ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻ «ՍԵՎ ՊԱՏՅԱՆԻՑ»

ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐԻ «ՍԵՎ ՊԱՏՅԱՆԻՑ»

1991

19-ամյա Սյուզաննան տարիներ առաջ նեղվում էր այն փաստից, որ կարճահասակ է և   ձեռք էր բերել բարդույթներ։ «Մոտ 2 տարի առաջ մտածում էի՝ շատ ցածրահասակ եմ, եթե հասակս մի քանի սանտիմետրով ավելի լիներ, այդպես իդեալական կլիներ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Սյուզաննայի մայրը միշտ ասում էր դստերը, որ հասակը չափանիշ չէ, և կյանքում շատ ավելի կարևոր արժեքներ կան, բայց նա շարունակում էր դժգոհել և այն կարծիքին էր, որ բարձրահասակ աղջիկներն ավելի գեղեցիկ են։

«Սակայն եկավ մի պահ, երբ դադարեցի նեղվել հասակիցս։ Նույնիսկ զարմանում եմ՝ ինչպես կարող էի այդ փաստից կաշկանդվել և թերագնահատել ինձ, չէ՞ որ ցածր հասակ ունենալը երբեմն լավ է, օրինակ՝ երբ հասարակական տրանսպորտում ազատ տեղ չի լինում նստելու, գոնե ազատ կանգնում եմ»,- ասաց Սյուզաննան և հավելեց, որ ամեն մարդ իրեն պետք է ընդունի այնպիսին, ինչպիսին կա։

Մեր մյուս զրուցակիցը՝ 22-ամյա Լիլիթ Գալստյանը (անունը փոխված է), ունի ազատորեն արտահայտվելու և կարծիք հայտնել չկարողանալու բարդույթ։ «Ես ընդունում եմ, որ ունեմ որոշակի բարդույթներ, սակայն չեմ կարող հստակ ասել՝ ինչն է պատճառը, գուցե անհամարձակությունն է, սխալվելու վախը կամ գուցե երկուսը միասին, բայց ազատ խոսել և կարծիք հայտնել չի ստացվում, կարծես մեկը ներսիցս ասի՝ ավելի լավ է լռես»,-  պատմեց Լիլիթը։

Նրա խոսքով՝ շրջապատում բոլորն ազատորեն խոսում են, կարծիք արտահայտում, նա ևս ցանկանում է համարձակ լինել և ազատվել այդ բարդույթներից։ «Հոգեբանի չեմ դիմել, փորձում եմ ինքս աշխատել բարդույթներիս վրա և հաղթահարել դրանք, հուսով եմ՝ կստասցվի»,- ասաց Լիլիթը։

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ բարդույթը անձի ենթագիտակցականում ձևավորվող էմոցիոնալ պատկերացումների ու պատճառների ամբողջությունն է, ինչն ունենում է նշանակալի ներգործություն մարդու հոգեկանի և անհատականության զարգացման, ինչպես նաև վարքի վրա։ Խնդրի առկայության դեպքում անձը կարող է իրեն թերագնահատել կամ գերագնահատել։

«Ինչպես մյուս բոլոր բարդույթների, այնպես էլ գերարժեքության բարդույթի ձևավորման  մեջ մեծ է մեծահասակի դերը, հետևաբար շատ կարևոր է, որ մեծահասակը լինի չբարդույթավորված, քանի որ բարդույթներով ծնողը չի կարող մեծացնել առանց բարդույթների երեխա»,- նշեց հոգեբանը և հավելեց, որ տան «թագավոր», «թագուհի» երեխաները ծնողների կողմից ստանում են այնպիսի դաստիարակություն, որի արդյունքում չի ձևավորվում իրենց անձի մասին օբյեկտիվ պատկերացում։

«Իրականում գերարժեքության բարդույթի հիմքում շատ հաճախ ընկած է հենց թերարժեքությունը։ Գերարժեքության բարդույթը դառնում է պաշտպանական մեխանիզմ, ներառում է նաև «ռետրոֆլեքսիա» տերմինը, երբ մարդն իրեն է վերագրում հատկանիշներ, որոնք կցանկանար ունենալ»,- նշեց հոգեբանը։

Լուսինե Գրիգորյանը որպես գերարժեքության բարդույթի հաղթահարման մեթոդ նշեց անձի կողմից սեփական ինքնաճանաչումը, իր թույլ և ուժեղ կողմերի ռեալ գիտակցումը։

«Բարդույթ թաքցնելը դեռևս խնդրի լուծում չէ, առաջին հերթին մարդն ինքը պետք է գիտակցի և հաղթահարի իր բարդույթները, ընդունի իրեն այնպիսին, ինչպիսին կա»,- նկատեց մասնագետը և ավելացրեց՝ եթե խնդիրը դիտարկում ենք որպես այլ մարդուց պաշտպանություն, ապա շատ կարևոր է տիրապետել հակամանիպուլյատիվ տեխնիկաների, սեփական թերությունները դարձնել առավելություններ, քանի որ դիմացինը կարող է մեր բարդույթներն օգտագործել այնքանով, որքանով՝ թույլ ենք տալիս։

Մասնագետը նշեց, որ հոգեբանական շատ խնդիրների հիմքում ընկած են հենց բարդույթները, առկա կարծրատիպերը, ուստի առողջ ինքնաքննադատությունը, սեփական թույլ կողմերի գիտակցումը, դրանց վրա աշխատելը և ինքնակատարելագործումը շատ կարևոր են, որոնք կօգնեն բարդույթներից ազատվելուն։

Լուսինե Գրիգորյանը խոսեց նաև «դրական» բարդույթների մասին, որոնք անձի հոգեբանական վիճակի և վարքի վրա դեստրուկտիվ ազդեցություն չեն ունենում, սակայն «բարդույթ» բառն արդեն իսկ նշանակում է գործողությունների սահմանափակում։ Նա նշեց նաև՝ երբ մարդը բարդույթավորվում է, ապա գերադասում է չարտահայտվել, տանից դուրս չգալ, չշփվել, հետևաբար «դրական» է սեփական բարդույթների գիտակցումը, դրանց հաղթահարումը և ինքնաընդունումը։

«Զարգացում» հոգեբանական համալիրի տնօրեն, հոգեբան Էլոննա Ավետյանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ բարդույթները մի դեպքում դրդում են փոփոխությունների, իսկ մյուս դեպքում մարդու երազանքների ճանապարհին արգելք են հանդիսանում, նաև նվազեցնում են հավատը սեփական անձի նկատմամբ և խոչընդոտում ապրել լիարժեք կյանքով։ Նրա խոսքով՝ սեփական թերությունները ընդգծելը, սեփական անձը թերագնահատելը և շատ այլ սովորույթներ մեր վարքագծում արմատավորվում են դեռ մանկությունից:

Մասնագետը ընդգծեց, որ բարդույթների պատճառը շատ հաճախ մանկությունից եկած հոգեբանական խնդիրներն են։ «Ծանոթների, հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերությունները կարող են ազդել դեռահասի ենթագիտակցության վրա: Որոշ անհաջողություններ նրանք կարող են ընկալել հիվանդագին և աջակցության փոխարեն եթե հանդիպեն ծաղրանքի կամ նախատինքի, ապա այդ բացասական զգացումների ընթացքում կառաջանա անլիարժեքության զգացում»,- նշեց մասնագետը։

Հոգեբանի խոսքով՝ բարդույթները կարող են լինել ֆիզիկական՝ արտաքին տվյալների հետ կապված, և հոգեբանական՝ մեղքի զգացում, անլիարժեքություն, ուրիշների կարծիքներից կախվածություն և այլն։

«Բարդույթ ունեցող անձը հաճախ է քննում իր թերությունները, նաև կարող է հրաժարվել հարաբերություններից այն մտածմունքով, որ ինչ-որ մեկը կարող է հավանել և ընդունել իր արտաքինը»,- նշեց Էլոննա Ավետյանը և հավելեց, որ նման մարդիկ ունենում են ինքնավստահության պակաս, առաջնորդվում են ուրիշների տեսակետներով, ապակողմնորոշված են, նաև հաճախակի են մտափոխվում։

Հոգեբանը առանձնացրեց նաև «Մոխրոտիկ» և «Պիտեր Պան» կոչվող սինդրոմները, որոնք հիմնված են ինքնասիրության և անկախության պակասի վրա: «Տղամարդկանց մոտ այս խնդիրը դրսևորվում  է ծուլությամբ, նրանք կարող են հետաձգել իրենց գործերը և լինել աննպատակասլաց, իսկ կանայք վախենում են անկախ լինել և ամբողջովին կախված են տղամարդուց»,- նշեց մասնագետը։

Էլոննա Ավետյանը խոսեց նաև «Նապոլեոն» կոչվող սինդրոմի մասին՝ նշելով, որ դա այն է, երբ մարդիկ իրենց համեմատում են ուրիշների հետ և միևնույն ժամանակ ունենում անբավարարության զգացում։ «Անլիարժեքության բարդույթով տառապող մարդիկ  ցանկանում են լսել նրանց ուղղված գովասանքները, բայց հաճախ չեն ընդունում և չեն հավատում, որ իրենք արժանի են դրան»,- ասաց հոգեբանը։

Մասնագետը նշեց՝ եթե մարդը հասկանում է, որ դա խնդիր է, որը խոչընդոտում է իրեն հասնել իր նպատակներին, ապա պետք է փորձի գտնել խնդրի լուծման ուղիներ։

Մերի Մաթևոսյան

2-րդ կուրս

Կիսվել