ՖԻՆՆՈՒՀԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԱՆՆԱ-ԼԵԱ ԿՈՊՊԵՐԻ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՖԻՆՆՈՒՀԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԱՆՆԱ-ԼԵԱ ԿՈՊՊԵՐԻ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ

1803

Հայաստանում և Ֆինլանդիայում կանայք տարբեր պատկերացումներ ունեն մայրության վերաբերյալ: Հենց այս տարբերությունն առիթ հանդիսացավ ֆինն ժամանակակից արվեստագետ Աննա-Լեա Կոպպերիի համար՝ նկարելու իր «Մայր Հայաստան» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի ցուցադրություն-քննարկումը կայացավ դեկտեմբերի 17-ին Մուշեղ և Զուլում Գրիգորյանների ցուցասրահում: Այն ուղեկցվեց հեղինակի ՝ «Մտորումներ զավակի և ծնողի շուրջ» տեքստերի համադրությամբ, ջրաներկ աշխատանքների ցուցադրությամբ: Արվեստագետը թեմայի ընտրությունը բացատրեց այսպես. «Կարծում եմ՝ հասարակության մեջ կանանց դերը Հայաստանում և Ֆինլանդիայում տարբեր է: Ֆինլանդիայում կանայք ավելի շատ իրավունքներ ունեն, նրանք հավասար են տղամարդկանց հետ, օրինակ՝ աշխատանքում: Ինձ համար հետաքրքիր էր հարցազրույց վերցնել հայ մայրերից և պարզել, թե ո՞վ է լավ մայրը ըստ նրանց: Ֆինլանդիայում մայրերը շատ ինքնաքննադատ են, նրանք իրենց բավական լավը չեն համարում, քանի որ շատ են աշխատում և իրենց երեխաներին շատ ժամանակ չեն հատկացնում: Հայաստանում հակառակն էր, բոլոր կանայք ասում էին, որ յուրաքանչյուր կին լավ մայր է: Ես շատ զարմացած էի նրանց ինքնավստահության վրա»:

Վավերագրական ֆիլմում հայ մայրերը պատմում են երեխաներ դաստիարակելու, մեծացնելու դժվարությունների և ուրախությունների մասին: Հերոսներն իրենց ընտանիքին և երեխաներին նվիրված մայրեր են, ովքեր խոսում են մայրության վերաբերյալ իրենց պատկերացումների մասին: Ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին Մաշտոցի պուրակում: Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, անդրադառնալով ֆիլմին, նշեց. «Երբ ծնողը գերհոգատարություն է ցուցաբերում երեխայի նկատմամբ, նրա համար վիրավորանք է երեխայի ինքնուրույնության ձգտումը: Գերհոգատարությամբ մայրերը լրացնում են այն բացերը, որոնք իրենք չունեն իրենց անձնական, հասարակական կյանքում: Նրանք կարծես թե պատսպարվում են իրենց երեխաներով, իրենց մայրությունը դարձնում դրոշ և անկեղծ չեն լինում իրենք իրենց հետ: Այսինքն՝ երեխան անուղղակի կերպով դառնում է մոր զոհը, զրկվում ինքնուրույնությունից»:

Ցուցադրված ջրաներկով աշխատանքներն ուղեկցվում էին հեղինակի մտորումներով.

«Երբեք ուշ չէ սկսել ձևավորել ինքնագնահատականդ, վերցնել երեխային ձեռքերիդ մեջ ու նայել նրան»:

«Երեխայի ծննդից հետո է՞լ ես զգում, թե ինչպես և դեպի ուր է նա շարժվում»:

«Ավելի իմաստուն կվարվես, եթե ընտրես վերաբերմունքդ երևույթների նկատմամբ և թույլ չտաս, որ հանգամանքները փոխեն քեզ»:

«Երջանկությունը ներսից է աճում. Ուշադիր եղիր՝ ի՞նչ ես թույլ տալիս, որ մարսվի քո ներսում»:

«Կարո՞ղ ես արդյոք հոգ տանել զավակիդ մասին, եթե չես կարողանում հոգ տանել ինքդ քո մասին»:

«Եթե սխալմամբ ես ծնվել, ապա դա մի արտակարգ լավ սխալ է»:

Աննա-Լեա Կոպպերին արդեն չորս տարի ապրում և ստեղծագործում է Հայաստանում: Նա ստեղծում է ինստալացիաներ, քանդակներ, կազմակերպում հանրային ակցիաներ և հայտնի է իր ինտերակտիվ բնույթի բնապահպանական գործերով: Նրա հայաստանյան նախագծերից է նաև 2012-ին ցուցադրված «Լեռն իմ գլխում» գեղարվեստական ծրագիրը: Շուրջ երեք տասնյակ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հնդկաստանում, Գերմանիայում, Նորվեգիայում, Լիտվայում և այլուր:

 

Նանե Պետրոսյան

2-րդ կուրս


Լուսանկարը` Պոլ Բրյուքի

Լուսանկարը` Արթուր Սախկալյան

 

Կիսվել