«Հարրի Փոթեր». Ջոան Ռոուլինգի հաջողության պատմությունը

«Հարրի Փոթեր». Ջոան Ռոուլինգի հաջողության պատմությունը

2200

Ասում են՝ աշխարհում ամեն 30 վայրկյանը մեկ որևէ մեկը սկսում է կարդալ «Հարրի Փոթեր», այն երկրորդ ամենաընթերցվող գիրքն է՝ «Աստվածաշնչից» հետո, իսկ գրքի հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը աշխարհում միակ գրողն է, որը, գիրք գրելով, դարձել է միլիարդատեր։

This image has an empty alt attribute; its file name is 116372133_293427728561972_5813510010700362565_n.jpg

Հուլիսի 31-ը Ջոան Ռոուլինգի և իր ստեղծած ամենասիրելի հերոսի, բոլոր ժամանակների ամենահզոր հրաշագործի՝ Հարրի Փոթերի ծննդյան օրն է։ Իհարկե, դժվար է հավատալը, որ Հարրի Փոթերն այսօր 40 տարեկան տղամարդ է:
Ըստ Ռոուլինգի՝ նույն օրը ծնվելը իր և Հարրիի միակ նմանությունն է, նա իրեն ավելի շատ նմանեցնում է գրաշարի մյուս ամենասիրելի հերոսի՝ Հերմիոնայի հետ։

Իսկ ինչպե՞ս ստեղծվեց այս բոլոր իմաստներով ֆանտաստիկ գիրքը։ «Ես ստեղծեցի Հարրի Փոթերը, որովհետև մայրս մահացավ, ես նրան շատ էի սիրում, իսկ նա մահացավ…»,-մի առիթով ասել է Ջոան Ռոուլինգը։ Գրաշարը բաղկացած է յոթ մասից, սակայն մինչև վերջին մասը գրելը հեղինակը հստակ գիտեր, թե ինչ է լինելու վերջում։

Նա վերջին գլուխը նախապես սևագրել էր ու պահել փակի տակ և գաղտնիքը չէր ասել նույնիսկ ամուսնուն։ «Հարրի Փոթերը» պատմում է մի տասնմեկամյա տղայի մասին, որը հրաշագործ ծնողներից ժառանգել է նրանց տաղանդը: Տղան մինչև տասնմեկ տարեկանը չի իմացել իր տաղանդի մասին, մինչև որ նրա հետևից է գալիս մոգության և հրաշագործության Հոգվարթս դպրոցի այգեպան Հագրիդն ու նրան ուղեկցում Մոգության աշխարհ, որտեղ Հարրին սկսում է սովորել, տիրապետել կախարդանքին, կառավարել վախը, մի խոսքով, այն ամենն, ինչ անկարող է անել սովորական մարդը։

Այստեղ նա նաև պայքարում է չարի դեմ, որին մարմնավորում է Լորդ Ոլդեմորթը։ «Հարրի Փոթերի» վերջին մասում նրան թվում է, թե սպանել է Հարրիին ու նրա մարմինն իբրև հաղթանակի ապացույց, շղթայակապ Հագրիդի ձեռքերի վրա բերում է Հոգվարթս։

«Այս դրվագը պատահական ընտրված չէ, այն խորհրդանշական է, Հագրիդն է Հարրիին ուղեկցել Կախարդանքի աշխարհ, նա էլ պետք է այնտեղից դուրս ուղեկցեր Հարրիին, չէ՞ որ բոլորը կարծում էին, թե նա մահացել է»,- ասում է Ջոան Ռոուլինգը։
Ի դեպ, Հոգվորթս դպրոցի կարգախոսն է “Draco dormiens nunquam titillandus,” որը նշանակում է՝ «երբեք մի արթնացրու քնած դրակոնին»։

«Հարրի Փոթերի» գաղափարը գրողի գլխում ծագել է հանկարծակի՝ գնացքում ու ձեռքի տակ չունենալով թուղթ, նա նշումներ է արել անձեռոցիկի վրա։ Գրաշարի առաջին մասի՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարի» վրա հեղինակը աշխատել է գրեթե հինգ տարի: Հետո այն ներկայացրել 12 հրատարակչության, սակայն գրեթե բոլորը հրաժարվել են տպել գիրքը՝ պատճառաբանելով, որ նմանատիպ գրքերը ոչ մեկի չեն հետաքրքրում, և գիրքը ոչ ոք չի կարդա։ Միայն 12-րդ հրատարակչությունն է համաձայնել տպել գիրքը՝ սահմանափակ քանակով՝ 1000 օրինակ։

Եվ երբ այդ հրատարակչությունը գիրքը հանել է վաճառքի, հաջորդ օրը գրախանութներում գրքից նույնիսկ մեկ օրինակ չի մնացել, բոլորը վաճառվել են։ Հենց նույն տարում՝ 1997-ին, գիրքը ճանաչվում է տարվա լավագույն մանկական գիրք։ Հաջորդ տարի՝ 1998-ին լույս է տեսնում գրաշարի երկրորդ մասը՝ «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը»:

Երկրորդ մասից հետո ամերիկյան հայտնի Worner Brosers կինոընկերությունը գնում է առաջին երկու գրքերի հիման վրա ֆիլմ նկարելու հեղինակային իրավունքը, իսկ հետո՝ հաջորդաբար լույս տեսնող գրքերի հիման վրա ֆիլմաշար ստեղծելու իրավունքը։

Երբ վիպաշարի երրորդ մասը՝ «Հարրի Փոթերն ու Ազկաբանի բանտարկյալը» հրատարակվեց, հրատարակիչ կազմակերպությունը խնդրեց գրախանութներին չվաճառել այն, մինչև արձակուրդների սկսվելը, որպեսզի աշակերտները դասերը չթողնեն:

Ջոանը Worner Brosers-ի հետ պայմանագիր է կնքում՝ իր կողմից առաջադրելով մի քանի պայմաններ, որոնց մեջ առաջնային էր բոլոր գլխավոր դերակատարների Մեծ Բրիտանիայից լինելը։ Այսպիսով՝ ամիսներ տևած քասթինգի ավարտին ընտրվում է մեր սիրելի և բոլոր ժամանակների լավագույն, ընկերներից բաղկացած եռյակը՝ Դենիել Ռեդքլիֆը՝ Հարրիի, Ռուպերտ Գրինթը՝ Ռոնի և Էմմա Վաթսոնը՝ Հերմիոնայի դերի համար։

Ջոանը պատմում է, որ մի օր տուն է վերադարձել բարկացած և վատ տրամադրությամբ, մի ամբողջ գլուխ գրել ու սպանել Ռոնին, սակայն հաջորդ օրը ջնջել է ամբողջ գլուխը, որովհետև ի սկզբանե որոշել էր, որ լավագույն եռյակը ապրելու է մինչև վերջ։

Նա միայն մտափոխվել է Ռոնի և Հերմիոնայի հարաբերությունների հարցում, որովհետև միշտ կարծել է, որ նրանք ավելի հասուն տարիքում իրար տանել չէին կարողանալու, քանի որ Հերմիոնան շատ լուրջ էր, խոհեմ և խելացի, իսկ Ռոնը՝ նրա հակապատկերը, բայց արի ու տես՝ նրանք հիմա մոգության աշխարհի ամենասիրելի զույգերից են։

«Հարրի Փոթերում» անմասն չեն մնացել նաև լրագրողները: Այստեղ կա մի լրագրող՝ Ռիտա Սկիտերը, որը գրում է Մարգարեի օրաթերթի համար և չնայած հաճախ ապատեղեկատվություն է տարածում՝ վիպաշարի հետաքրքիր կերպարներից է։ Նա դուրս է գալիս մոգության աշխարհից ու սկսում մարդկանց պատմել այդ աշխարհի մասին։ Հաճախ երկրպագուներն ասում են, որ Ռիտա Սկիտերը հենց Ջոան Ռոուլինգն է, քանի որ հնարավոր չէ նկարագրել այդքան կատարյալ մոգական աշխարհը՝ առանց այն տեսնելու։

Հետաքրքիր է, որ ֆիլմաշարի հերոսներից ոչ մեկը նախօրոք չի իմացել իր կերպարի ճակատագիրը, բացի մեկից՝ Ալան Ռիքմանից, ով կերտում էր Հոգվարթսի ամենախարիզմատիկ պրոֆեսորներից մեկի՝ Սևերուս Սնեյփի դերը։ Ասում են՝ դա է պատճառը, որ Ալան Ռիքմանը Սնեյփի կերպարն այդքան կատարյալ և իրական է կերտել։

Հետաքրքիր է, որ փոփի արքա Մայքլ Ջեքսոնը ցանկացել է մյուզիքլ ստեղծել «Հարրի Փոթեր» վիպաշարի հիման վրա, բայց Ռոուլինգը մերժել է այդ առաջարկը: Վիպաշարը ոչ միայն փառք ու ճանաչում բերեց հեղինակին, այլև օգնեց նրան դուրս գալ տարիներ շարունակ իրեն տանջող ընկճախտից ու դեպրեսիայից։

Դեպրեսիայից են ծնվել դեմենտորները, որոնք սնվում են մարդկային հույզերով և ուրախությամբ, իսկ հոգում դատարկություն են թողնում: Իրականում, «Հարրի Փոթերում» ես ամենաշատը հենց դեմենտորներին չեմ սիրում։

Այժմ «Հարրի Փոթերը» համարվում է աշխարհի ամենաթանկ բրենդներից մեկը։ Որոշ համալսարաններ «Հարրի Փոթերի» մասին պատմող առարկաներ են ընդգրկել իրենց ուսումնական ծրագրերում։ 2003 թվականին վիպաշարից հայտնի “Muggle” բառն ընդգրկվել է Օքսֆորդի անգլերեն բառարանում, այն նշանակում է կախարդանքի չտիրապետող, հասարակ մարդ:

Գրքում և ֆիլմում հաճախ կարելի է հանդիպել երկրաչափական պատկերներից կազմված մի նշանի, որին անվանում են «Մահվան պարգևների» նշան: Այն բաղկացած է երեք մասից՝ եռանկյունը, որը խորհրդանշում է անտեսանելիության թիկնոցը, շրջանագիծը, որը խորհրդանշում է վերակենդանացնող քարը և ուղիղ գիծը, որը խորհրդանշում է ավագ փայտիկը՝ աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը: Դրանք միասին դառնում են մահվան պարգևները, միասին մարդուն դարձնում են մահվան տիրակալ։ Կոչվում են մահվան պարգևներ, որովհետև երեք հրաշագործ եղբայրներին է նվիրել հենց ինքը՝ մահը։

This image has an empty alt attribute; its file name is 116414461_657671338431159_3539253664474074977_n.jpg

Վիպաշարի ամենահայտնի խաղը «Քվիդիչն» է, որի ժամանակ ցախավելներին նստած խաղացողները, գնդակները միմյանց փոխանցելով, պետք է նետեն հակառակ թիմի դարպասապահի պաշտպանած երեք օղակներից որևէ մեկի մեջ, և ամենափոքր ոսկյա գնդակը՝ Սնիչը, որսացող թիմը կվաստակի 150 միավոր ու կդառա հաղթող։

«Քվիդիչ» խաղին հարմար անուն գտնելու համար Ռոուլինգը 5 տետր է օգտագործել, որոնց մեջ գրել է «ք» տառով սկսվող հարյուրավոր բառեր, մինչև որ կանգ է առել «Քվիդիչ» տարբերակի վրա։ Նրա շնորհիվ՝ «Քվիդիչն» այսօր իրական խաղ է դարձել: Մի շարք համալսարաններ «Քվիդիչի» թիմեր ունեն և նույնիսկ գոյություն ունի «Քվիդիչի» աշխարհի գավաթի առաջնություն, սակայն, ցավոք սրտի, այդ խաղի ժամանակ ցախավելով թռչել հնարավոր չէ։

Շատերի կարծիքով՝ «Հարրի Փոթերը» կապույտ աչքերով, կլոր ակնոցով ու սպին ճակատին մի տղայի մասին է, ով թափահարում է փայտիկը ու հրաշագործություն անում, ով անցնում է պատի միջով, նստում կառամատույց համար 9 և 3/4-ի գնացքը ու հայտնվում կախարդանքի ու մոգության աշխարհում։
««Հարրի Փոթերը» մահվան մասին է, այն սկսվում է Հարրիի ծնողների՝ Լիլիի ու Ջեյմսի մահով, ավարտվում՝ Լորդ Ոլդեմորթի մահով»,- ասում է Ջոան Ռոուլինգը։

Իմ կարծիքով՝ Հարրին միայն մահվան մասին չէ, սա կյանքի, սիրո, հումորի, ընկերության, համախմբվածության, երազելու կարողության մասին է, սա Ջոան Ռոուլինգի հաջողության պատմությունն է, նրա անսահման երևակայության նկարագիրն է, որի թերևս լավագույն օրինակներից մեկը սա է՝ T¹O²M³ M⁴A⁵R⁶V⁷O⁸L⁹O¹⁰ R¹¹I¹²D¹³D¹⁴L¹⁵E¹⁶, եթե տառերը ըստ թվերի շարենք այսպես`12.5.3.9.2.6.13.7.8.15.14.16.4.10.6.11.1 կստացվի՝ I AM LORD VOLDEMORT։

Հարրին մեր մանկությունն է ու նաև որոշներիս կյանքի անբաժան մասը։ Մոգության և հրաշագործության դպրոց Հոգվարթսը իր ուսանողներին նամակ է ուղարկում, երբ լրանում է նրանց 11 տարին, չնայած իմ նամակն արդեն 8 տարի է, ինձ չի հասնում, բայց ես դեռ սրտի թրթիռով սպասում եմ։ Երբեք մի արթնացրու քնած դրակոնին։

Հեղինակ՝ Դիանա Պետրոսյան

Կիսվել