ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ

1046

Մեր անանուն զրուցակիցը պատմում է, որ ինքը չի մոռանա իր հարսանիքի ծաղկեփունջը` ամուսնու կողմից նվիրած, որը մեխակներից էր կազմված։  «20 տարի առաջ, սրտիս մի անկյունում կասկած ունենալով, երդվեցի հնազանդ լինել և մինչև կյանքիս վերջ կապված մնալ մի մարդու հետ, ում այլևս տանել չեմ կարողանում։ Սակայն մինչև հիմա, երդումը չեմ խախտել ոչ այն պատճառով, որ դրա իրավունքը չունենք կամ չեմ ցանկանում, այլ նրա համար, որ երեխաներիս չասեն՝ ձեր մայրը բաժանված է։ Չնայած՝ մեկ-մեկ մտածում եմ, որ դա զուտ պատճառաբանություն է»,- ասաց մեր զրուցակիցը։

20 տարեկան էր , երբ եկան իրեն ուզելու, համաձայնվեց, և նշանվեցին, չէր անցել մի քանի շաբաթ, և արդեն նկատում էր, որ նշանածը տարօրինակություններ ունի։  «Իրենց տուն հյուր էի գնացել, ապշահար էի տան մեծ հարսը ամեն ինչ անում էր, իսկ իրենք տղամարդկանցից առանձին էին հաց ուտում` մոր սպասարկմամբ։ Ես իմ ընտանիքում նման բան չեմ տեսել, հակառակը՝ միշտ կնոջը վեհացրել են։ Դա տեսնելիս սրտումս կասկած ծնվեց, երբ տուն գնացի, տանեցիները նկատեցին, որ ուրախ չեմ։ Առաջարկեցին, որ նշանը հետ տամ, եթե կասկածում եմ ու չեմ ցանկանում ամուսնանալ։ Ամաչեցի, մտածեցի կվարկաբեկեմ ընտանիքս, եթե նշանս հետ տամ, և բարոյական, համեստ աղջկա կերպարով կործանեցին ինձ։ Չի լինում մի օր, որ ինձ չպարսավեմ անհամարձակությանս համար»,- նշեց մեր անանուն զրուցակիցը և հավելեց, որ ամուսնության առաջին տասը տարին ապրել է ամուսնու ծնողների և ամուսնու եղբոր ընտանիքի հետ։

«Առաջին հիասթափությունս շատ չուշացավ` երեք շաբաթվա հարս էի, երբ սկսվել էին դաշտային աշխատանքները, կեսուրս ասաց՝ նոր հարս ա չենք տանի, բայց այդ պահին ամուսինս գոռաց վրաս ու ասաց. «Քեզ ինչի համար ենք բերել, խռուստա՞լ ես՝ չպիտի կպնենք, կամ գործ չպիտի անես, որ հանկարծ չկոտրվես»»,- պատմեց մեր զրուցակիցը։

Տիկինը այսպիսի շատ պատմություններ է հիշում, բայց մեկը մտաբերելիս ափսոսում է, թե ինքն ինչպես չի հասկացել, որ իր ամուսնինը հոգեկան խնդիրներ է ունեցել։

 «Տան երկու հարսներով մեր ամուսինների հետ գնացել էինք խոտհավաքի, երբ վերջացրինք, մութն արդեն ընկել էր։ Ոտքով տուն էինք գնում միասին, երբ նկատեցինք, որ մեր ամուսինները չեն նշմարվում ճանապարհին։ Վախեցել էինք, գիշեր էր, գերեզմանների կողքով պետք է իջնեինք, ամաչում էինք, շալով գլուխներս փաթաթել էինք, որ տեսնողները գոնե չճանաչեին։ Մի բեռնատար եկավ, վարորդը, տեսնելով, որ մենակ ենք, առաջարկեց՝ իր հետ իջնենք գյուղ, քանի որ կաբինկայում տեղ չկար,  իսկ խոտի վրա էլ տղամարդիկ էին նստած, կանգնեցինք դռան կողքի երկաթին` փողից բռնված, վախը սրտներումս։ Գյուղ չհասած՝ իջանք՝ տանը ավելորդ կռվից խուսափելու համար»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նա ասաց, որ միայն տուն հասնելուց հետո է պարզ դարձել, որ իրենց «թասիոբով» ամուսիններին ճանապարհին մեքենա է հանդիպել, իրենք էլ, կանանց այդ մթին միայնակ թողնելով, տուն են գնացել։ 

Զրուցակցիս գլուխը անընդհատ ցավում էր, և նա դեղեր էր խմում։ Պատմեց, որ անցյալ տարի՝ մոր ծննդյան օրը, գնացել, ուրախացել են, հետո տուն են վերադարձել, մի քանի օր անց, երբ հարազատները գնացել են, իսկ երեխաներից տղաները տանը չեն եղել, աղջիկն էլ հենց այդ օրն է գնացած եղել Երևան, ամուսինը դաժան «դատավճիռ» է կայացրել և ոտքերով ծեծել է կնոջը։

«Գոռում էի, ասում էի՝ ցավում է, բայց նա կանգ չէր առնում, ոտքերով հարվածում էր, հետո էլ չեմ հիշում։ Ուշագնաց եմ եղել, բռնարարը չի գնացել տանից, մինչև տղաներիս գալը։ Նրանց սպառնացել է, ջարդել  տան բոլոր հեռախոսները, տան դուռը փակել է ու գնացել։ Աղջիկս, ով ուսանող է,  և մեզ հետ չի ապրում, գնալու օրվանից զանգել է, իսկ հեռախոսս միշտ անհասանելի է եղել։ Երեք օր անց անհանգստացած զանգել է քրոջս ու խնդրել, որ գնա ու  տեսնի՝ ինչպես են տանեցիները, քանի որ արդեն երեք օր է՝ ոչ ոք իր զանգերին չի պատասխանում։ Քույրս եկել է, տեսել է՝ դուռը փակ է, որոշել է հետ գնալ, սակայն ներսից դռան հարվածի ձայն է լսել ու հասկացել է, որ ներսում մարդ կա։ Ներս մտնելով՝ տեսել է քրոջը մահամերձ,  կապտուկների մեջ», -պատմեց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ ամուսինը երեխաներին վախեցրել էր, որ ոչ ոքի չասեին դեպքի մասին, և հեռացել էր տանից, երբ փոքր տղան դռան մոտ ոտնաձայներ է լսել` վախից աթոռը խփել է դռանը։ Սկզբում ամուսնու քույրերը չեն թողել, որ հիվանդանոց տանեն, կամ շտապ օգնություն կանչեն, բայց քանի որ կնոջ քույրը պնդել է, որ ոստիկանություն կկանչի, տարել են Երևանի Էրեբունի  ԲԿ, որտեղ էլ սկսել են հեքիաթ պատմել, թե կինը լվացք անելիս պատշգամբից է ընկել։ Գործ չի հարուցվել, քանի որ կինն էլ նույնն է ասել։ Հիմա ափսոսում է, որ չի ասել, քանի որ բոլորն ասում են, թե նա է մեղավոր։ Լեզվին է հաստատ տվել, դրա համար էլ ծեծել է, ասում են տալերը։ 

Ինքը հաստատ որոշել է` տղան գնա բանակ գա, կվերցնի երեխաներին, կգնա, այդ մարդու հետ չի ապրի։ Եվ հիմա հասկանում է հարսանիքի օրվա ծաղիկների իմաստը։ 

Զրուցակցիս օրինակը միակը չէ։ Հայաստանում, եթե գրվեն նմանատիպ պատմություններ, գրիչների թանաքը չի բավարարի բոլորը լուսաբանելու համար։ Այստեղ զոհերը հիմնականում կանայք են։ 2019թ․ գրանցվել է ընտանեկան բռնության 485 դեպք՝ ըստ ՀՀ Ոստիկանության տվյալների, բայց սա մի օրինակ է, որն ապացուցում է, որ թիվը ամբողջական չէ, հարյուրավոր դեպքեր կան, որոնց մասին մենք չենք լսել։ 

Սոցիալական աշխատող Լիդա Ազաբյանը «jօurnalist.am»-ի հետ զրույցում ասաց, որ մեր հասարակության մեջ բռնության բոլոր տեսակները, ցավոք, լիարժեք չեն ընկալվում։ Ֆիզիկական բռնությունը հանդիսանում է  դաստիարակչական մեխանիզմ, իսկ հոգեբանական բռնությունը և անտեսումը հասարակության կողմից անուշադրության են մատնվում։

«Սեռական բռնության ապացուցման համար հստակ չափանիշ են բռնության հետքերը մարդու վրա, եթե չկան ֆիզիկական բռնության հետքեր, հերքվում է սեռական բռնությունը։ Իսկ տնտեսական բռնությունը, ինքնին, չի ընդունվում հասարակության կողմից, որովհետև կա կարծրատիպ, որ տան միակ աշխատող ուժը տղամարդն է։ Շատ դեպքերում բռնության ենթարկվողը որոշակի կախում է ձեռք բերում բռնարարի հանդեպ և դա չի գիտակցում։ Կախվածությունը ստեղծվում է վախից, անզորությունից, անիշխանության զգացումից»,-նշեց մասնագետը։

Ըստ Սելիգմանի՝ սովորաբար մարդկանց մոտ ձևավորվում է «սոված անօգնության» զգացում, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ զոհը հոգեբանական ասպեկտում իր վրա է վերցնում անօգնականության կարգավիճակը և չի պայքարում դրա դեմ։

Մեր այն հարցին, թե ինչու է, որ կանայք են հիմնական բռնության ենթարկվողները, Սոց աշխատողն ասաց, որ դա հասարակության չձևայնացված նորմերի արդյունքն է։ Մեր հասարակությունում տղամարդը համարժեք է Աստծո հետ։ Նա ամեն ինչում լիազորված է։ Դեռ պատանեկան տարիքից նրանց այդպես են դաստիարակում՝ որպես բացարձակ իշխանապետի, սակայն նրանք էլ հիմնականում հոգեբանական բռնության են ենթարկվում։ Իսկ ցանկացած բռնության տեսակ մերժելի է։ Ամենաբարդը համարվում է ընտանեկան բռնությունը, որը ընտանիքի անդամների միջև ֆիզիկական, սեքսուալ, հոգեբանական, կամ տնտեսական բռնության կիրառումն է։ 

Լիդա Ազաբյանի խոսքով՝ ընտանիքը փակ կառույց է, իսկ նրանում գտնվողները արյունակցական կապերով են միմյանց հետ կապված, և դրանով էլ բացատրվում է ընտանեկան բռնության բարդ երևույթ լինելը։ Ընտանեկան բռնության պարագայում կիրառվում են գրեթե բոլոր բռնության տեսակները։ Իսկ բարդությունն էլ բխում է նրանից, որ զոհը չի բարձրաձայնում իր կարգավիճակի մասին և հերքում է զոհ լինելը, իսկ բռնարարը ավելի մեծ իշխանություն է ստանում։ Այս դեպքում երեխայի սոցիալականացման առաջնային ագենտ հանդիսացողները  բացասական օրինակ են ծառայում։ Նրանք վերցնում են բռնարար հոր, կամ մոր վարքային մոդելը և հետագայում շատ հնարավոր է, որ նրանք ևս կդրսևորեն նույն վարքը։

Սերինե Աղաբեկյան

2-րդ կուրս

Կիսվել