ՓԱԽՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ց, ԹԵ՞ «ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ»

ՓԱԽՈՒՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ՞Ց, ԹԵ՞ «ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ»

1847

Վերջին տարիներին հատկապես երիտասարդների շրջանում նկատվում է Հայաստանից դուրս գործունեություն ծավալելու մեծ ցանկություն: Ոմանք գերադասում են ծառ տնկել, տուն կառուցել և զավակ ունենալ օտար հողում, ոմանք մենաշնորհներից խուսափելու նպատակով իրենց բիզնեսը զարգացնում են տնտեսապես առավել կայուն երկրներում, ոմանք էլ ընտրում են այլընտրանքային տարբերակ՝ ստանալ բարձրագույն կրթություն արտերկրում: Այս տարբերակն է ընտրել նաև մեր զրուցակիցը՝ 20-ամյա Հարություն Ավենյանը, ով կպատմի արտերկրում կրթություն ստանալու դրական ու բացասական կողմերի մասին:

-ԵՊՀ  միջազգային հարաբերույունների ֆակուլտետում մեկ տարի սովորելուց հետո մեկնեցիր Միացյալ Թագավորություն՝ ուսումդ շարունակելու Էքզեթերի համալսարանում (University of Exeter):Ի՞նչը պատճառ հանդիսացավ, որպեսզի ընտրես հենց այդ համալսարանը:

-Նախ ուզում եմ նշել, որ կողմնակից եմ այն գաղափարին, որ յուրաքանչյուրը կարող է դառնալ լավ մասնագետ, եթե ունի ուսման ձգտում, վճռականություն և, բնականաբար, ցանկություն։ Սակայն մեր օրերում մասնագիտության ձեռքբերման հարցում կարևորագույն դեր է խաղում նաև ստացած կրթությունը։ Մեկ տարի սովորելով ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ հասկացա, որ մասնագիտությունս ինձ իրոք շատ է հետաքրքրում, սակայն սահմանափակ ու հնացած ռեսուրսները, ինչպես նաև մատուցման մեթոդները չեն օգնում, նույնիսկ որոշ դեպքերում խանգարում են լավ մասնագետ դառնալու հարցում։ Իսկ թե ինչու ընտրեցի հենց Միացյալ Թագավորությունը որպես նշանակման վայր, կարելի է թվել մի քանի պատճառ։ Քանի որ տվյալ համալսարանը առաջարկում էր քաղաքականության ոլորտում առաջադեմ կրթություն՝ լինելով ՄԹ-ի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկը։ Ուսման ինտերակտիվ մեթոդները միանշանակ հեշտացնում են կարևորագույն տեսական թեմաները ընկալելու պրոցեսը։ Առօրյա քաղաքական քննարկումները մերօրյա խնդիրների շուրջ զարգացնում են քննադատական մտածողությունը, որը լավ քաղաքագետ կամ դիվանագետ դառնալու հիմնասյունն է։

-Կարո՞ղ ես նշել արտերկրում սովորելու 3 դրական և նույնքան բացասական կողմ:

-Դրական կողմերից կնշեմ ամենաակնառուները.

  • տեսական հարցերը պետք է հասկանալ և հնարավորինս քննադական կերպով մոտենալ դրանց, քանի որ գնահատվում է ոչ թե որևէ մեկի կողմից առաջարկած մտքի հնարավորինս լավ սերտումը, այլ տրված նյութը վիճարկելու սեփական կարողությունը
  • դասավանդող – ուսանող հարաբերությունները, որոնք երբեք անձնական համակրանքի կամ հակակրանքի առիթով խոչընդոտ չեն կարող դառնալ ուսման ողջ ընթացքում
  • ուսուցման գնահատման մեթոդները, որոնք հիմնականում իրենից ներկայացնում են վեցից յոթ էջանոց շարադրանք, որտեղ առավելապես պիտի ներկայացնել թեմայի ընկալումը, ինչպես նաև ցուցադրել մաքսիմալ վերլուծական հմտություններ, ընդ որում՝ բացառապես խուսափելով գրքային մտքերի օգտագործումից։

Բացասականկողմերից են.

  • ուսմանվարձը արտասահմանյան ուսանողների համար, որը կազմում է Միացյալ Թագավորության քաղաքացիների վարձի կրկնապատիկից ավելին
  • դասավանդող անձնակազմի կողմից հետևողականության պակասը
  • որպես հայ ուսանող՝ կնշեմ կարոտը հայրենիքի հանդեպ:

-Կարծում եմ՝ շատերին կհետաքրքրի, թե ինչ է անհրաժեշտ արտերկրում որևէ բուհ ընդունվելու համար:

-Միացյալ Թագավորությունում համալսարան ընդունվելու համար հարկավոր են դպրոցական բարձր գնահատականներ, անգլերենի գերազանց իմացություն արտասահմանյան ուսանողների համար IELTS կամ TOEFL թեստավորման միջոցով, ինչպես նաև մոտիվացիոն նամակ, անձնական ռեզյումե և երկու երաշխավորագիր-նամակ նախկին դասավանդողի կողմից – ակադեմիական առաջադիմությունը ապացուցելու համար և ընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից մարդկային հատկությունների մասին պատմող նամակ։ Միացյալ Թագավորությունում առարկայական քննություններ համալսարան ընդունվելու համար չեն պահանջվում։

 

Մարիաննա Ղազանչյան

2-րդ կուրս

Կիսվել