ԿԼԻՄՏԻ «ՀԱՄԲՈՒՅՐ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԴՐԻՄ ՔԵԹՉԵՐ»

ԿԼԻՄՏԻ «ՀԱՄԲՈՒՅՐ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԴՐԻՄ ՔԵԹՉԵՐ»

3692

«Կալյումե» բարը դեկտեմբերի 18-ին իր պատերից ներս ամանորյա տրամադրություն էր ապահովել: «Ամանոր շնչող» քաղաքի պատկերն ամբողջացրին բարում ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք կազմակերպած երիտասարդները: Թեման հիմնականում Ամանորն էր: Գեղանկարչական մոտիվներից մինչև ամերիկյան մշակույթի ընդօրինակում: Արդեն երկրորդ անգամ «Կալյումե» բարում անցկացվում է ցուցահանդես-վաճառք նույն հեղինակների մասնակցությամբ:

Մասնակիցներից մեկը լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանն էր: Ֆոտոլրագրողի մասնագիտությունը նրան չի խանգարում զբաղվել հենդմեյդ իրերի պատրաստմամբ: Նարեկի փոքրիկ տաղավարում Ամանորի բեկորներն այդքան էլ շատ չէին: Գիշերային պատկերները, քաղաքային շենքերի տանիքները և գեղանկարչության ներշնչանքը տեսանելի էին նրա` պոլիմերային կավից պատրաստված իրերում: 

Նախորդ ցուցահանդեսը «Կալյումե»-ում կազմակերպել էին ամռանը: Այս բարը Նարեկի համար մշակույթների միաձուլման յուրատեսակ կենտրոն է. «Կալյումեն մի տեսակ հոգևոր հանգստի տեղ է: Այստեղ մշակույթների բազմազանություն կա: Բացի այդ՝ այստեղ տաղավարները մեզ անվճար են տրվում, ուստի կարողանում ենք ազատ ցուցահանդես-վաճառք իրականացնել»:

Գուստավ Կլիմտի «Համբույրը» կտավը դարձել է Նարեկի համար ներշնչանքի աղբյուր: Ավստրիացի հանճարի կտավի մոտիվներով ստեղծած թևնոցը, թերևս, իր պատրաստած իրերից ամենաժամանակատարն է համարում:
Իսկ դուք կարդացե՞լ եք մանդալաների մասին: Կամ եթե հավատում եք չար ուժերի գոյությանը, ապա ձեր տանը պիտի մանդալաներ հայտնվեն: Այլ անվանում էլ ունեն՝ «Աստծո աչք»: «Մանդալա» բառը սանսկրիտից է ծագում, նշանակում է «շրջան»: Պատրաստում են փայտի վրա՝ տարբեր գույնի թելերից:

Ցուցահանդեսի մասնակից Անի Խաչատրյանն իր պատրաստած մանդալաներն էր ներկայացրել: Համոզված է՝ ցանկացած իր կարող է պաշտպանել չար ուժերից, եթե սեր ես ներդնում. «Պիտի պարզապես սիրով աշխատես: Ես, օրինակ, նախընտրում եմ վառ գույներ, դրա համար էլ վառ գույնի թելերից եմ պատրաստում: Բայց կախված է նաև հոգեվիճակից»:

Ամերիկյան մշակույթի ընդօրինակումը հանդիպեց Անիի տաղավարում: Dream-catcher («երազ բռնող»). սյսպես են կոչվում մեջտեղում սարդոստայնի տեսք ունեցող իրերը, որոնք բուն ամերիկյան ծագում ունեն: Խորհուրդը հետևալն է՝ վատ երազները, դիպչելով սարդոստայնին, անցնում են դրա միջով՝ իրենց հետ տանելով վատ էներգիան:

«Կալյումե» բարի տնօրեն Հրաչ Դավիթյանը անկեղծորեն ուրախանում է երիտասարդների հաջողություններով: Բարում նրանց անվճար տաղավարներ տրամադրելով՝ ցանկանում է նպաստել նրանց գործի զարգացմանը. «Մենք ուզում ենք, որ երիտասարդները գան այստեղ, հանգիստ վաճառեն իրենց ապրանքները: Սովորաբար, «Կալյումե»-ում ցուցահանդեսներ չեն կազմակերպվում: Բացի այս երկու ցուցահանդեսներից՝ մի անգամ էլ ունեցել ենք լուսանկարչական ցուցահանդես, բայց դա շատ վաղուց էր»:

Մասնակից երիտասարդները մոտ ապագայի ծրագրեր դեռ չեն կազմել, սակայն ցանկանում են իրենց աշխատանքները մարզերում ևս ներկայացնել:

 

Նելլի Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել