ԿԱՅԱՑԱՎ «24 ԱԿՆԹԱՐԹ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ԿԱՅԱՑԱՎ «24 ԱԿՆԹԱՐԹ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

1984

Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի 24-րդ ֆոտոխմբակի «24 ակնթարթ» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում: Ցուցահանդեսի մասնակիցներն անցել են եռամսյա դասընթացներ և արդեն կարողանում են լուսանկարչի աչքով տեսնել ու արձանագրել իրականությունը, և, ինչպես իրենք են ասում, խոսում են պատկերի լեզվով:

«Հերթական խմբակային ցուցահանդեսն ենք կազմակերպել: Այն կոչվում է«24 ակնթարթ»: «Որսա ակնթարթ» գաղափարն ենք օգտագործում: 24-ը մեր խմբի թիվն է: Այսինքն՝ սա իմ 24-րդ խումբն է, որ կազմակերպում է ցուցահանդես, այդ պատճառով ցուցահանդեսը անվանեցինք «24 ակնթարթ»: Մասնակցում է 15 հեղինակ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է 5 աշխատանք: Ներկայացված են բազմաժանր լուսանկարներ՝ նատյուրմորտ, դիմանկար, բնանկար: Ամեն հեղինակ իր ասելիքը, իր աշխարհընկալումն է փորձում մատուցել հանդիսատեսին, և ամեն հեղինակ ինքն է ընտրել իր ժանրը: Կա հեղինակ, որ ներկայացրել է միայն բնանկարներ, հեղինակ էլ կա ներկայացրել է բազմաժանր աշխատանքներ»,- իրենց նախաձեռնության մասին պատմեց Ս. Վիրաբյանը:

Զրուցեցինք նաև մասնակիցներից Կարինեի և Նարեկի հետ.

«Ցուցահանդեսին ներկայացրել եմ 4 բնանկար և 1 դիմանկար: Ինձ ավելի շատ դուր են գալիս այն նկարները, որոնցում պատմություն և ասելիք կա»,- ասաց Նարեկը:

«Այսօր ցուցահանդեսին ես ներկայացնում եմ 5 բնանկար: Կարող եմ ասել, որ ինձ ամենահոգեհարազատ լուսանկարը «Միայնակ ծառ»բնանկարն է: Այն բնորոշում է իմ հոգեվիճակը, իմ ապրումները և կարող եմ ասել, որ ես մեծ կապվածություն եմ զգում հենց այդ լուսանկարի հետ: Իսկ մնացածը հիմնականում բնանկարներ են մարդու և բնության նեդաշնակության մասին»,- ներկայացրեցԿարինեն:

Ցուցահանդեսի այցելուների կարծիքներն ու տպավորությունները լուսանկարների մասին բավականին տարբեր էին ու հետաքրքիր.

«Ցուցահանդեսի բոլոր նկարները նայել եմ, բոլորն էլ շատ խորիմաստ էին, սակայն ավելի շատ մտածելու տեղիք տվեց Սևակ Համբարձումյանի «Բնությունը ափի մեջ» լուսանկարը: Այն ինձ հիշեցնում է միայնություն: Երբ դու շրջապատված ես շատ մարդկանցով, բայց հոգու խորքում միայնակ ես»,- կարծիք հայտնեց Լոլան:

«Ցուցահանդեսի մասնակից Կարենի նկարներից շատ եմ հավանում «Չարենցի կամարը», քանի որ ես Չարենցի սիրահար եմ, իսկ լուսանկարը հետաքրքիր է արված: Շատ եմ հավանել նաև Գևորգի Նռով, կուժով և ցորենի հատիկով լուսանկարը: Եվ պետք է ասեմ, որ ընդհանուր ցուցահանդեսից ամենաշատը հենց այս լուսանկարն եմ հավանել, քանի որ այն հայկական սիմվոլիկ լուսնակար է և շատ գովելի».-ասաց Մկրտիչը :

«Գովելի է այսպիսի ցուցահանդեսների կազմակերպումը: Տեսնում ենք, թե ինչպես է լուսանկարչությունը զարգանում Հայաստանում, և շատ գովելի է, որ լուսանկարների հեղինակները երիտասարդներ են, այսինքն՝ նրանք կշարունակեն զբաղվել լուսանկարչությամբ, կատարելագործվել և լուսանկարչության մակարդակը Հայաստանում է՛լ ավելի բարձրացնել, դարձնել մրցունակ արդեն միջազգային հարթակներում»,- ասաց Գայանեն:

 

Մարիաննա Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել