Հուլիսյան մարտերի նախնական ամփոփում. Տարոն Հովհաննիսյան

Հուլիսյան մարտերի նախնական ամփոփում. Տարոն Հովհաննիսյան

879

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը իրականացրել է հուլիսյան մարտերի նախնական վերլուծություն։ Ստորև ներկայացնում ենք ադրբեջանագետի կատարած վերլուծությունից հատվածներ.

Մարտական գործողությունների ընթացքը
Հուլիսյան մարտական ակտիվ գործողություններն ընթացել են ՀՀ Տավուշի մարզի Մովսես և Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղերի միջև ընկած հատվածում։  Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի գրոհները եղել են ստորև բերված քարտեզում նշված դիրքերի ուղղությամբ։

Դեղինով նշված է «Ղարադաշ» («Սև քար») կոչվող բարձունքը և ՀՀ ԶՈւ «Անվախ» դիրքի տեղակայման մոտավոր վայրը։


Խաղաղ բնակավայրերի թիրախավորումը
Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը թիրախավորեց սահմանամերձ հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի գյուղերը և Բերդ քաղաքը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ նախնական տվյալներով հուլիսի 12-16-ին ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում նշված համայնքներում վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ (Այգեպար համայնքում), գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց։

Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը ևս հայտնել է իր քաղաքացիական բնակավայրերի, մասնավորապես՝ Աղդամ գյուղին հարակից Դոնդար Ղուշչու գյուղի բնակելի տների վնասման մասին։
Սակայն գյուղի տարածքը թիրախի վերածելու հարցում պատասխանատվությունն ամբողջությամբ ադրբեջանական կողմի վրա է։

Ադրբեջանի այս գործելակերպը նորություն չէ. սահմանամերձ գյուղերի զգալի մասի տարածքում ԶՈւ հրետանային մարտկոցներ են տեղակայված։ 

Կողմերի կորուստները
Մարտական գործողություների ընթացքում հայկական կողմից զոհվել է 4 զինծառայող, ևս մեկը մահացել է ավելի ուշ՝ հուլիսի 14-ին ստացած վիրավորումից։ Հուլիսի 27-ին, երբ սահմանին իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ էր, ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվել է նաև ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող:
Ադրբեջանական կողմը պաշտոնապես ընդունել է միայն 12 զինծառայողի մահը։  Ադրբեջանական զինտեխնիկայի կորուստները ևս զգալի են. ՀՀ ՊՆ-ն հայտնել է ընդհանուր առմամբ ադրբեջանական անօդաչու թռչող 13 սարքի, ինչպես նաև 3-4 տանկի խոցման մասին։
Խոցված անօդաչու թռչող սարքերի մի մասի մնացորդները ցուցադրվել են նաև ՀՀ ՊՆ Ա․ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում։

Ձախ կողմում՝ ՀՀ ԶՈւ «որսած» Skystriker «կամիկաձե» ԱԹՍ-ն, աջում՝ նույն տեսակի ԱԹՍ-ներն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «Թյուրքան» ռազմաբազայում՝ Ադրբեջանի նախագահի 2019 թ․ հունվարյան այցի ժամանակ։

Ներքաղաքական ճգնաժամն Ադրբեջանում
Մարտական գործողությունների հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, Ադրբեջանում տեղի են ունենում հակահայկական կոչերով բողոքի ցույցեր, որոնց հակաիշխանական բնույթ ստանալուց հետո ոստիկանությունն արագորեն այն ցրում է։ Ըստ ադրբեջանական ընդդիմադիր էջերից մեկի գրառման՝ բերման է ենթարկվում ավելի քան 200 ցուցարար:

«Մամեդյարով գործողությունը»
Ադրբեջանի ԶՈւ ձախողված հարձակման, կորուստների և լարված ներքաղաքական իրադրության պայմաններում հուլիսի 15-ի երեկոյան նախագահ Իլհամ Ալիևը իրադրությունը կարգավորելու փորձ է կատարում՝ կոշտ քննադատելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին, կառավարության նիստում հայտարարում է, որ Մամեդյարովը լարված օրերին փաստացի հրաժարվել է աշխատել, սխալ քաղաքականություն է վարել։ Հաջորդ օրը Է․ Մամեդյարովն ազատվում է աշխատանքից, և նրան փոխարինում է Ադրբեջանի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ապատեղեկատվություն
Ադրբեջանի ձախողումներն ու անհամեմատ ավելի մեծ կորուստները թաքցնելու նպատակով տարածվում են հայկական կողմից իբր տասնյակ, իսկ հուլիսի 14-ից սկսած՝ «հարյուրավոր կորուստների» վերաբերյալ նյութեր։ Նշված լուրերի «հավաստիությունը» ներկայացնելու նպատակով արդեն սոցցանցային հաշիվներով տարածվում են Երևանում իբր «զոհերի հարազատների բողոքի ցույցերի» տեսանյութեր։ 

Միջազգային արձագանքը
Հուլիսյան մարտերի առաջին փուլին միջազգային արձագանքն ընդհանուր առմամբ կարելի է համարել հավասարակշռված։ Բացառություն է թուրքական կողմնակալ արձագանքը և Հայաստանի հանդեպ սպառնալիքները, ինչպես նաև մասամբ Ուկրաինայի ԱԳՆ արձագանքը, որտեղ ընդգծվում էր «տարածքային ամբողջականության» հարցը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գործողությունների ընթացքում երկու հայտարարություն տարածեցին․ հուլիսի 13-ին և 15-ին։ Երկուսն էլ ունեին նույն շեշտադրումները․ կողմերին կոչ էր արվում դադարեցնել թշնամական հռետորաբանությունը, ռազմական գործողությունները և հնարավորինս արագ վերականգնել «առարկայական / էութենական» բանակցությունները։


Հրադադարի վերահսկում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և համանախագահ երկրների առավել չեզոք անդրադարձը մեկ անգամ ևս վկայում է, որ վերջիններիս կողմից հասցեական հայտարարություն կարող է լինել միայն հրադադարի վերահսկման տեխնիկական միջոցների տեղադրման դեպքում։ Հակառակ պարագայում, ինչպես բազմիցս նշել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, կողմերի հայտարարությունները հավասար արժեք ունեն իրենց համար, իսկ հայտարարությունների մակարդակում կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։

Ամբողջական վերլուծությունը կարող եք դիտել Orbeli.am կայքում։


Կիսվել