Զրույցներ՝ Քարի տակից. մաս 2 … Աննայի օրագիրը

Զրույցներ՝ Քարի տակից. մաս 2 … Աննայի օրագիրը

1523

Մարգո տատի ականջախեցին վնասվել է իննսունականների կռիվների ժամանակ՝ գրադի հարվածից։

Ամեն օր կովը կթում ու կաթը Բերդ է տանում՝ վաճառելու։ Օրվա հացի փողն է վաստակում։ Երեք օր առաջ էլ տարավ։ Արկերն էին նետում։ Ասացի՝ «այս օրով ինչո՞ւ ես տանում», պատասխանեց՝ «Կլենտներիս ասել եմ, որ պիտի տանեմ, ուրեմն պիտի տանեմ, ինչ էլ լինի»։

Ամուսնու՝ Մաքսիմի ուշքումիտքն իր կովն է. եթե կենդանուն մի բան լինի, իրենք ո՞նց են ապրելու։

Քարի տակ ենք։ Սուրճի ժամն է ու շատ շոգ։ Արսենը պաղպաղակ բերեց։ Հանկարծ ուժեղ պայթյուն լսեցինք. «Ասելու են՝ գյուլլից փախան, պաղպաղակ ուտելիս կոկորդներում մնաց, մեռան»,- ծիծաղում են գյուղացիներն ու շարունակում՝ «Էտ շների աչքը էսպես պիտի հանենք»։

Սահմանամերձի բնակիչը միշտ է պատերազմի մեջ։ Ու սա արդեն սովորական է։ Մաման երեկ խմոր հունցեց, տաք հաց պիտի ուտեինք, բայց այդպես էլ չհասցրինք. վազեցինք քարի տակ։

Աշոտը երեկ «վերանորոգեց» մեր քարի տակը։ Երկու «ննջարան» ունենք, խոհանոց, հյուրասենյակ։ Աղբաման նույնպես կա անկյունում։ Ամեն շաբաթվա հինգշաբթի օրը աղբը տանող տրակտորը հավաքում է աղբը բոլորի տներից։ Արսենը տեղեկացնում է, որ այս շաբաթ տրակտորը քարի տակով գա. դե տներում մնացե՞լ ենք, որ մի հատ էլ աղբ հավաքվեր։

Երեկ Դավիթը մի քանի րոպեով տուն եկավ։ Գնալուց հետո հայրը՝ Սամվելը, երկար ժամանակ դրսում նստած մնաց՝անշարժ, անթարթ հայացքով, մթում փայլատակող աչքերով։ Նա մենակ մնաց իր մտքերի հետ՝ սիրտն ու հոգին ուղարկելով որդու հետ սահման։

Ով ինչ ունի տանը, բերում է քարի տակ ու հյուրասիրում մյուսներին՝ հաց, պոմիդոր, ռեժան, ծիրան, պանիր։ Պատմում են, թե ով ինչ ունի եփած՝ սառնարանում դրած, բայց այդպես էլ չկերած. դե հասցնո՞ւմ են, որ ուտեն։

Երեկ առավոտյան պիտի գնայինք դաշտ՝ լոբին քաղելու։ Մաման ասում է՝ «պիտի փակեմ, որ էրեխես գա բանակից, ձմեռը բացեմ, ուտի»։ Չկարողացանք գնալ։

Պատերազմ է։ Ու պատերազմի ժամանակ են հիշվում բոլոր կարևոր պատմությունները՝ կյանքի, սիրած աղջիկների, ուսանողության մասին։

«Արամը Կիրովական ծառայելիս է եղել։ Զորամաս Վազգեն Սարգսյանի գալու օրն ինքն է հերթապահ եղել։ Վազգեն Սարգսյանին չի թողել մտնի զորամաս, ասել ա՝ մինչև իմ հրամանատարն ինձ չհրամայի, նույնիսկ դուք չեք կարող մտնել։ Նման պատասխանի համար արձակուրդ է ստացել։ Լավ ա ասել ու լավ էլ ծառայել ա մեր Արամը»,- պատմում են մեծերը ու ինձ դիմում՝ դու գրի։

Գրում եմ այստեղից՝ Քարի տակից, իմ, մամայի, Դավթի, Արամի, Մարգո տատիկ կորցրած ականջի մասին: Գրում եմ, որ իմանաք՝ մենք այստեղ ենք։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու հինգ վիրավոր ՝ 2 ոստիկան ու 3 պայմանագրային, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Պառավաքար համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։

Աննա Խաչատրյանի օրագիրը

Օրագրի 1-ին մասը:

Կիսվել