ԱՐԱԳ ՍՆՈՒ՞ՆԴ, ԹԵ՞ ԴԻԵՏԱ

ԱՐԱԳ ՍՆՈՒ՞ՆԴ, ԹԵ՞ ԴԻԵՏԱ

2088

Արագ սննդի արդյունաբերության տարեկան շրջանառությունը տասը միլիարդ դոլար է, դիետաների հեղինակների տարեկան շահույթը`  չորս միլիարդ դոլար: Առաջինը ապահովում է համեղ, սակայն վնասակար սնունդ, մյուսները գումարի դիմաց օգնում են  ազատվել կուտակված ավելորդ քաշից: Արագ սնունդ օգտագործող, սակայն գեղեցիկ մարմին ունենալ ցանկացող նոր հազարամյակի մարդը ոչնչի առջև չի կանգնում` դիմելով նույնիսկ  ամենաանհնարին դիետաներին:

Սննդաբան-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խոսքով թյուր կարծիք կա այն մասին, թե դիետաները օրգանիզմը հյուծող կամ նվազագույն սնունդ օգտագործելու լավագույն միջոցներն են. «Իրականում ճիշտ դիետան կախված է մարդու տարիքից,  սեռից և ֆիզիոլոգիական վիճակից: Եվ ընդհանրապես, դիետան ճիշտ սննդակարգն է, այլ ոչ թե սովը»:

Մասնագետը պնդում է, որ պետք է զերծ մնալ ամսեկան 10- ից 15 կիլոգրամ քաշը նվազեցնող դիետաներից և նախքան դիետային անցնելը կազմել ճիշտ սննդակարգ. «ամսեկան 3- ից 5 կիլոգրամ քաշի իջեցումը առողջությանը վտանգավոր է, հնարավոր է իհարկե 20 կիլոգրամ նիհարել մեկ ամսում, բայց դա միանշանակ վտանգավոր է»:

Անորեքսիայի, անեմիայի (սակավարյունություն) և մի շարք այլ հիվանդությունների մինչև անգամ մահվան կարող են հասցնել ձեզ այն  դիետաները, որոնք ստիպում են սովի մատնվել: Ամբողջ աշխարհում տարեկան երեք միլիոն մարդ է մահանում դիետաներից:

Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած  դեպքը շատ բրիտանացիներ դեռ երկար կհիշեն:   Ժակլին Հենսոնը 90 կիլոգրամ էր, երբ որոշեց, որ պետք է անհապաղ նիհարել: Կինը դիմել էր հատուկ ծրագրի, որի միջոցով չորս շաբաթում ազատվել էր 11 կիլոգրամ քաշից: Բրիտանուհին արդյունքից չէր գոհացել և որոշել էր շարունակել դիետան: Ամեն գիշեր խմելով  չորս լիտր ջուր` մեկ շաբաթ անց կնոջ  ինքնազգացողությունը վատացել էր, նրան հիվանդանոց էին տեղափոխել, սակայն կնոջ կյանքը փրկել չէր հաջողվել: Գլխուղեղի ուժեղ այտուցից կինը կոմայի մեջ էր ընկել, իսկ որոշ ժամանակ անց մահացել:

Նման դեպքեր Հայաստանում գրեթե չեն գրանցվել: Լուսինե  Հայրապետյանը կշռելով 60 կիլոգրամ որոշել է նիհարել, նիհարելու միջոց ընտրել է սպորտն ու  ինչպես ինքն է նշում` առողջ դիետան: Այն հարցին թե որքան է ցանկանում նիհարել աղջիկը պատասխանեց.
− Նախ ասեմ, որ գիրանալուս պատճառը կապում եմ դրսում սնվելու և արագ սնունդ օգտագործելու հետ: Որևէ քաշ չկա, որ ասեմ այդքան եմ ուզում կշռել, սակայն նիհարել եմ արդեն 6 կիլոգրամ շնորհիվ դիետաների ու սպորտի: Իմ կարծիքով շատ կարևոր է համատեղել սպորտը դիետայի հետ և դրանցից ոչ մեկը չպետք է չարաշահել: Եթե դիետան ենթադրում է առողջ սննդակարգ, ապա արժե դիմել այդ միջոցին:

Մի կողմից դիետաները, մյուս կողմից  էլ ճարպակալումն ու արագ սնունդը դարձել են  «դարի հիվանդություններ»: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ, բժիշկ Մելիտա Հակոբյանի խոսքով մոլորակի ազգաբնակչության  զգալի զանգվածն ամեն օր օգտվում է արագ սննդի օբյեկտներից. « Այսօր ամբողջ աշխարհում սնկի նման աճում են արագ սննդի կետերը, քանի որ դրանք չափից ավել շահույթաբեր են. դրա պատճառով էլ ճարպակալումը այսօր տարածված է» :

Արագ սնունդում հիմնականում ճարպային միացություններ են, շատ դժվար են մարսվում և մարդու օրգանիզմում առաջացնում հավելյալ ճարպային շերտ: «Արագ սնունդը նաև մեծ կախվածություն է առաջացնում, այսինքն` եթե մարդը մեկ-երկու անգամ օգտվում է դրանից, նա անընդհատ ցանկանում է ուտել այն և չի կարողանում հրաժարվել»,-նշում է Մելիտա Հակոբյանը:

Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս չմատնվել սովի և ուտել չափի մեջ, որքան օրգանիզմը պահանջում է, որքան հնարավոր է հեռու մնալ արագ սննդից, դրանք փոխարինել առողջ, բնական սնունդով և սպորտով զբաղվել. «Առողջ սննդակարգը իրենից ենթադրում է ամեն ինչ, որոշ սահմանափակումներով: Եթե անընդհատ ուտել մի բան նիհարելու համար, ի վերջո դուք մի օր գալու եք այդ նորմալ ուտելուն և այդ կորցրած քաշերը մի բան էլ ավել հետ են վերադառնալու»:

Ճարպակալու՞մ թե՞ դիետա. թերևս ընտրությունը ձերն է:

Լիլիթ Գասպարյան

2-րդ կուրս

Կիսվել