելով՝ «մարել այդ պարտքը»։ Գրքի առաջնային նպատակը եղել է  զինվորին ցույց տալը, որ թիկունքն իր հետ է: Զինվորները պետք է գիտակցեն ու հավատան, որ մենք սիրում ու սպասում ենք իրենց՝ մեկ առ մեկ, ծանոթ թե անծանոթ:

Ինչու՞ «731 օր քեզ համար»։

-Գիրքը 2014 թվականին բանակ զորակոչված տղայի մասին է: Այն զինվորի ու նրան թիկունքում սպասող հայուհու սիրո պատմությունն է: Գրքում նկարագրվում են սպասումը, կարոտն ու պատերազմը: 731 օրն ամբողջացնում է ծառայության 2 տարին՝ սպասման, կարոտի օրերը: Կարծում եմ՝ անվան մեջ այս թիվը տեսնելուն պես ընթերցողը կհասկանա՝ ինչի մասին է գիրքը։

Խոսեցիք ապասումներով լի աղջկա կերպարի մասին։ Այդ կերպարը մտացածի՞ն է, թե՞ որևէ առնչություն ունի Ձեզ հետ։

-Կերպարը հորինված է: Բայց կան հատվածներ, որոնցում ինձնից շատ բան կա: Ի վերջո իմ ստեղծած կերպարն է, անհնար է՝ ինձնից բան չներդնեի նրա մեջ:

-Տաթև, Ձեր գիրքն ունեցել է երկու շնորհանդես։ Կպատմե՞ք՝ ինչպես։ Ո՞վքեր են աջակցել Ձեզ այդ հարցում։

   -Առաջին շնորհանդեսը եղել է 2019 թ. հունվարի 28-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ Դիմել եմ շատ կառույցների՝ աջակցություն ստանալու նպատակով, բայց ապարդյուն։ Ամեն ինչ կազմակերպել եմ սեփական միջոցներով։ Իսկ երկրորդն արդեն նույն տարվա հոկտեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում է տեղի ունեցել՝ ՊՆ-ի անմիջական աջակցությամբ: Երկրորդ շնորհանդեսի նպատակը գրքերս զորամասեր ուղարկելն էր, որի արդյունքում 300 օրինակ գիրք նվիրաբերել եմ ՊՆ-ին, և դրանք հասել են ՀՀ և ԱՀ բոլոր սահմանային զորամասերի գրադարաններ:

-Եվ վերջում, Տաթև, ի՞նչ կմաղթեք մեր զինվորներին։

 -Զինվորներին անփորձանք ծառայություն ու խաղաղ երկինք եմ մաղթում: Թող անկորուստ լուսաբացներ լինեն դիրքերում, իսկ տուն դարձող ավտոբուսների մեջ տղերքի տեղը դատարկ չմնա: Թող կարողանան հաղթել ոչ միայն թշնամուն, այլև կարոտին ու հեռավորությանը: Աստված իրենց հետ։

Նարե Բաբերյան
2-րդ կուրս

Կիսվել