Բեյրութահայ Աննա Մարիան Journalist.am-ին պատմեց, որ պայթյունի ժամանակ դրսում է եղել, իր ընկերների հետ։
«Փողոցով զբոսնում էինք, երբ նկատեցինք, որ երկնքում կարմիր ծուխ է տարածվում։ Սկզբում չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, ավելի ուշ ասացին, որ այդ գազերի մեջ առկա է ամոնիակի թթու, որը վտանգավոր է մեր առողջության համար»,- ասաց Աննա Մարիան։
Բեյրութի կառավարությունը քաղաքացիներին արգելել է երեք օր տանից դուրս գալ, քանի որ օդը հեղեղված է քաղցկեղ առաջացնող գազերով։ Աննա Մարիան պատմեց, որ պայթյունի հետևանքով տուժածներ շատ կան. «Վիրավորներն այնքան շատ են, որ հիվանդանոցներում տեղ չկա։ Կառավարությունը ժամանակավորապես բացել է դպրոցներն ու հասարակական վայրերը՝ վիրավորներին սպասարկելու համար»,- նշեց նա։
Իսկ բեյրութահայ Մարինան էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պայթյունից տուժել է իրենց տունը.
«Պայթյունից վնասվել է տունը, պատուհանները փշրվել են, դռները այլևս չեն բացվում, իսկ տանիքը փլուզվել է՝ ավերելով սենյակներից մեկը։ Չգիտենք՝ ֆինանասական աջակցություն կունենանք, թե՝ ոչ, մարմնական վնասվածքներ, փառք Աստծո, չունենք»,- ասաց նա:
Պայթյունների հետևանքով փլուզվել է նավահանգիստը, ինչի պատճառով Լիբանանում որոշ ճամանակ առևտուր չի կարող լինել։
Հեղինակ՝ Աննա Ասմանգուլյան