Զրույցներ՝ ոչ Քարի տակից.Մենք արարում ենք այստեղ

Զրույցներ՝ ոչ Քարի տակից.Մենք արարում ենք այստեղ

1607

Կռիվն ավարտվում է պատերազմի դաշտում ու շարունակվում սահմանին ապրողների կյանքերում։ Պատերազմ տեսած զինվորի ու սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար այն երբեք չի ավարտվում։ Օրերն անցնում են, իսկ պատերազմի ալիքն անընդհատ հետապնդում է միտքդ, տակնուվրա անում սիրտդ ու հոգիդ։ Այսպես են չավարտված պատերազմները։ Երկու օր է, ինչ Քարի տակ չենք գնում։ Սահմանին հարաբերական անդորր է ու մարդիկ վերադարձել են իրենց գործերին։

Ամառ է ու գյուղացին տանը նստելու ժամանակ չունի. արտը հնձելու է, օղին՝ թորելու, խոտը՝ տուկավորելու, հողամասից բերքը՝ տուն բերելու, նախիրը՝ արոտավայր տանելու, առհասարակ ապրելու։ Գյուղում լույս չի վառվում ու ամեն երեկո գյուղը թաղվում է մթության մեջ։ Ինչ-որ սարսռեցնող բան կա այս ամենի մեջ։ Մենք դեռ հագուստով ենք քնում ու արթնանում, կամ էլ արթնանում ենք, առանց քնելու։

Գյուղում կյանքը եռում է Հայաստանի ամռան շոգ օրվա նման։ Բոլորի ճակատին քրտնքի կաթիլներ կան, բոլորն իրենց ձմռան պաշարն են հավաքում, ողջ տարվա տանջանքը, հողից ստացածը։ Աստծուց բացի նաև գյուղացին է արարում։ Երկու օր է, ինչ Քարի տակ չենք գնում, բայց դռան տակ շարունակում է մնալ այն պայուսակը, որի մեջ մաման խնամքով ուտելիքներն է դարսում ամեն օր, ու որը, միևնույն է, ամեն անգամ մոռանում ենք մեզ հետ վերցնել Քարի տակ վազելիս։ Ու ես գրում եմ տնից, որ իմանաք՝ մենք արարում ենք այստեղ։

Աննա Խաչատրյան

Կիսվել