«Բիո էքսպո 2024». երբ գիտությունը դառնում է ապագայի հարթակ

«Բիո էքսպո 2024». երբ գիտությունը դառնում է ապագայի հարթակ

151

Երևանի պետական համալսարանում կայացավ ամենամյա «Բիո էքսպո 2024» ցուցահանդեսը։ Այն կազմակերպվում է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ։ Նոյեմբերի 8-ին անցկացված էքսպոն նպատակ ունի ապագա դիմորդներին ծանոթացնելու ֆակուլտետին, ամբիոններին, դրանց գործունեությանը, հետագայում աշխատանքային հնարավորություններին, ինչպես նաև շրջանավարտներին օգնելու սկսել իրենց մասնագիտական կարիերան։ 

Բացի ֆակուլտետից, մասնակցում էին նաև գործընկեր կազմակերպություններ, ակադեմիաներ, որոնք ներկայացնում են իրենց կենտրոնները, հնարավորությունները, աշխատուժը։

«Աշակերտների համար սա հարթակ է ծանոթանալու, թե ֆակուլտետում ինչ մասնագիտություն կարող են ձեռք բերել, ինչ հնարավորություններ կարող են ունենալ եւ մասնագիտական կողմնորոշում ձեռք բերել։ Ուսանողների, շրջանավարտների համար ներկայացված են իրենց ապագա գործատուները, իսկ գործատուները հնարավորություն են ունենում ծանոթանալ իրենց ապագա մասնագետների հետ»,-էքսպոյի նպատակը ներկայացնում է Կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ռուզաննա Հարությունյանը: 

Էքսպոյի գաղափարը ծնվել է դեռահասներին և երիտասարդությանը ավելի մոտեցնելու գիտությանը։ Տեղում կատարվեցին տարբեր գիտափորձեր, մասնագիտական աշխատանքներ։ 

«Ներկայացնում ենք սոխի մեջի ցիտոպլազման։ Սոխի վրա լցնում ենք հյութ և աղաջուր, որպեսզի երևա՝ ինչպես են ցիտոպլազմային բջիջները կծկվում»,-պատմում է ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտուհին՝ իր հասակակիցներին հաղորդակից դարձնելով գիտության ու գիտափորձի գրավչությանը:


Ստելլա Կիրակոսյան

2-րդ կուրս

Կիսվել