ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

1276

Արդեն մի քանի տարի է, ինչ զբոսաշրջությունը Հայաստանում հայտարարվել է տնտեսության առաջնահերթ ոլորտներից մեկը: Այս ոլորտն ունի առանձնացված պետական քաղաքականություն: Այդ քաղաքականության հիմքում դրված են երեք հիմնական նպատակներ՝ զբոսաշրջային այցելությունների քանակի աճ, զբոսաշրջիկներից ստացված եկամուտների ապահովում ու ավելացում, աշխատատեղերի ստեղծում: Սակայն, կորոնավիրուսով պայմանավորված, զբոսաշրջությունը կորուստներ է ունեցել:

Համաշխարհային տուրիզմը վնասներ է կրում կորոնավիրուսի տարածման հետ կապված։ Բնականաբար, Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ վնասներից:

Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության տնօրեն  Գոռ Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս թեմային՝ նշելով. «Քանի որ զբոսաշրջությունն իսկապես ամբողջությամբ կարող է վերականգնվել միայն զբոսաշրջիկի և զբոսաշրջային հոսքերի առկայությամբ, այսինքն՝ ինչքան էլ զբոսաշրջությունը թվայնացվի, մեկ է, թվանյացմամբ, համենայն դեպս,  զբոսաշրջիկին ֆիզիկապես տեղափոխել Ա կետից Բ կետ, տեսանելի ապագայում անհնար է»:

Նա նաև հավելեց, որ մի կողմից առաջնահերթը մարդու առողջությունը պահպանելն է, մյուս կողմից՝ զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարելը։ Ըստ այդմ, կարող ենք եզրակացնել, որ առաջիկայում զբոսաշրջության մասին խոսք լինել չի կարող:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ս. Սաֆարյանը ևս անդրադարձել է քննարկվող հարցին՝ մամուլի ասուլիսում նշելով, որ կորոնավիրուսի հետևանքով տուժած ոլորտներից է  զբոսաշրջությունը.

«Զբոսաշրջությունը համարվում է առավել խոցելի ոլորտ, քան մյուս ոլորտները, և դրանով պայմանավորված կրում է վնասներ: Կրում են վնասներ մասնավոր ոլորտի ներկայացուցիչները, անհատ ձեռնարկատերերը, որոնք ներգրավված են  եղել զբոսաշրջության ծառայություններ մատուցման բնագավառում, հյուրանոցները, զբոսաշրջային սուբյեկտները»:

Կարող ենք ասել, որ այս ամենը պայմանավորված է և´ չեղարկված թռիչքներով, և´ հյուրանոցային ամրագրումների չեղարկումով, որը կարող է հանգեցնել  լուրջ տնտեսական խնդիրների:

Թեմայի շրջանակում զրուցեցինք ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի դասախոս Տիգրան Դավթյանի հետ:

Մեր հարցին, թե ինչպիսի հետևանքներ է թողնում կորոնավիրուսային իրավիճակը մեր երկրի զբոսաշրջության զարգացման վրա, նա պատասխանեց, որ զբոսաշրջային ինդուստրիան ունի տարբեր կառուցվածքային տարրեր ու դրանց վրա այս իրավիճակի ազդեցության տեսակն ու չափը կարող են տարբեր լինել.

«Զբոսաշրջային ծառայություններ մատուցող առաջնային օղակի՝ զբոսաշրջային կազմակերպությունների (տուրօպերատորներ և տուրգործակալներ) վրա ազդեցությունը միանշանակ բացասական է: Այս կազմակերպությունների եկամուտները հիմնականում ձևավորվում են տուրփաթեթների և ավիատոմսերի վաճառքից, որոնց գծով պահանջարկը շուկայում զրոյացավ տեղաշարժի սահմանափակումների հետևանքով»:

Նրա խոսքով, այն կազմակերպությունները, որոնք ունեն ներդրված  վարկեր, կարող են հայտնվել խորը ճգնաժամի մեջ, մինչև անգամ կարող են սնանկացման  հասնել։  

Նշվեց, որ հանրային սննդի ոլորտը ևս զբոսաշրջային ինդուստրիայի մի մասն է կազմում. «Այստեղ իրավիճակը համեմատաբար բարվոք է՝ շնորհիվ այն հանգամանքի, որ կարանտինային իրավիճակի պայմաններում բազմակի  ավելացել են սննդի առաքման պատվերները։

Մարդիկ ուղղակի ցանկանում են ճամփորդել Հայաստանի տեսարժան վայրերով, ընտանիքներով այցելել բնության գիրկ, որպեսզի մի փոքր կարողանան ցրվեն՝ խուսափելով շատ մարդկանց հետ շփումից»:

Նա հավելեց, որ տուրիստական կազմակերպությունները, տուրիստական ինդուստրիայի մյուս ներկայացուցիչները՝ ավիաընկերությունները, տրանսպորտային կազմակերպությունները, սննդի օբյեկտները, հյուրանոցները ձգտելու են իջեցնել իրենց գները՝ խթանելով պահանջարկը.

«Կարծում եմ, որ դա, որոշակի հաջողություն կբերի, քանի որ հետհամաճարակային իրավիճակում՝ չնայած եկամուտների նվազմանը, ավելանալու է մարդկանց ճամփորդելու պահանջմունքը: Այսքան երկար ժամանակ տանը նայելուց հետո դա բնական է: Շատերի համար դա կլինի հնարավորություն իրականացնելու իրենց երազանքի ճամփորդությունը, որը նախկինում չեն կարողացել իրականացնել ֆինանսական միջոցների անբավարար լինելու պատճառով»:

Այսպիսով, եթե իրավիճակն ավելի սրվի և երկարի, Հայաստանում վերջին տարիներին արագ տեմպերով զարգացող զբոսաշրջության ոլորտը կարող է հայտնվել ճգնաժամային իրավիճակում: Սակայն, եթե իջեցվեն տուրփաթեթների գները (խոսքը հիմնականում արտագնա ճամփորդությունների մասին է) մարդիկ, որոնք  հնարավորություն չեն ունեցել ճամփորդելու, կարող են ճանփորդել։

Սաթենիկ Խեբոյան

5-րդ կուրս

Կիսվել