Եթե սարքը մեր միջոցի տեսանելիության հայտնաբերման գոտում է, ապա նրա խոցումը այլևս...

Եթե սարքը մեր միջոցի տեսանելիության հայտնաբերման գոտում է, ապա նրա խոցումը այլևս խնդիր չէ մեզ համար. ՀՕՊ զորքերի շտաբի պետ

1143

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցած շուրջ 6-օրյա մարտական գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-ը խոցել է 14 ԱԹՍ, որից 10-ը` հարվածային, 4-ը հետախուզական կորուստներ են: Վիդեո`խոցված անօդչուներից:

Այսօր Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանում` Հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից չեզոքացված, Ադրբեջանի կողմից կիրառված տարատեսակ խոցված ԱԹՍ-ների մասերի հատուկ ցուցադրություն էր կզամակերպել ՊՆ-ը: Ընդ որում, կային սարքեր, որոնք ունեին ամբողջական տեսք:

Ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Բալայանի խոսքով, ադրբեջանական կողմը վատ չի կառավարել ԱԹՍ-ները, այլ հայկական կողմն է կարողացել համարժեք պատասխան տալ. «Իրենք խոցվել են մեր ՀՕՊ զորքերի հմտության շնորհիվ: Եվ, ի վերջո, հարցը նրանում չէ, թե որքան գումար կծախսվի, գուցե ծախսվի 100.000 դրամ, բայց շատ մեծ չափերի հասնող վնասներ պատճառես հակառակորդին, և հակառակը»:

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ոչնչացվել են հակառակորդի 14 անօդաչու թռչող սարք, ընդ որում, ռազմավարական, հետախուզական և հարվածային նշանակություն ունեցող. «Նշված միջոցները խոցվել են ՀՀ ԶՈՒ առկա հակաօդային պաշտպանության միջոցներով` սկսած զենիթային հրետանու միջոցներից, վերջացրած ժամանակակից ՀՕՊ միջոցներով, կախված այն հանգամանքից, թե հակառակորդի սարքը ի՞նչ խորությամբ, և ի՞նչ միջոցի հասանելիության տիրույթում է գտնվել»,- ասաց ավիացիոն ՀՕՊ զորքերի շտաբի պետ գնդապետ Մովսիսյանը:

Գնդապետ Մովսիսյանի խոսքով` հայկական ոչ մի անօդաչու թռչող սարք չի խոցվել հակառակորդի կողմից. «Մեր սարքավորումները աշխատել են թե՛ ցերեկային, թե՛ գիշերային պայմաններում, և իրենց առջև դրված բոլոր խնդիրները կատարել են, իսկ մենք նյութական կորուստներ չենք ունեցել»:

Հայացք գցելով Ապրիլյան պատերազմում` հայկական զինված ուժերի գործողություններին, և, համեմատական տանելով հուլիսյան դեպքերի հետ, գնդապետը նշեց, որ այդ ժամանակ խնդիր ունեինք մեր պրակտիկայում. «Անկախ Հայաստանի` Զինված ուժերի պատմության մեջ, առաջին անգամ էին նման միջոցներ կիրառում և հաշվարկները լավ արված չէին: Դրանից հետո մենք կատարեցինք համապատասխան հետևություններ` ուղղեցինք մեր զորքերի պատրաստությունը, իրականացրեցինք մեր համակարգերի որոշակի արդիականացում, նաև նոր միջոցների ձեռքբերում: Եթե սարքը մեր միջոցի տեսանելիության հայտնաբերման գոտում է, ապա նրա խոցումը այլևս խնդիր չէ մեզ համար»:

Հիշեցնենք, որ հուլիսյան գործողությունների արդյունքում հայկական կողմը առաջին անգամ խոցել է իսրայելական արտադրության Հերմես 900 անօդաչու թռչող սարք:

Մերի Մանուկյան

Կիսվել