Ռիսկային հաստատություններում մեկ դեպք հայտնաբերելու պարագայում բոլորին հետազոտում ենք. Արսեն Թորոսյան

Ռիսկային հաստատություններում մեկ դեպք հայտնաբերելու պարագայում բոլորին հետազոտում ենք. Արսեն Թորոսյան

416

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրել է, որ թեստավորման ծավալները պահվելու են այնպիսի մակարդակում, որպեսզի հայտնաբերված դեպքերը կազմեն թեստավորման դեպքերի 10%-ը։
«Մենք դժբախտաբար ունեցել ենք ժամանակ, երբ 30%-ից ավել ենք ունեցել, սակայն դրանից հետո կայուն անկում ունենք մինչև 15%։ Հույս ունենք, որ կիջնենք և կհասնենք այդ 10%-ին»,-ասել է նախարարը։
Արսեն Թորոսյանը նշել է, որ դրան հասնելու համար թեստավորման հարցում մարտավարական փոփոխություն կլինի։
«Ռիսկային հաստատություններում՝ սուպերմարկետներում, ֆաբրիկաներում, փակ հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում, բանկերում վարակի մեկ դեպք հայտնաբերելու պարագայում չենք սպասում, որ մյուսների մոտ սիմպտոմներ ի հայտ գան՝ բոլորին թեստավորում ենք»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Նախարարը նաև նշել է, որ վերջին մի քանի օրվա մեջ հետազոտել են հոգեկան առողջության կենտրոններից մեկը, որտեղ 350 հոգուց 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք ընդհանրապես սիմպտոմ չեն ունեցել։ Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև բժշկական ցուցումներով դիմելիությունը նվազմանը։
«Եթե մենք առաջ ունեինք ցուցանիշ, որ 38,5 ջերմություն ունեցող քաղաքացիներին էինք միայն հետազոտում, հետո ցուցանիշը իջեցրինք 37,5-ի, ապա այսօր դիմելիությունը ավելի քիչ է։ Սակայն թեստերը փորձելու ենք պահել 1500-2000-ի շրջանակներում, որպեսզի ոչ մի թաքնված դեպք բաց չթողնենք»,- ընդգծել է նախարարը։

Կիսվել