ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄԱՀ ԿԱՄ ՄԱՀ ՉԻՄԱՑՅԱԼ

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄԱՀ ԿԱՄ ՄԱՀ ՉԻՄԱՑՅԱԼ

3879

33-ամյա Արմինե Փիրումյանը  տասը տարի առաջ կլինիկական մահ է տարել։  Երբ ծնվել է նրա առաջնեկը,  երեխայի ծնունդից անմիջապես հետո, նա հայտնվել է շատ ծանր վիճակում։ Արմինեն «Journalist.am»-ին պատմեց, որ գտնվել է հանդերձյալ կյանքում  և  այսօր էլ մանրամասն հիշում է ամեն ինչ․

  «Չորս կողմս բարձր  և սև ժայռերի էին․ սկզբում ամեն ինչ մութ էր, սակայն դիմացս լույս կար։ Հասա լույսին և տեսա սպիտակ հագուստով երեխաների, որոնց  լացի ձայները իմ ականջներին էին,  մեկ էլ սկսեցի գայլերի ոռնոց լսել, ու փախչում էի, բայց ճանապարհ չկար։ Հետո մի ծերունու  տեսա, կանչում էի, որ օգնի ինձ, բայց նա շրջվեց ու գնաց»։ Արմինեն նաև ասաց, որ  նարնջագույն տարածություն է տեսել, իսկ երկնքից՝ կախված վարագույրներ, և դա նրան դրախտն էր հիշեցրել։

 Հոգեբան Հովհաննես Մանուկյանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ  մարդն առաջին մահանալու զգացողությունն ունենում է ծնվելիս։ Ծնվելիս՝ յուրաքանչուր երեխա ինչ-որ չափով գտնվում է մահվան սահմանգծում, որովհետև կյանքի համար նպաստավոր պայման գոյություն ունի կամ մոր արգանդում, կամ ամբողջովին դրանից դուրս։ «Արգանդից դեպի լույս աշխարհ տանող ճանապարհը (անգիտակցական սիմվոլը՝ թունելը) կարելի է համարել կյանք-մահ սահմանագիծ այն պատճառով, որ երեխան զրկվում է իր կյանքի վայրից։ Երեխայի մոտ կյանքից զրկվելու առաջին տպավորությունները ձևավորվում է ծնվելիս՝ այդ «թունելի» մեջ, որի վերջում լույսն է»։

 Հոգեբանի  խոսքով՝ ոչ մի տեսակի զգացողություն երբեք չի անհայտանում մարդու անգիտակցականից, և  կարելի է ենթադրել, որ այդ ծնվելու սարսափելի զգացողությունը մարդու անգիտակցականում ասոցացվում է մահվան հետ։ «Կլինիկական մահի ժամանակ բացակայում է գիտակցություն-լեզվամտածողությունը և դրանից բխող մահանալ բայը, իսկ անգիտակցական պայմաններում այդ մահանալ բառի սիմվոլիկ թարգմանությունը համարվում է թունելը, որի վերջում լույսն է։ Հավանական է, որ կլինիկական մահ ապրած մարդը պարզապես կրկնում է իր առաջին մահանալու զգացողությունը»։

 Մասնագետի դիտարկմամբ՝  կլինիկական մահվան ժամանակ  սկզբում հոգեբանական «Ես»-ը դիսոցիացվում է ֆիզիկական «Ես»-ից, իսկ հետո ձայնային և շոշոփազգայական ազդակների տակ կառուցվում են այն պատկերները, որոնք կոչվում են կլինիկակակն մահվան ժամանակ ի հայտ եկած տեսիլքներ։

  «Հետազոտությունները ցույց են տալիս, որ կլինիկական մահվան փուլում հայտնված անձանց լսողական և կինեսթետիկ ընկալման համակարգերը դեռ գործում են, իսկ մերձմահու՝ հոգեվարքի փուլում էլ ավելի են սրվում(այդպես է նաև քնած ժամանակ)։ «Հոգեդարձ» ասվածը պայմանավորաված է հենց այս զգայարանների գործելու փաստով, երբ հարազատների բարձրացրած աղմուկից հետո, մահացողը մի պահ վերակենդանանում է»,-նշեց հոգեբանը։

  Դիլիջանի «Շտապ օգնության» ծառայության հերթապահ բժիշկ Անահիտ Օհանյանը «Journalist.am»-ի հետ հեռախոսազրույցում պատմեց, որ կանչ գրանցած դեպքերից մեկի ժամանակ  անձը կլինիկական մահ է տարել․

 «Գազի թունավորում էր, և ես զգացի, որ կինը աչքերը բաց մահանում է. այդ ժամանակ կլինիկական մահ էր տանում։ Ամուսնուն ասացի, որ կնոջ անունը  բարձր արտասանի և փորձի հետ կանչել։ Այդպես քիչ-քիչ գիտակցության եկավ, և  մենք բժշկական միջամտությամբ կարողացանք վիճակը կայունացնել»։ 

  Ըստ մասնագետի՝ կլինիկական մահի ժամանակ մարդու սիրտն ու շնչառությունը կանգ է առնում, սակայն մարդու ուղեղը գտնվում է գիտակցական վիճակում։   «Ընդհանրապես կլինիկական մահը կարող է տևել 4-ից 6  րոպե, որը այն ժամանակահատվածն է, երբ  մարդու օրգանիզմի բիոքիմիական  պրոցեսները դարձելի են, դրանից հետո վերջիններս դառնում են անդառնալի»,-հավելեց բժիշկը։

Լինում են դեպքեր, երբ կլինիկական մահից հետո մարդիկ դիմում են հոգևորականի։ Այս մասին հաստատում է Տեր Եսայի քահանա Աթենյանը.

«Կլինիկական մահից հետո մարդիկ ավելի աստվածավախ են դառնում և փորձում հոգևոր դաշտում ինչ-որ պատասխաններ փնտրել, քանի որ առաջին հերթին մարդկանց հետաքրքիր է, թե նրանց զգացածը, տեսածը որքանով է իրական»։ Տեր Եսայիի  խոսքով՝ երբ մարդ կլինիկական մահվան մեջ է, և քահանան տվյալ անձի համար բժշկական հաղորդություն, արարողակարգ է կատարում, մարդը աստիճանաբար գիտակցության է գալիս։

  Ըստ քահանայի՝ կլինիկական մահվան ժամանակ չպետք է ասել, որ հոգին մարմնից անջատվում է, քանի որ տվյալ դեպքում գրանցվում է մահ․

«Մարդիկ շատ հաճախ ասում են, որ հոգին մարմնից դուրս եկավ, բարձրացավ երկինք և հետ եկավ, սակայն նման բան գոյություն չունի։ Քրիստոնեության տեսանկյունից շատ հստակ է, երբ հոգին մարմնից անջատվեց, վերադառնալ չի կարող»,-նշեց քահանան։

Մոտ օրերս կծնվի Արմինեի երկրորդ երեխան։ Վստահ է, որ այս անգամ ամեն ինչ ավելի լավ կլինի.

«Ես երբեք չեմ մոռանում՝ տասը տարի առաջ տեղի ունեցածը, որն ինձ որոշ ժամանակ վախի մեջ էր պահում։  Սակայն կարող եմ ասել, որ կյանքի այդ դրվագն իր ազդեցությունն ունեցավ՝  շրջապատող շատ երևույթներ հասկանալու և գիտակցելու գործում»,-ասում է նա։

Անի Թամրազյան

2-րդ կուրս                   

Կիսվել