ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 2-ին պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ։
Եկեղեցին կառուցվել է 2013թ-ին՝ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի և համալսարանի անձնակազմի նախաձեռնությամբ: Շինարարությունն ընդհատվել էր, սակայն 2020թ-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրահանգով եկեղեցու կառուցման աշխատանքները վերսկսվել են ու հասցվել ավարտին:
ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ և առաջնորդությամբ սրբալույս մյուռոնով օծվեցին եկեղեցու խաչը, զանգը, սուրբ սեղանն ու մկրտության ավազանը:
ԶՈՒ հոգևոր առաջնորդն օրհնանքի խոսք ասաց և բարեմաղթեց նորանոր ձեռքբերումներ հայ ժողովրդի հոգևոր և ազգային արժեքների պահպանության սուրբ գործում: Այսուհետ ռազմական համալսարանի տարածքում կգործի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որտեղ աղոթք կբարձրացվի սպաների, կուրսանտների, համար, կկատարվեն եկեղեցու սուրբ խորհուրդները, պատարագներ, մկրտություններ և այլն: