Ադրբեջանը խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը....

Ադրբեջանը խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը. Աննա Նաղդալյան

616

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հակառակորդի սադրանքի կապակցությամբ՝ կապված դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանի դեպքի հետ, իր ֆեյսուբքայն էջում գրել է.
«Հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը»:
Նաղդալյանը նշել է, որ միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: «Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը»,- գրել է Նաղդալյանը:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստին:
«Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հաղորդմամբ՝ հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

Կիսվել