ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՇՈՒՆՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՇՈՒՆՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1852

Գերմանիայում Ամանորն ու Սուրբ Ծննդյան տոներն անչափ գեղեցիկ են անցկացվում: Հրավառություններ, զվարճալի խաղեր, նվերներ, տոնավաճառներ.  այս ամենը, անշուշտ, կգտնենք նաև Հայաստանում, սակայն գերմանական տոներին յուրահատկություն են հաղորդում մի քիչ տարօրինակ թվացող, բայց անչափ հետաքրքիր ու զվարճալի ավանդույթները և, իհարկե, Նիկոլաուսը:

Դեկտեմբերի 2-ին գերմանական հեքիաթային տոներից մի փոքրիկ մաս տեղափոխվել  էր Հայաստան: Գերմանիայի դեսպանատունը իր դռներն էր բացել  բոլորի առջև և հյուրընկալել գերմանական մշակույթով ու ավանդույթներով հետաքրքրվողներին: Ստեղծված ջերմ մթնոլորտի շնորհիվ քեզ զգում էիր ինչպես Գերմանիայում:

Պատրաստված 20 տաղավարներում գործում էր ցուցահանդես-վաճառք, որի ժամանակ հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու մանկական պունշ, գլյուվայն, թյուրինգյան բրաթվուրսթ և էլի շատ համեղ գերմանական ուտելիքներ ու ըմպելիքներ:

Դեսպան Քիսլերը ողջույնի խոսքով հանդես եկավ և առաջին հերթին շնորհակալություն հայտնեց, նրան, ով  հոգացել է այս հրաշալի եղանակի համար, ինչպես նաև դեսպանության անձնակազմին ու բոլոր հասարակական կազմակերպություններին, անհատներին, ովքեր մասնակից  եղան տոնավաճառի կազմակերպմանը:

Սուրբ Ծննդյան տոնավաճառի հասույթը նվիրվեց Գյումրիի «Ագաթե» հասարակական կազմակերպությանը:

Տոնավաճառի ընթացքում հանդես եկավ Երևանի կանանց միջազգային ասոցիացիայի երգչախումբը, իսկ վերջում մանուկներին իր նվերներով ուրախացնելու էր եկել Նիկոլաուսը:

Լիանա Բրյան

2-րդ կուրս

Կիսվել