Սլավոնական համալսարանի ուսանող Էրիկ Միքայելյանը համոզված է՝ ավարտելուց հետո չի աշխատելու իր մասնագիտությամբ։ Շատերի համար կարերայի կառուցումը կյանքի կարևոր նպատակն է դառնում, բայց շատ հաճախ բաղձալի պատկերացումները մասնագիտության մասին հօդս են ցնդում։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ –ում, 2019թ․ տվյալների համաձայն, մարդկանց 85%-ն այսօր չի աշխատում իր մասնագիտությամբ։
ԵՊՀ ուսանող Էլմիրա Ալեքսանյանը վստահ է, որ իր մասնագիտությամբ աշխատել չի կարողանալու․
«Ես մասնագիտությամբ սոցիոլոգ եմ, բայց աշխատում եմ որպես հյուրընկալ, իմ մասնագիտությամբ աշխատելու դեպքում ավելի քիչ կվարձատրվեմ և չեմ կարողանա կարիքներս լիովին հոգալ։ Շարունակում եմ ուսումս, քանի որ բարձրագույն կրթություն ստանալն, իմ կարծիքով, յուրաքանչյուր բնագավառում էլ անհրաժեշտ է»։
Ի տարբերություն Էլմիրայի՝ Արմինե Պողոսյանն ափսոսում է, որ հեռացել է մասնագիտությունից։ Ասում է, որ մասնագիտությամբ աշխատելն իր համար այդպես էլ երազանք մնաց․
«Մասնագիտությամբ ռեժիսոր եմ, բայց այժմ աշխատում եմ Ոստիկանության ծառայությունում։ Ուսանողական տարիներից տարբեր տեղեր եմ աշխատել և հասկացել, որ իմ մասնագիտությամբ աշխատելու դեպքում քիչ կվաստակեմ։ Եթե հնարավոր լիներ, կուզեի ժամանակը ետ պտտել։ Գոնե իմ մասնագիտությամբ աշխատելու փորձեր կանեի»։
Իսկ Գոռ Ղուկասյանն, ով մասնագիտությամբ բժիշկ է, չի զղջում, որ աշխատում է տուրիստական գործակալությունում․
«Արտակարգ դրության պատճառով հիմա չեմ աշխատում, բայց երբեք չեմ փոշմանել, որ աշխատում եմ այլ բնագավառում։Մասնագիտական ընտրություն կատարելիս դեռ գաղափար չունեի տուրիզմից։ Կարելի է ասել, որ Բժշկական համալսարան ընդունվել եմ ծնողներիս հորդորով։ 2-րդ կուրսից սկսեցի աշխատանք փնտրել և հասկացա, որ մասնագիտության սխալ ընտրություն եմ կատարել»։
Հոգեբան Ինեսա Կարապետյանի համոզմամբ՝ մասնագիտությունից հեռանալու հիմնական պատճառն, այն է, որ ի սկզբանե դեռահասի փոխարեն որոշում են կայացնում ծնողները․
«Շատ հաճախ ծնողները նախապես ընտրում են երեխայի փոխարեն նաև իր ապագա մասնագիտությունը։ Դպրոցական տարիներին խմբակների հաճախելը կարող է երեխաներին օգնել ապագայում ճիշտ կողմնորոշվելու համար։ Դեռահասն, ով նոր է ընտրել իր մասնագիտությունը, պետք է լիովին պատկերացնի իր ապագա աշխատանքը, պատասխանատվությունը, որպեսզի հետագայում հիասթափություն չապրի»։
Մասնագետի խոսքով՝ մասնագիտությունից հեռանալու հիմք կարող են հանդիսանալ նաև սոցիալական պայմանները․
«Ուսանողը սկսում է աշխատել, քանի որ ցանկանում է ինքնադրսևորվել, կիրառել իր հնարավորություններն ու հմտությունները, և վարձատրվել դրա դիմաց։ Ուսանողների հիմնական և կարևոր ուղղորդիչը սեփական «ես»-ի կարողությունները չափելն ու, ի վերջո, ծնողներից ֆինանսապես անկախ լինելու ձգտումն է»։
Ինեսա Կարապետյանի կարծիքը կիսեց նաև պարող Կարեն Պետրոսյանն, ով աշխատում է իր մասնագիտությամբ արդեն 5 տարի․
« Ծնողներս միշտ երազել են, որ ես պետք է տնտեսագետ դառնամ, բայց 3 օր հացադուլ անելուց հետո համակերպվեցին իմ որոշման հետ։ Երբ նոր էի ընդունվել պարարվեստի ուսումնարան, այլ պատկերացումներ ունեի իմ ապագա աշխատանքի մասին, բայց վստահ էի, որ ինձ ոչ ոք չի խանգարելու»։
Զբաղվածության պետական գործակալության աշխատակից Նունե Երանյանի կարծիքով՝ մասնագիտությամբ չաշխատելու պատճառը տվյալ մասնագիտության պահանջարկի բացակայությունն է շուկայում․
«Երիտասարդներն, ովքեր դիմում են մեզ աշխատանքի որոնման համար, ստացել են այնպիսի մասնագիտացումներ, որոնք աշխատաշուկայում մեծ պահանջարկ չունեն կամ դեռ թափուր հաստիք չկա։ Օրինակ՝ բոլորը մասնագիտությամբ իրավաբան են կամ տնտեսագետ, բայց մեր աշխատաշուկան այլ մասնագետների պահանջարկ ավելի շատ ունի»։
Նունե Երանյանի կարծիքով՝ մասնագիտություն ընտրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել աշխատաշուկան, հասկանալ ինչ հաստիքների համար կարելի է հետագայում դիմել, կամ արդյոք Հայաստանում այդ հաստիքի համար բավարար վարձատրում են, թե ոչ․
«Մենք այդպիսի պրակտիկ փորձեր շատ ենք ունեցել, երբ դիմողի համար իր մասնագիտությամբ աշխատանք է գտնվում, բայց նա հրաժարվում է դրանից՝ ցածր աշխատավարձի պատճառով։ Այսինքն, կարևոր է հասկանալ, թե դու ինչու ես ընտրում հենց այդ մասնագիտությունը և ինչ ես ակնկալում այդ մասնագիտությունից»։
Մասնագետների համոզմամբ՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերն, ուսանողը պետք է շատ լավ պատկերացնի իր ապագա մասնագիտացման պահանջները, որպեսզի ցանկության դեպքում կարողանա գտնել համապատասխան աշխատանք։
Էլիզա Գալուստյան
2-րդ կուրս