Արևելագետ Արմեն Պետրոսյանը Journalist.am-ին հայտնեց, որ Բեյրութում երեկվա տեղի ունեցած պայթյունի շուրջ շրջանառվող երկու վարկած կա։ Առաջինը արտաքին միջամտության վարկածն է, սակայն այս դեպքում արևելագետը բացառում է Իսրայելի մասնակցությունը։
«Արտաքին վարկածը բացառվում է, որի դեպքում հիմնական կասկածյալը Իսրայելն է։ Նա ի սկզբանե հերքեց նման միջամտությունը, և նույնիսկ ամենաառաջիներից էր, որ ցավակցություն և աջակցություն հայտնեց Լիբանանին»,-ասաց արևելագետը։
Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ավելի հավանական է ներքին անփութության վարկածը, որը առաջ են քաշել Լիբանանի իշխանությունները։
«Ինձ համար հիմնական և իրական վարկածը Լիբանանի իշխանությունների ներկայացրած տեսակետն է, որ պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստի պահեստներից մեկում արձանագրված էլեկտրական խաբանման հետևանքով։ Ապա առաջացած հրդեհը տարածվել է նաև նիտրատի մեծածավալ պաշարներ պարունակող պահեստ, և որի պայթյունի հետևանքով էլ արձանագրվել են այս մեծածավալ կորուստները»,-նշեց Արմեն Պետրոսյանը։
Արևելագետի խոսքով՝ հետագայում հնարավոր են նաև քաղաքական հետևանքներ։
«Պայթյունի պատճառով առաջացած խնդիրները որոշակի առումով նաև ավելի են խորացնելու հատկապես անցած տարվա հոկտեմբեր ամսից Լիբանանում խոշոր քաղաքական, սոցիալ-տնտեսական, իսկ ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներից նաև առողջապահական ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ նիտրատի պահեսները, որտեղ արձանագրվել է պայթյունը, առգրավված են եղել դեռևս նախկին իշխանությունների ժամանակ»,-ընդգծեց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ պայթյունը իր հետևանքներով, ավելի է խորացնելու երկրում տիրող ներկա ճգնաժամը, որն ուղղակի ազդեցություն է ունենալու նաև լիբանանահայության վրա։
«Այս համատեքստում կարելի է դիտարկել, որ, անշուշտ, պայթյունը որոշակի ազդեցություն կունենա նաև գաղութը լքել ցանկացող առանձին ներկայացուցիչների տրամադրությունների վրա»,-ասաց արևելագետը։
Հեղինակ՝ Անի Թամրազյան